ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ անակնկալ կերպով հայտարարություն եղավ, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու: Բանն այն է, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարություն եղավ, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, եւ, ըստ այդմ, այն չի կայանա:

 

Նկատենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ ասելով, թե քաղաքական խորհրդակցություններ է սկսում: Նա, մասնավորապես, գրել էր. «Բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»: Նրանց հայտարարության մեջ ասվում էր. «Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին եւ կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։

Այս հայտարարությունից հետո նա արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու իր պատրաստակամության մասին մի քանի անգամ հայտարարել է նաեւ տարբեր հարթակներում, այդ թվում՝ խորհրդարանական ամբիոնից: «Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու իշխանության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ժողովուրդը, մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից ու լծակներից եւ իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն», – նշել էր նա:

Սակայն այս հայտարարություններից օրեր անց՝ փետրվարի 7-ին, իշխող խմբակցությունից այլ հայտարարություն ենք լսում: Այս հայտարարությունը շատերին հիշեցրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքը: Վերջինս 2014 թվայանի ապրիլի 10-ին հայտարարել էր, թե այլեւս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ամենն ասում է, որպեսզի հանձնաժողովն ազատ գործելու երաշխիք ունենա:

Եվ դրանից տարիներ հետո՝ 2018 թվականին, պարզ դարձավ, որ այդ խոստումը չի կատարվում, եւ Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնում, ապա ընտրվեց, որն էլ դարձավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման պայքարի հիմքը, եւ նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանի հեռացումը: Հանրապետականներն էլ բացատրում էին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:

Ինչ է ստացվում՝ այս ամենը համադրելով. կարծես թե, քաղաքականության մեջ ավանդույթ է խոստանալ ինչ-որ բան, սակայն չկատարել կամ կատարել ոչ ամբողջությամբ:

Ն.Հ.

 

 

 

ԿՈՉ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Սեյմասի (Լիտվայի խորհրդարան) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները հայտարարություն են արել, որով կոչ են անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Սեյմասում Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամներս, hղում անելով ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը՝ 2020 թ. վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը, կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը եւ վերադարձնել Հայաստան: Գերիների անհապաղ եւ առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի»։

 

 

 

ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կնշանակվի խորհրդարանի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար: Այս մասին ԱԺ որոշման նախագիծն ընդգրկված է խորհրդի փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

 

 

 

ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ

Մասիսի բկ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս.-ն է։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների եւ քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։ Բերման է ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս.-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ.-ն, որոնք հայտնել են, որ փետրվարի 6-ին տանը պատահաբար երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։ Ու արդեն փետրվարի 7-ին, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բկ: Տեղեկություններ կան, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ.-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։ Հարուցվել է քրեական գործ. նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կայցելի տարածաշրջան: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ տարածաշրջանային այցը մեկնարկելու է Վրաստանից: Միշելը Վրաստան կժամանի մարտի 1-ին, որից հետո կայցելի նաեւ Հայաստան ու Ադրբեջան: Այցի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

 

 

 

ՀԱԿԱՌԵԿՈՐԴԻ ՏԱՐԻ

ՀՀ պետական պարտքը (ներքին եւ արտաքին) 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազ. ԱՄՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազ. դոլարի փոխարեն, եւ աճել 647 մլն 230 հազ. դոլարով կամ 8.84%-ով։ Ինչպես հայտնի է, Հայաստանի՝ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկվել միջազգային շուկայում: Գործարքը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Եթե ավելի պարզ նշենք, ապա Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է եւս 750 մլն դոլարով, ինչը պետական պարտքը մոտեցրել է 9 մլրդ դոլարի շեմին: Եվ որքան էլ նշվում է, թե նպաստավոր տոկոսադրույքով են թողարկվել դրանք, ամեն դեպքում, սա արտաքին աշխարհից ներգրավված պարտք է, որով պետական պարտքի բեռն աճում է:  Այսինքն՝ 2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու, եւ մենք էլի համարվելու ենք պարտքով ապրող երկիր:

Սա նշանակում է, որ եկող տարիներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվելու պարտքը սպասարկելու համար: Բայց իրավիճակը փորձենք հասկանալ թվերով. Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար, տարվա ընթացքում, այսինքն՝ 2019 թվականի վերջի համեմատ՝ այն աճել է 647 մլն դոլարով:

 

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց երեկ մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով հստակություն, թե երբ են մանկապարտեզներում վերսկսվելու ընդունելությունները: Նրանց խոսքով՝ մեկ տարի կարանտինային ռեժիմում սպասելով՝ համբերել են, սակայն քաղաքապետարանը հստակ բան չի ասում: Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանը ոչ միայն տեղյակ է այդ խնդրին, այլ նաեւ քայլեր է ձեռնարկում՝ մանկապարտեզներում հավելյալ տեղեր ավելացնելու հետ կապված: «Անցած տարի համավարակի պատճառով ընդունելություն չի եղել, եւ մինչեւ օրս ընդունելություն չկա, ինչպես նաեւ մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակում է մտցվել: Երեւանի քաղաքապետարանը հետեւում է բացառապես կառավարությունից եկող ցուցումներին»,- ասել է Հ. Կարապետյանը:

 




Լրահոս