ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՊՕՐԻՆԻ ԷԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին վճարել 700-ական եվրո, իսկ ակտիվիստ Վահագն Ղումաշյանին՝ 800 եվրո։ Նրանք ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել էին 2016 թվականին՝ Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Եվ դիմելով ՄԻԵԴ` այս 4 անձինք պնդել էին` Հայաստանի կառավարությունը խախտել է նրանց ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Եվ դրանից հետո Ստրասբուրգի դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը փոխհատուցել նրանց:

 

Սակայն նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Վահագն Ղումաշյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:  Իսկ Հայաստանի ներկայիս կառավարությունն ընդունել է, որ 4.5 տարի առաջ խախտել է այն ժամանակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի իրավունքները՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին նրան ապօրինի 27 օր պահելով անազատության մեջ։ Եվ քանի որ Հայաստանի կառավարությունն ընդունել է իր կողմից Եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը, գործը այսքանով համարվում է փակված, եւ ընդդեմ Հայաստանի վճիռ չի լինի:

Եվ այսքանից հետո  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի բողոք ներկայացրած Հովսեփ Խուրշուդյանը կդիմի Դատավորների ընդհանուր ժողով՝ առաջարկելով կարգապահական պատասխանատվության ենթարկել 2016-ին իրեն ազատությունից զրկած դատավորներին։ Նկատենք, որ Հովսեփ Խուրշուդյանին  կալանավորել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը, իսկ Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանն այդ որոշումը թողել էր ուժի մեջ։ Իսկ, ահա, Վճռաբեկի դատավոր Լիլիթ Թադեւոսյանն էլ, որն այժմ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն է, ընդհանրապես բողոքը չէր քննել։ Եվ Հովսեփ Խուրշուդյանն օրերս հարց է բարձրացրել, թե արդյոք նման նշանակումների ժամանակ հաշվի առնվում է ընտրվող դատավորների նախկինում կայացրած որոշումները, որոնց ապօրինի լինելը առնվազն հաստատել է ՄԻԵԴ-ը:

Իսկ վերջինս էլ Դատավորների ընդհանուր ժողով է դիմելու՝ հաշվի առնելով Դատական օրենսգրքում 2020-ին կատարված փոփոխությունը, որով, որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ, ավելացվել է միջազգային դատարանի կայացրած ակտը, եւ, որպես պահանջ, նա առաջարկելու է կարգապահական պատասխանատվության ենթարկել 2016-ին իրեն ազատությունից զրկած դատավորներին։

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանն արդեն հանդիպել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, պատասխանել ամենատարբեր հարցերի, իսկ նրա ընտրությունն էլ կկայանա փետրվարի 9-ին մեկնարկող հերթական նստաշրջանում: Եվ նաեւ դա է պատճառը, որ այժմ հարց է բարձրաձայնվում՝ արդյոք միջազգային դատարանի կողմից ապօրինի ճանաչված գործի հետ կապ ունեցող դատավորը կարող է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ, թե ոչ: Թերեւս խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ այս հարցը եւս կդառնա ընդդիմադիրների կողմից քննարկման առարկա:

Ն. Հ.

 

 

 

ԴԻՄԵԼ Է ՄԻԵԴ՝ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՀԱՄԱՐ 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի քրեական պալատից:

 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վիրաբյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կայացումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության նախկին աշխատակիցներ Հ.Մ.-ն եւ Ա.Ա.-ն առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում՝ դիտավորությամբ բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, եւ որոնց  հետեւանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձեւով, էական վնաս է պատճառվել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաեւ պետության օրինական շահերին:

Միաժամանակ, նույն դատական ակտով Հ.Մ.-ն եւ Ա.Ա.-ն  ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննության առնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, 2021 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ, կարեւորելով Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիմքում ընկած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հղում կատարելով, մի կողմից, խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին եւ, այդ համատեքստում, վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեւավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐ՝ ԲԱՂԱՆԻՍՈՒՄ

Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Բաղանիս  գյուղն ունի 832 բնակիչ, 262 ընտանիք: Գյուղի ծայրամասի առանձնատունը Ադրբեջանի սահմանից գտնվում է 600 մետր հեռավորության վրա:  Սահմանամերձ Բաղանիսում խիստ սրված է խմելու ջրի հիմնահարցը։ 2015-2016թթ.,  IFAD կազմակերպության  ֆինանսավորմամբ, 256 միլիոն   դրամ արժողությամբ ծրագրով Բաղանիսի ներքին ցանցը կապիտալ վերանորոգվեց՝ ջրագծի աղբյուրակապով  եւ   օրվա կարգավորիչ 2 ջրամբարներով։

Դրանից հետո  Բաղանիսն ամբողջությամբ ապահովված էր խմելու ջրով։ Վերջին  տարիներին  բնակալիմայական պայմանները փոխվել են, եղանակը դարձել է  խիստ չորային, ամռանը երաշտ է լինում, Բաղանիս գյուղի շրջակա  աղբյուրները ցամաքում են, ինչի հետեւանքով խիստ նվազել է գյուղ մտնող խմելու ջրի քանակը։

2021թ. հունվարի 8-ից գյուղի շրջակա  տարածքում  ջրագծի վթար է եղել, աղբյուրակապից մինչեւ օրվա կարգավորիչ ջրամբար հատվածում ջուրը կորչում է։ Վթարի վայրը պարզելու, վթարի վերացման աշխատանքներին խանգարում էր այդ  տեղանքում հողի սառած լինելը։ Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ  Սահակյանը հայտնեց, որ  գյուղը սնուցող այդ աղբյուրից օրվա կարգավորիչ ջրամբարում ամեն օր կուտակվում էր 8 տոննա ջուր, որը  մինչեւ ջրագծի վթարը հնարավորություն էր  տալիս 4 օրը մեկ Բաղանիսի բնակչությանը ջուր մատակարարել։ Վթարից հետո գյուղացիները զրկվել են ջրագծով ջուր ստանալու հնարավորությունից:

Նրանք իրենց  ավտոմեքենաներով մեկնում են հարեւան Ոսկեպար գյուղ, այնտեղի հորդ  աղբյուրից ջուր բերում  իրենց խմելու  եւ կենցաղային  կարիքների համար կամ ջուր ծախող ավտոմեքենաներից  ջուր գնում տոննան 3 հազար դրամով։ Ն. Սահակյանն ասաց, որ ջրագծի վնասված հատվածը գտնելու համար  անտառապատ վայրում  իրենք մեկ շաբաթ աշխատանքներ են կատարել, փետրվարի 7-ին հայտնաբերել են ջրագծի վնասված հատվածը, այժմ աշխատանքներ են իրականացնում   վթարը վերացնելու համար։

Դրանով  գյուղին խմելու ջրով ապահովելու խնդիրը ամբողջությամբ չի լուծվում, քանզի ջրի առկա քանակությունն անբավարար է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 2020թ. պետք է սկսվեն Բաղանիսի շրջակա տարածքում արտեզյան ջրի որոնման աշխատանքները, սակայն  Արցախում տեղի ունեցած պատերազմի հետեւանքով աշխատանքները նախորդ տարի չիրականացան։ Ն. Սահակյանը հայտնեց, որ այժմ արտեզյան ջրի որոնման, այդ նպատակով  հորատման աշխատանքներ են կատարվում, որին ֆինանսապես աջակցել են նաեւ  Տավուշի մարզպետարանը եւ Նոյեմբերյան համայնքը։ Արտեզյան ջրի հայտնաբերումից հետո  արտեզյան հորում  կտեղադրվեն ջրամղիչ պոմպեր, ջրի  հորը խողովակաշարով կմիացվի գործող ջրագծին, Բաղանիսի բնակիչներն իրենց առանձնատներում  կտեղադրեն ջրաչափեր եւ մատակարարված ջրի համար  կկատարեն վճարումներ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս