Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք հանրության հետ քննարկումներ, հանդիպումներ են ունեցել, ինչպես նաեւ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներից պարզ է դարձել, որ հանրության լայն շրջանակները արտահերթ ընտրության պահանջ չեն ներկայացրել: Մեր զրուցակցի կարծիքով՝ իրենք որեւէ կերպ չեն վախենում իշխանությունը կորցնելուց, իրենց համար հստակ է, որ իշխանությունը լեգիտիմ է ու պետք է մնա իր «պոստում»:
-Պարո՛ն Զեյնալյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել, որտեղ Նիկոլ Փաշինյանը եւս ներկա է գտնվել: Դուք ներկա գտնվե՞լ եք նիստին:
-Այո:
-Օրակարգում քննարկվել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եւ հայտարարություն տարածվեց, որ իշխանությունը մերժում է արտահերթ ընտրությունները: Դուք կո՞ղմ էիք:
-Վարչապետը, նախ, մինչեւ այս հայտարարեց, որ խորհդակցություններ է սկսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ: Այսինքն՝ եթե քաղաքական ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը, եւ իրենց միակ օրակարգը դա է, սա մեզ համար անընդունելի է, որովհետեւ ժողովուրդը պետք է քվե տա, ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է ՀՀ-ում իշխանության ղեկավար լինի: Վարչապետը սկսեց կոնսուլտացիաներ, եւ, ըստ էության, բոլոր քաղաքական ուժերը մերժեցին այս օրակարգը՝ սրանով հենց ընդունելով՝ ՀՀ լեգիտիմ իշխանությունն այժմ առկա է: Հաշվի առնելով նաեւ, որ արտահերթ ընտրությունների լայն, հասարակական պահանջ գոյություն չունի՝ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց առնվազն այն հայտարարության շրջանակներում, որ վարչապետն ասել էր՝ վեց ամսիս պետք է շարժվենք նախատեսված օրակարգով՝ ճանապարհային քարտեզով, եւ վեց ամիս հետո վերլուծենք ճանապարհային քարտեզի իրականացումը ու, ըստ այդմ, հասկանանք հետագա անելիքները: Այո, այս պահին մեր խմբակցությունը, ինչպես եւ հայտարարության մեջ էր նշված, արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում:
-Լայն շրջանակների հետ ինչպե՞ս եք քննարկումն իրականացրել, սոցհարցումնե՞ր եք իրականացրել, հանդիպումնե՞ր եք ունեցել: Ինչպե՞ս հասկացաք, որ հանրությունը չի ուզում արտահերթ ընտրություններ:
-Նախ՝ արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերի կողմից կազմակերպված ակցիաների մասնակցության մերժումը, կան նաեւ անցկացված սոցհարցումներ անկախ կազմակերպությունների կողմից, եւ մեր շփումները բնակչության հետ, մարզային այցելությունները: Այդ կարծիքը ձեւավորվել է այս ամենի արդյունքում:
-Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ ցանկանում է, որ արտահերթ ընտրություններ լինեն, բայց իրենք մերժում են ընտրությունների գնալը հենց վարչապետի գլխավորությամբ, այսինքն՝ իրենք ընտրությունների անցկացման գաղափարը երբեք չեն մերժել:
-Խորհրդարանական երկու ընդդիմադիր ֆրակցիաներ մերժել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը: Եվ որեւէ բովանդակային քննարկում այս ուղղությամբ չի ծավալվել՝ ժամկետների, ֆորմատի հետ կապված: Սա նշանակում է, որ իրենք ընդունում են, որ այսօրվա իշխանությունը լեգիտիմ է: Իրենք չեն տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք:
-Պարտված իշխանությունը պե՞տք է հեռանա: Դուք կարծում եք, որ այս իշխանությունն անփոխարինելի՞ է:
-Որեւէ իշխանություն անփոխարինելի չէ: Մեկ անգամ էլ կրկնեմ՝ ընտրությունների հետ կապված լայն հասարակական պահանջ չկա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«ԻՄ ՔԱՅԼԸ» ՆՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՈՒՆԻ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր քարտուղար ունի: Մեր տեղեկություններով՝ նոր քարտուղարն ավագանու անդամ Արմեն Գալջյանն է, որը կփոխարինի ներկայիս քարտուղար Հասմիկ Խաչունցին: Նկատենք՝ Գալջյանը 2017-2018թթ. աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավարի օգնական, այսինքն՝ եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը խորհրդարանում:
Ավագանու երկու անդամներն էլ մեզ հետ զրույցում հաստատեցին խմբակցության նոր քարտուղար ունենալու փաստը: «Աշխատանքիս բերումով այլեւս չեմ կարող շատ ժամանակ տրամադրել խմբակցությանը, դրա համար որոշեցի զիջել», – մեզ հետ զրույցում նշեց Հասմիկ Խաչունցը։ Իսկ Արմեն Գալջյանն էլ հայտնեց. «Այո, այդ հարցի վերաբերյալ կա խմբակցության որոշում»:
Սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գալջյանի փոխարեն խմբակցության քարտուղարի համար ի սկզբանե որոշված էր առաջադրել Նուարդ Վարդանյանին, որը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է եւ իր գործունեության ընթացքում աչքի էր ընկել «ականջ ծամելու» աղմկահարույց հայտարարությամբ: Սակայն ավագանու խմբակցության նիստի ժամանակ՝ վերջին պահին, Արմեն Գալջյանն ինքնաառաջադրվել է, իսկ ավագանու մեկ այլ անդամ Արմեն Կոտոլյանն էլ ավագանու անդամներին ասել է, թե Գալջյանը հանդիսանում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածուն, եւ հենց վերջինս պետք է լինի խմբակցության քարտուղարը: Եվ դրանից հետո է խմբակցությունը քվեարկություն արել եւ ընտրել հենց վերջինիս:
Այս հարցի վերաբերյալ էլ Արմեն Գալջյանը նշեց. «Եղել է քվեարկություն, որի արդյունքներով խմբակցությունը ինձ ընտրել է քարտուղարի պաշտոնում: Քննարկվել է երեք հոգու թեկնածություն։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել»։
Եվ, ահա, դրանից հետո, ըստ էության, Նուարդ Վարդանյանին չնեղացնելու համար որոշում է կայացվել նրան առաջադրել Երեւան քաղաքի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս հարցով քվեարկությունն էլ տեղի կունենա վաղը:
Ն.Հ.
ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել՝ նշելով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից հրաժարվելու 3 հիմնական պատճառ: «Առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի. դա պարզապես անհնար է։ Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։ Երրորդ՝ մտածում են՝ շարժումը մարել է, եւ մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա։ Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ չարաչար սխալվում են, քանի որ պոպուլիստ- դավաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, երկրորդը չի ստացվելու»,- գրել է Սաղաթելյանն ու հավելել, որ այժմ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել այս չարիքի իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց:
«Հենց այդ ժամանակ էլ «հպարտ դուխովները» իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը։ Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում: Հ.Գ. Իմիջիայլոց, ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ, ընդհակառակը, ներկայացրել են դրա պահանջը եւ անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձեւավորում, արտահերթ ընտրությունների անցկացում)»,- գրել է Իշխան Սաղաթելյանը:
ՇՐՋԱՆԱԿԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
Առաջիկայում սոցփաթեթի շահառու պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը կընդլայնվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաեւ այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ սոցիալական փաթեթը ներառում է հետեւյալ ծառայությունները.
1) հանգստի ապահովում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում,
2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, 3) ուսման վճար եւ այլն: