«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում եւս արշալույսները խաղաղ չեն:
Բանն այն է, որ 17 ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» դե ֆակտո գոյություն չունի, ու ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են այլեւս այլ ֆորմատով որոշում կայացնել ու պլանավորել, թե ինչպես կարող են հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:
Հիմա այդ ֆորմատով հանդիպումներ են ունենում ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաեւ նրանց կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը: Բայց նույնիսկ այս լիդերները միմյանց չեն վստահում եւ մեկը մյուսի հավատարմությանը կասկածող մտքեր են հայտնում տարբեր շրջապատներում:
Լավատեղյակ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ լիդերները միմյանց նախ կասկածում են, որ հնարավոր է՝ կապեր ունենան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ:
Օրինակ՝ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կասկածում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է իրենցից գաղտնի բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ: Նույնաբովանդակ կասկածներ կան նաեւ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի վերաբերյալ, քանի որ, շատերի կարծիքով, նա տարբեր թելերով կապված է ու, հնարավոր է, ինչ-որ պայմանավորվածությունների հանգի գործող իշխանության հետ:
Իսկ բոլորը միասին կասկածում են Սերժ Սարգսյանին, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրա քաղաքական ծրագիրն է եղել, ու մինչ այժմ կապ կա երկուսի միջեւ, դրա համար Սերժ Սարգսյանը ընտրություններ չի ուզում: Միակ չկասկածվողը թվարկվածներից Ռոբերտ Քոչարյանն է, որն էլ հստակ խնդիր է դրել բոլորի առջեւ՝ ընտրություններին մասնակցել մեկ ճակատով եւ քաղաքական դաշտը դարձնել երկու բեւեռ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ եւ հակոտնյաներ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանշանակ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ դաշինքի չի միանալու, առանձին են գնալու ընտրություններին, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը նպատակ չունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցել, լեգիտիմացնել Փաշինյանին:
Սերժ Սարգսյանը գուցե մտափոխվի, ինչպես մտափոխվեց եւ վարչապետ չդառնալու խոստում տալուց հետո դարձավ վարչապետ: ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ն էլ կառուցողական դաշտում են. պատրաստ միասին եւ առանձին գնալու տարբերակներին:
Երբ կորոշվեն հարցերը, կախված կլինի նաեւ ընտրությունների նշանակման ժամկետից:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզեց, որ չնայած Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից արդեն Երեւան է վերադարձել, բայց լիդերները դեռ չեն հանդիպել: Միայն հայտնի է, որ որոշում կա փետրվարի 20-ին մեծ հանրահավաք իրականացնել եւ սկսել անհնազանդության տարբեր ակցիաներ:
Եկող շաբաթը պետք է ընդդիմության համար վճռորոշ լինի, քանի որ որոշումներ պետք է կայացվեն: Դրանից առաջ, սակայն, նախ պետք է կասկածները միմյանց նկատմամբ փարատվեն, իսկ թե ինչպես, դժվար է ասել:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։