ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել եւ երաշխավորագրի ստորագրություն են հավաքել, որպեսզի ներկայացնեն ԱԱԾ-ին` ազատամարտիկ Վահան Բադասյանին ազատ արձակելու համար:
Մեր տեղեկություններով, երաշխավորագրին միացած պատգամավորներն են՝ Նաիրա Զոհրաբյան, Իվետա Տոնոյան, Միքայել Մելքումյան, Գևորգ Պետրոսյան եւ Վահե Էնֆիաջյան: Արդեն մեկ շաբաթ է փաստաթուղթը պատրաստ է, սակայն փաստաբանները դեռևս այն չեն ներկայացրել:
Ավելին, մենք տեղեկացանք, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն անձամբ են գնալու ԱԱԾ մեկուսարան, հանդիպեն նրան եւ ներկայացնեն երաշխավորությունը:
Հիշեցնենք՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս, Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել:
Վահան Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը): Նա չի ընդունում մեղադրանքը, ավելին՝ դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան