«ԱԽՊԵՐՍ ՁԱՅՆ ԷՐ ՏԱԼԻՍ. «ԱՅՐՎՈՒՄ ԵՆՔ, ՕԳՆԵՑԵ՛Ք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմենն ու Զավենը շուրջ մեկուկես տարվա զինծառայողներ էին, երբ սկսվեց աղետալի պատերազմը: Պատերազմը 19-ամյա Արմենից խլեց ամենաթանկին՝ երկվորյակ եղբորը` Զավենին, իսկ Արմենը հրաշքով փրկվեց՝ ստանալով բազմաթիվ կոտրվածքներ եւ այրվածքներ:

 

Ջաբրայիլ տեղափոխվելու ճանապարհին թշնամու ԱԹՍ-ի հարվածից Արմենի աչքի առաջ այրվել են նրա հարազատ եղբայրն ու ծառայակից ընկերները, որոնց օգնություն կանչող ձայները եւ հառաչանքները դեռ երկար կմնան Արմենի ականջներում:

«Ժողովուրդ» օրաթերթն այցելեց «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն եւ զրուցեց մերօրյա հերոս Արմեն Հակոբյանի հետ:

«19 տարի մենք ամեն օր միասին ենք եղել, ախր, ո՞նց բացատրեմ՝ ինչ եմ զգում: Իմ կեսն այլեւս ինձ հետ չէ»,-թախծոտ ձայնով շշնջում է նա:

Այսօր Արմենը միակ ապրեցնող ուժն է իր ծնողների. թեեւ պատերազմից հետո կյանքն իր աչքին կորցրել է գույները, այնուամենայնիվ գիտակցում է, որ պետք է շարունակի ապրել, որպեսզի եղբոր կիսատ թողած երազանքները փորձի իրագործել:

«Հոկտեմբերի երեքի գիշերը գնացել ենք Ջաբրայիլ եւ մինչեւ հոկտեմբրի 9-ը մնացել ենք այնտեղ, որից հետո մենք պետք է տեղափոխվեինք Իշխանաձորի տարածք, եւ արդեն Իշխանաձորում ԱԹՍ-ն հարվածեց մեր մեքենային, որի պայթյունն ինձ դուրս շպրտեց մեքենայից: Մեքենայում 19 հոգով էինք, որի 18-ը զոհվեցին: Այդ ամեն ինչն ամեն վայրկյան իմ հիշողության, իմ աչքի առաջ է, շատ ծանր է ինձ համար դրա մասին խոսելը: Կյանքում ես նման ցավ չեմ տեսել եւ երբեք էլ չեմ կարող հաշտվել այդ ցավի հետ: Ես կորցրել եմ իմ կյանքի, իմ մարմնի կեսը, իմ զույգ եղբորը, ում հետ 19 տարի անբաժան ենք եղել, ինչ արել ենք, միասին ենք արել: Երբ պայթյունի ալիքն ինձ դուրս շպրտեց մեքենայից, երբ ես ընկա գետնին, այրվում էի, ձեռքերս, դեմքս, պտտվում էի հողի վրա, որպեսզի կրակը մարի: Լսում էի, թե ինչպես են  եղբայրս, մեր տղաներից գոռում, օգնություն կանչում. երբ ուզեցի ոտքի կանգնել, նրանց ու մյուսներին վառվող մեքենայից դուրս հանել, այդ պահին ձեռքս ու ոտքս կոտրվեցին, եւ հնչեց երկրորդ ուժեղ պայթյունը, եւ այլեւս բան չեմ հիշում… Եղբորս հետ շատ նպատակներ, երազանքներ ունեինք իրագործելու, իսկ հիմա կյանքն ինձ համար անգույն է, առանց իմ եղբոր ոչինչ անել չեմ կարող, պարզապես չեմ պատկերացնում: Հիմա մտածում եմ շուտ ապաքինվելու մասին, իմ ծնողների մասին, հիմա ինձանով են իրենք ապրում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ցավն ու կսկիծը ատամների արանքում խեղդելով՝ պատմում է հերոս Արմեն Հակոբյանը:

Մարտի դաշտում զինվորի մարտական ոգին գերբնական է, նա միայն մտածում է հաղթելու եւ հայրենիքի ամեն մի մասնիկը պահելու մասին: Դա է իրական հայ զինվորի պատգամը, որը եւս մեկ անգամ ապացուցվեց այս պատերազմում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 




Լրահոս