Հունվարի 20-ին խորհրդարանում 82 «կողմ», 0 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Եվ չնայած ձեռնպահ են քվեարկել պատգամավորներ Գոռ Գեւորգյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Սերգեյ Բագրատյանը, սակայն այս փաթեթի վերաբերյալ մի շարք դիտողություններ եւ բացասական եզրակացություն է ներկայացրել անգամ ԱԺ փորձագիտական եւ վերլուծության վարչությունը: Բանն այն է, որ այս նախագծով հանձնաժողովն իրեն վերապահում է գործառույթներ, որոնք անելու իրավունքը չունի:
Նախագիծը ուսումնասիրելիս, ինչպես նաեւ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին լսելիս այնպիսի տպավորություն է, որ, կարծես թե, կառույցը ոստիկանի դեր է ստանձնել եւ ընկել է խոշոր գործարարների հետեւից, փորձում է պատժել նրանց: Իսկ ի՞նչ ուշագրավ փոփոխություններ են եղել նախագծում, որոնց նաեւ դեմ է արտահայտվել ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը: Նախ՝ նախագծում այսպիսի փոփոխության ենք հանդիպում. «Անձանց խմբի կողմից օրենքի խախտման համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը նշանակվում է անձանց խմբում ընդգրկված բոլոր անձանց նկատմամբ, իսկ նշանակվող տուգանքի չափը հաշվարկվում է անձանց խմբում ընդգրկված այն տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի հասույթների գումարից, որոնք իրենց գործողությամբ կամ վարքագծով մասնակցություն են ունեցել իրավախախտմանը կամ իրավախախտման արդյունքում ստացել են կամ կարող էին ստանալ շահույթ կամ առավելություն կամ հայտնվել են առավել բարենպաստ պայմաններում»: Այս նախագծում ավելացել են տուգանքների ձեւերը, սակայն հետաքրքիր է, որ դա ավելի հայեցողական է լինելու, եւ, ըստ էության, հանձնաժողովի իրավասությունն է լինելու պատժել այս կամ այն տնտեսվարողի:
Անդրադառնանք փորձաքննության արդյունքներին. իրավական փորձաքննության ենթարկվելիս հետեւյալ խնդիրներն են առաջացել. ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է նույն օրենքի 7-րդ հոդվածում լրացնել նոր կետեր, որի արդյունքում ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`
- ստուգման ժամանակահատվածում եւ ստուգման համար անհրաժեշտ ծավալով կապարակնքել տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք եւ (կամ) փաստաթղթեր,
- օգտվել ստուգման համար անհրաժեշտ, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտի տարածք բերել համակարգիչ, մագնիսական կրիչներ, հաշվիչներ եւ այլ սարքեր:
Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր եւ այլն, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին»: Այսինքն՝ նշված նախագծով նախատեսված կարգավորումն ուղղակիորեն հակասում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:
Այլ խնդիրներ մատնանշելուց եւ փորձաքննության արդյունքները ամփոփելուց հետո նրանք նշել են, որ նախագծերի փաթեթով սահմանված որոշ կարգավորումներ խնդրահարույց են իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից:
Նախագիծը ենթարկվել է նաեւ Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: Եզրակացության մեջ նշվում է. «Թեեւ փոփոխութունները դրական ազդեցություն կարող են ունենալ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ ոլորտի պետական կարգավորման հետ կապված հարաբերությունների վրա, այդուհանդերձ, հարկ է արձանագրել նաեւ, որ, մյուս կողմից, դրանք (հատկապես` տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա անմիջականորեն ազդեցություն գործելու, ստուգման ժամանակահատվածում եւ ստուգման համար անհրաժեշտ ծավալով տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կապարակնքելու եւ (կամ) փաստաթղթեր արգելանքի տակ դնելու, օպերատիվ-հետախուզական ծառայություններին ներգրավելու եւ ուժային միջամտություն ենթադրող մյուս լիազորությունների սահմանումը, Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը եւ այլն) որոշակիորեն փոխում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության հայեցակարգը. այն տնտեսական քաղաքականության մշակման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության կանխարգելիչ ինստիտուտի հայեցակարգից (ինչն այնքան էլ արդյունավետ չէր գործում) վերափոխվում է, այսպես կոչված, «տնտեսական ոստիկանության» հայեցակարգի»: Ապա եզրակացություն է առկա, որ նախագիծն ամբողջությամբ վերախմբագրման կարիք է զգում կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման կամ գոնե դրանք նվազագույնի հասցնելու նպատակով: Բանն այն է, որ նախագծերի փաթեթով հանձնաժողովը ստանում է հայեցողական բնույթ ունեցող մի շարք նոր լիազորություններ, իսկ սահմանվածների մի մասն էլ խմբագրվում են այդ իմաստով: Բացի այդ, նշվում է, որ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից քննարկման ենթակա են նաեւ նախագծի 93-րդ հոդվածով սահմանվող տուգանքների չափերը այն իմաստով, որ դրանք իրենցից ներկայացնում են որոշակի միջակայքեր (օրինակ` նախորդող տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսը, մինչեւ հինգ միլիոն դրամ եւ այլն): Այսինքն՝ ստացվում է, որ այս կամ այն խախտման համար, օրինակ, տնտեսվարողը կարող է տուգանվել 0 դրամից մինչեւ նախորդ տարվա հասույթի մինչեւ տասը տոկոսի չափով հանձնաժողովի հայեցողությամբ, ինչը նույնպես հայեցողական լայն լիազորությունների սահմանում է իրենից ներկայացնում:
Իսկ, ահա, սոցիալական փորձաքննության արդյունքում եւս մատնանշվում են տուգանքների չափերը, եւ ընդգծվում է կրկին, որ տնտեսական մրցակցության բնագավառում կատարած տարբեր իրավախախտումների համար տնտեսվարողը հանձնաժողովի «հայեցողությամբ» կարող է տուգանվել 0-ից մինչեւ նախորդ տարվա հասույթի հինգից տասը տոկոսի չափով:
Ն.Հ.
ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ:
ԵՌԱԿՈՂՄ ՆԻՍՏ
Կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային եւ համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։ Նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։
ՀԱԿԱՌԱԿ ՄԻՏՈՒՄ
«Մշտապես խոսվել է, որ հաստիքացուցակներն ուռճացված են, եւ մենք պետք է գնանք այն օպտիմալացնելու ճանապարհով»,- Երեւանի ավագանու նիստում նշել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի քարտուղարության կառուցվածքային փոփոխություն ենթադրող նախագծին, որով հաստիքներն ավելանում են 10-ով: «Կոնսենսուսն, իմ տպավորությամբ, այն էր, որ պետք է գնանք նվազեցման միտումով, բայց հիմա հակառակն ենք տեսնում: Այս երկու տարիներին անընդհատ ավելացնում ենք հաստիքացուցակը, ամեն անգամ համարում ենք, որ դա հիմնավոր է: Այսինքն՝ մենք ունենք 10 մլրդ դրամի կրճատում մեր բյուջեում, բայց հիմա 30 մլն դրամ ավելացնում ենք այս 10 հաստիքի ավելացման վրա»,-ասել է նա: