Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաեւ դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը եւ, հետեւաբար, զուրկ է իրավական որեւէ հիմքից. հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ըստ Պաշտպանի՝ նրանք այդ վայրերում են հայտնվել, քանի որ.
1) Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն ահաբեկչական մեթոդներով,
2) խոշտանգել են ու անմարդկային վերաբերմունքի ենթարկել խաղաղ բնակիչներին ու զինվորականներին, կատարել են այլ դաժանություններ (կենդանի մարդկանց գլխատումներ, մարմինների անարգանք եւ այլն),
3) Արցախի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ԻԳԻԼ (ISIS) ահաբեկիչներ, որոնք հայերի նկատմամբ կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ,
4) Արցախի քաղաքացիական բնակավայրերը ենթարկել են դիտավորյալ զանգվածային ավերածությունների, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով,
5) պատերազմն առաջին օրից ուղեկցվել է հայատյացության խրախուսման պետական քաղաքականությամբ ու հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանքի հրահրմամբ (տարիների ինստիտուցիոնալ քաղաքականություն),
6) պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100 հազար խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետեիանքով անօթեւան է մնացել շուրջ 40 հազար մարդ,
7) Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրագույն իշխանության մարմինները Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի մասին բացահայտ են խոսում ցեղասպանության սպառնալիքների լեզվով (օրինակ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ի Բաքվի ռազմական միջոցառումը),
8) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները, հանրային գործիչները վիրավորում են հայերին, ողջ հայ ժողովրդին արժանապատվություն նվաստացնելու նպատակով ու դա խրախուսում են, հրապարակայնորեն հրահրում են ատելություն,
9) Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի եւ ուժի կիրառության սպառնալիքների ներքո,
10) պատերազմի եւ ուժի սպառնալիքների պատճառով սահմանների որոշումը տեղի է ունենում մեխանիկական մեթոդներով ու անթույլատրելի արագությամբ, առանց մասնագիտական աշխատանքների, միջազգային կանոնների կոպիտ խախտումներով,
11) անտեսված են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը,
12) գործընթացն ուղեկցվում է Հայաստանի սահմանային բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու սոցիալ-տնտեսական մյուս իրավունքների կոպիտ խախտումներով (իրենց գույքից զրկված ու անօթևան մնացած մարդիկ),
13) լրջորեն վտանգվել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակիչների ու, առհասարակ, Հայաստանի ողջ բնակչության կյանքի, արժանապատվության, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության եւ կենսական կարեւորության մյուս իրավունքները,
14) սահմանային բնակավայրերի բնակիչների համար առկա չէ կանխատեսելիություն, կամ գործողություններն անորոշ են, առկա չէ որեւէ տեսակի ժամանակացույց:
«Ուստի նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, հակառակը` պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների ու այլ վտանգավոր դրսեւորումների համար»,- ասված է Թաթոյանի հայտարարությունում:
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ՀՀ պետական բյուջեի՝ 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Դրանք իրականացվել են հետեւյալ ուղղություններով՝ կրթական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման եւ զբաղվածության ծրագրեր, մասնագիտական վերապատրաստումներ, ծնողների մասնագիտական իրազեկում, ինչպես նաեւ հասարակության մեջ երեխաների ինտեգրման եւ սոցիալականացման համար անհրաժեշտ ծրագրերի ներդրում՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված մեթոդներն ու լավագույն միջազգային փորձը։
Մասնավորապես, ծրագրում ընդգրկված 1-14 տարեկան աուտիզմ համախտանիշ ունեցող շուրջ 127 երեխայի համար իրականացվել է գիտելիքների, կարողությունների, հմտությունների, զարգացման փուլերի, խոչընդոտների եւ տարածական տեղաշարժման գնահատում VB-mapp գնահատման գործիքով, մշակվել եւ կազմվել են անհատական ծրագրեր, ծնողների համար կազմակերպվել են շարունակական խորհրդատվություններ:
Այդ ամենից զատ, երեխաներին տրամադրվել են հետեւյալ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները՝ վարքային, խոսքային թերապիա, էրգոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա, ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, հոգեբանական աջակցություն: 14 եւ բարձր տարիքային խմբի 107 շահառուների համար վերոնշյալ թերապիաներին զուգահեռ իրականացվել են նաեւ զբաղվածության հետեւյալ ծրագրերը՝ կավագործություն, գորգագործություն, այգեգործություն, կարուձեւ, խոհարարություն, համակարգչային ուսուցում, թղթի եւ մոմի արտադրություն:
2020 թվականին «Աուտիզմ» ազգային հիմնադրամը 100-ից ավելի ծնողների համար իրականացրել է նաեւ շարունակական խորհրդատվություններ եւ կազմակերպել 12 տեսական ու գործնական դասընթացներ: Ոլորտում աշխատող ավելի քան 30 մասնագետների համար իրականացվել են տեսագործնական վերապատրաստումներ:
2020 թվականի հոկտեմբեր ամսից ծրագրում ընդգրկվել է նաեւ Արցախից եկած եւ աուտիզմ համախտանիշ ունեցող 15 երեխա:
2013 թվականից մինչ օրս ներառական կրթական ծրագիր է իրականացվում Երեւանի թիվ 126 հիմնական դպրոցում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ համախտանիշ եւ նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների համատեղ ուսուցման կազմակերպմանը եւ առանձնահատուկ պայմանների ստեղծմանն ու ապահովմանը։ Ռեսուրսային դասասենյակում աշխատանքներն իրականացնում են «Աուտիզմ» ազգային հիմնադրամի մասնագետները։ 2020 թվականին այդ դպրոցում սովորող եւ աուտիզմ համախտանիշ ունեցող 12 երեխա ընդգրկվել է ծրագրում, գնահատվել, վեր են հանվել նրանց կարիքները, եւ, ըստ դրանց առաջնահերթությունների, կազմվել են անհատական ծրագրեր։
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Արցախում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի փետրվարի 1-ի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 144 միլիարդ 296.7 միլիոն ՀՀ դրամ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի 192 միլիարդ 390,8 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին փոխանցել է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Այս տարվա փետրվարի սկզբին վարկային ներդրումների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 25 տոկոսով, իսկ հունվարի համեմատ՝ 25, 1 տոկոսով: Փետրվարի 1-ի դրությամբ ժամկետանց վարկերը կազմել են 898,1 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 804 մլն դրամի փոխարեն. նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշն աճել է 11,7 տոկոսով: Բանկերի երկարաձգված վարկերի ծավալը՝ 11 մլրդ 976,1 մլն դրամ, հունվարի՝ 12 միլիարդ 956,4 մլն դրամի եւ 2020 թվականի փետրվարի 1-ին արձանագրված 401,1 մլն դրամի փոխարեն: Թվային տվյալները վկայում են, որ, նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ, երկարաձգված վարկերի ծավալն աճել է 29.9 անգամ:
Վարկերի ընդհանուր ծավալն այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ կազմել է 157 մլրդ 170, 9 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 193 մլրդ 595,9 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 18,8 տոկոսով, իսկ հունվարի նկատմամբ՝ 23,8 տոկոսով): Արցախյան բանկերում եւ մասնաճյուղերում՝ կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից բանկերում ներգրավված ավանդները կազմել են 121 մլրդ 73,4 մլն դրամ, 2020թ. փետրվարի 1-ի՝ 128 միլիարդ 90,5 մլն դրամի փոխարեն (ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 5,5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 6,9 տոկոսով):
ԶԳԱԼԻ ԳՆԱՃ
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%: Այս մասին տվյալներ է հրապարակել Վիճակագրության կոմիտեն: 2020թ. հունվարի համեմատ՝ 2021թ. հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ եւ մթերքներ զգալի գնաճ են արձանագրել: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ բուսական յուղը թանկացել է 44,3%, շաքարավազը թանկացել է 40,7%, ձուն թանկացել է 26,4%, կաթնամթերքը թանկացել է 7,7%, միրգը թանկացել է 12%, բանջարեղենը թանկացել է 9,9%, սխտոր թանկացել է 95,4%, խառը կանաչին թանկացել է 53,5%, հացը թանկացել է 7,9%, ալյուրը թանկացել է 12,5%, խմիչքը, ծխախոտը թանկացել են 6,8%, ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%, իսկ, օրինակ, միսն էժանացել է 0.1 տոկոսով: