ՉԻ ԿԱՐՈՂ ԱԺ-Ն ԱՆԸՆԴՀԱՏ ՎԿԱՅԱԿՈՉԵԼ ԳՈՐԾԱԴԻՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ: Վերջինս խոսել է նախորդ տարվա բյուջեի թերակատարման եւ պատերազմի պատճառների մասին:

 

-Տարին մեկնարկել է, քաղաքային իշխանության առաջնահերթ անելիքները որո՞նք են: 2020թ. ինչպիսի՞ տարի էր քաղաքային իշխանության համար:

-Իհարկե, 2020-ը սարսափելի տարի էր ոչ միայն քաղաքային իշխանություններրի, այլ, առհասարակ, պետության համար: Բնականաբար, որպես քաղաքային իշխանություն, հավելյալ ուժեղ ծավալի աշխատանքներ էին, որոնք սպասելի չէին՝ հատկապես կորոնավարակի հետ կապված, պատերազմի դրության ժամանակ, եւ առաջնահերթությունների փոփոխություններ տեղի ունեցան, ինչը նաեւ անդրադարձավ 2021-ի վրա:  Աշխատաոճը պետք է փոխել: Չի կարող նույն ձեւով շարունակվել:

-Ընդդիմադիր խմբակցության անդամները նշում են, որ 2020 թվականի բյուջեն թերակատարվել է, Երեւանի քաղաքապետարանը ձախողել է աշխատանքները: Նման կարծիք ձեւավորելու համար կա՞ն օբյեկտիվ պատճառներ:

-Որ բյուջեն պետք է թերակատարվի, դա սպասելի էր, եւ անհնար է անտեսել ոչ միայն պատերազմը, այլ նաեւ կորոնավարակի հետ կապված: Միայն Հայաստանում չէ, որ նման իրավիճակ է: Ես հետեւում եմ միջազգային լրահոսին, մարդիկ միայն կորոնավարակի պատճառով ունեցել են նման ճգնաժամներ, խնդիրներ, իսկ մենք այդքանի հետ մեկտեղ ունեցանք նաեւ պատերազմ: Չէր կարող այլ կերպ լինել: Բայց, միեւնույն ժամանակ, ես գտնում եմ, որ նաեւ համակարգային խնդիր կա, որը կապված է պետական գնումների տրամաբանության հետ: Կան խնդիրներ, որոնք ունեին եւ պետք է ստանային օրենսդրական փոփոխության լուծում, բայց նման փոփոխություն մինչեւ հիմա տեղի չի ունեցել, եւ թե՛ վարչական շրջանը, թե՛ քաղաքապետարանը բավարարվում են անընդհատ նշելով՝ ինչ անենք. օրենսդրական բաց է: Կարծում եմ, որ 2 տարին արդեն բավականին երկար ժամանակաշրջան է այդ բացերը լուծելու համար: Այո, կա շատ վատ համակարգ՝ թե՛ աշխատանքների իրականացումը, թե՛ վերահսկումը: Եւ, ըստ  այդմ, ստանում ենք թերակատարում, չկատարված կամ վատ կատարված աշխատանք:

-Դուք վերլուծե՞լ եք 44-օրյա պատերազմի պատճառները, պարտության պատճառները: Հիմա ի՞նչ է պետք:

-Գիտեք, 44-օյա պատերազմի պատճառները շատ խորն են: Դա մեկ օրում չի առաջացել, ասյտեղ գործ ունենք աշխարհաքաղաքական վերադասավորումների  հետ, եւ ինչպես միշտ, երբ մեր տարածաշրջանում տեղի է ունենում խոշոր վերադասավորում, հայը պետք է արյուն թափի եւ հող կորցնի: Դա պետք է հասկականք, որ գործ ունենք գերտերությունների շահերի բախման հետ, գերտերությունների նոր ծրագրերի հետ: Արցախյան հարցի չլուծված լինելն այլեւս ձեռնտու չէր:

-Իսկ պարտության պատճառները որո՞նք էին:

-Պարտության պատճառները նաեւ եւ առաջ  անհամաչափ ուժերն էին, որովհետեւ որեւէ մեկը չէր կարող: Ինչքան էլ Հայաստանն ունենար ուժեղ բանակ, առնվազն մարդկային ռեսուրսի առումով մենք չէինք կարողանա պատերազմել ՆԱՏՕ-ի թվով 2-րդ բանակի՝ Թուրքիայի դեմ: Մենք պատերազմել ենք Թուրքիայի դեմ: Մենք կարող էինք պատերազմել Ադրբեջանի դեմ: Ես չգիտեմ՝ միտումնավոր էր, թե անփութության հետեւանքով էր, բայց փաստ է, որ բոլոր այն վկայությունները, որ ստանում ենք, դա անկազմակերպ, թափթփված, անփույթ, տարօրինակ պատերազմ էր: Պարզապես չէր կարող ամեն ինչ նման ձեւ կազմակերպվել: Որպես ՏԻՄ՝ մենք էինք զբաղվում մոբիլիզացիայի հարցերով, եւ ես տեսնում էի, թե ինչպես էր դա տեղի ունենում:

-Այժմ ներքաղաքական զարգացումները պահանջում են վարչապետի հրաժարականը: Նա պե՞տք է հրաժարական տա:

-Ցանկացած պետությունում, որը կրել է պարտություն, կառավարությունն ամբողջական կազմով պետք է հրաժարական տար: Պետք է ընտրվի նոր կառավարություն, որը պետք է քններ նաեւ նախորդի արածները: Բայց դա կլիներ այն դեպքում, երբ պետք ունենայինք իշխանությունների տարանջատում, եթե ունենայինք իսկապես անկախ Ազգային Ժողով: Բայց այն, ինչ մենք ենք տեսնում, իրականում ամոթալի է եւ հարիր չէ ժողովրդավար պետություն համարվելու համար: Չի կարող Աժ-ն անընդհատ վկայակոչել գործադիրին:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ՝ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաեւ պատգամավորներ:

 

Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ: Դրանից բացի, մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաեւ անձնական նամակագրությամբ: Այս հարձակումները կապված են Պաշտպանի այն հայտարարությունների հետ, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին:

Ընդ որում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, որից հետո ենթարկվում են մանիպուլյատիվ շահարկումների:

Օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Սյունիքում ադրբեջական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին, Պաշտպանը խոսել է ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների ու պետական աջակցությամբ հայատյացության ֆոնին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես «հիստերիա» Սյունիքում»:

Մեկ այլ դեպքում Կապանի օդանավակայանի հետ կապված Պաշտպանի հայտարարությունները Կապանի քաղաքապետի մեկնաբանությունների հետ միասին ներկայացվում են որպես «սկանդալի հարուցում» ու «հայկական ռեվանշիստների օդային հիստերիա»՝ նշելով, որ օդանավակայանը նույնիսկ պետք է օգտագործվի ադրբեջանական ռազմական ավիացիայի համար, ու դարձյալ սպառնալով պատերազմի «երկաթե բռունցքով»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարաձակ դատապարտելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որ իրականացվում են քաղաքական գործիչների մասնակցությամբ, անձնական նամակագրությամբ ու կեղծում են Պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում են նոր թշնամանք ու հայտյացություն: Դրանք հղի են մարդու իրավունքների նոր խախտումներով:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հայաստանին մեղադրելով գրեթե 30 տարիների, ինչպես նաեւ վերջին 44-օրյա պատերազմի ընթացում ադրբեջանական «օկուպացված տարածքներում» մարդու իրավունքների խախտումների համար։ Խորհրդարանի իրավական հանձնաժողովի անդամ Քամալ Սաֆարովի փոխանցմամբ՝ Բաքուն Երեւանին նաեւ մեղադրում է, որ ոչինչ չի ձեռնարկվել 1990-ական թվականների պատերազմի ժամանակ անհետ կորած 3 հազար 800 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու համար։ Վերջին 44-օրյա պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է բալիստիկ հրթիռներով ու կասետային ռումբերով քաղաքներ ու գյուղեր հրետակոծելու մեջ՝ պնդելով, որ դրա հետեւանքով 93 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա ու 28 կին, 423 քաղաքացի վիրավորվել է։ Հիշեցնենք, որ Հայաստանը եւս Եվրադատարան գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ, ՄԻԵԴ-ն անցած շաբաթ հայտնել է, որ ստացել է երկու երկրների միջպետական գանգատները։

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել է, որ ԲՀԿ-ն եւ այլ ընդդիմադիր ուժեր կմասնակցեն արտահերթ ընտրություններին միմիայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: «Ես հերթական անգամ պետք է ցավով արձանագրեմ, որ իշխանությունները ներքաղաքական  ճգնաժամի գործում իրենց մեղավորությունը գտնելու փոխարեն փորձում են մեղավորներ գտնել եւ սլաքները ուղղում են ընդդիմության կողմ: Ընդդիմադիր կուսակցություն ԲՀԿ-ն ասել է, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել միմիայն, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության գլուխ, որովհետեւ մենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ունենք լուրջ խնդիրներ»,- ասել է պատգամավորը: Ըստ նրա՝ Ն. Փաշինյանը պատրաստ չէ հրաժարական տալ, եւ բազմաթիվ «իմքայլականներ» մասնավոր զրույցներում նշել են՝ տեղյակ չեն եղել արտահերթ ընտրություն չանելու «Իմ քայլի» հայտարարության մասին:

 

 

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով արդեն տեւական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ եւ աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երեւան: Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաեւ Երեւանում:

 




Լրահոս