ԱՐՏԱՀԵՐԹԻ ԲԱՑԱՌՈՒՄԻՑ ԱՆԱԿՆԿԱԼ՝ «ԻՄ ՔԱՅԼՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Իմ քայլը» խմբակցության հավաքից, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հանդիպումը եղել է Աղվերանում՝ «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: Խմբակցության շատ անդամներ այնտեղ են եղել շաբաթ օրվանից։ Նիկոլ Փաշինյանը Աղվերան է ժամանել կիրակի՝ առավոտյան 10-ին, եւ մնացել մինչեւ երեկո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են եղել խմբակցության պատգամավորները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Մխիթար Հայրապետյանի: Ուշագրավ է, որ Աղվերանում երկօրյա հանգստի եւ հավաքի համար ֆինանսավորել է Եվրոպայի խորհուրդը՝ պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ. հենց  նա է հասել ֆինանսավորման։ Եվրոպական ֆինանսավորմամբ «գրանտային ծրագրի» շրջանակներում իշխող խմբակցության շատ անդամներ, որոնք շաբաթ օրը անցկացրել են Աղվերանում, քննարկել են ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ հաջորդ օրը՝ կիրակի, վարչապետը միացել է պատգամավորներին, նրան ուղղվել են ամենատարբեր հարցերը՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Հետաքրքիր է, որ երբ բարձրաձայնել են, թե պետք է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, վարչապետը փակագծեր է բացել եւ ասել, թե այդ դեպքում կարող են առաջ քաշվել հարցեր, եւ իրենց առջեւ այնպիսի պայմաններ կարող են դրվել, որոնք չեն կարողանա իրականացնել: «Հարցեր են, որոնք պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։ Քննարկման ժամանակ առանձնահատուկ տեղ է տրվել բանակաշինության, Սյունիքի սահմանների վերաբերյալ հարցերին, եւ ներկաները հետաքրքրվել են, թե ինչպես է պաշտպանվելու հայրենիքը կոտրված բանակով։ Եվ, ահա, այս բազմապիսի հարցերից հետո Նիկոլ Փաշինյանն է հարց տվել ներկաներին եւ հետաքրքրվել, թե արդյոք իրենց իշխանությունն այժմ հարգանք վայելում է, թե ոչ: Եվ այդ հարցից հետո, օրինակ, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սուրեն Գրիգորյանը եւ այլք հայտարարել են, թե իշխանությունները որեւէ խնդիր չունեն, եւ ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա, եւ կարելի է չգնալ դրան: Ներկաներից միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, թե իրենց ռեստարտ է պետք, եւ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Սակայն այս ամենը եղել է միայն քննարկումների մակարդակով, եւ վերջնական որոշում չի կայացվել: Եվ, ահա, ուշագրավ է, որ միայն վարչապետի՝ Երեւան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, եւ շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են:

 

 

 

 

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:  Իսկ 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով: Այս օրենքների դրույթները համադրելով՝ «ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ իրավիճակ բացահայտեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դարձյալ խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը։ Բանն այն է, որ այս տարվա հունվարի 21-ին խորհրդարանում իր առաջին նիստն է գումարել նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, սակայն հանձնաժողովը ստեղծվել է հուլիսի 2-ին: Ու եթե համադրենք «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդվածի դրույթները, ապա ստացվում է, որ այդ կորոնավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստը կայացել է կանոնակարգի խախտմամբ, այսինքն՝  այն օրը, երբ լրացած է եղել գործունեության համար սահմանված վեց ամիսը։ Այսինքն՝ հունվարին ԱԺ նախագահը ստորագրել Է հանձնաժողովին առնչվող փաստաթուղթ, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է:  Բայց սա, հիշեցնենք, առաջին դեպքը չէ, երբ խախտվում են «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները, կամ դրանք չեն պահպանվում։ Իսկ նույն կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովում է ԱԺ նախագահը, տվյալ դեպքում՝ Արարատ Միրզոյանը, սակայն հենց նրա աշխատանքի արդյունքում ենք այսպիսի իրավիճակի ականատես լինում, քանի որ նրա կողմից հանձնաժողովի կազմը հաստատվեց միայն անցած ամիս, որից հետո էլ հնարավոր եղավ լիազորությունների ժամկետն ավարտված հանձնաժողովի գործունեությունը։ Սա Արարատ Միրզոյանի թերի աշխատանքի օրինակներից մեկն է:

 

 

 

 

Առաջիկա ամիսներին թեժ աշխատանք է սպասվում նաեւ Սահմանադրական դատարանում: Բանն այն է, որ մի քանի նիստեր կան եւ հարցերի քննարկումներ, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում:  Նախ՝ փետրվարի 17-ին Սահմանադրական դատարանը բանավոր կերպով քննելու է ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վերջիններս վիճարկում են տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։ Հենց դրանց արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին, եւ նրանք ուղարկվեցին թոշակի։  Դատական օրենսգրքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը կքննարկվի արդեն մարտի 16-ին: Արդեն ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը քննելու է պատգամավորների 1/5-րդի դիմումը, որով նրանք  որոշելու են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:  Ազգային ժողովում նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող խմբակցությունը, եւ որոշումը ընդունված էր, սակայն դեռ հարցի սահմանադրականությունը պետք է վիճարկվի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 850 մլրդ 96 մլն դրամ, ինչը, 2019-ի համեմատ, ավելացել է 1.5 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 383 մլրդ 850 մլն դրամ, այն 2018 թվականի ցուցանիշից ավել է 2.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 435 մլրդ 461 մլն 600 հազար դրամ, ինչը, 2018-ի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է 0.2 տոկոսով: Չնայած գյուղատնտեսության ոլորտի՝ ՎԿ-ի արձանագրած աճերին՝ այս տարի Հայաստանն ունենալու է անասնակերի խնդիր: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանի սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով ընթացիկ տարում ունենալու ենք անասնակերի ապահովման խնդիր: Բացի այս, տեղեկացնենք, որ 2019 թվականին, պաշտոնական տվյալներով, Արցախում հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա, եւ Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն, բայց ռազմական գործողությունների  հետեւանքով Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ ընթացիկ տարում հնարավոր չի լինի Արցախից Հայաստան հացահատիկ ներմուծել:

 




Լրահոս