Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 32-ամյա Անդրանիկ Հարությունյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կիսակողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը:
Հրաչուհի Քոչարյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Քոչարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որ դիմորդները կարող են օգտվել արտոնություններից:
Ամալյա Պողոսյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները,
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս` ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին:
բ. Եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները: