«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ նախաքննական մարմինները հայտնվել են խնդրի առջեւ: Շուրջ 10 հազարից ավելի անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պատերազմի դաշտից փախչելու կամ մարտական դիրքը լքելու վերաբերյալ:
Եվ դա է պատճառը, որ նախաքննական մարմինները պատերազմի ժամանակ դիրքը լքած կամ փախած անձանց այս օրերին կանչում են հարցաքննության, իսկ մարդիկ էլ ցուցմունք են տալիս՝ նշելով. «Պատրաստակամ կերպով գնացել ենք կռիվ, բայց ի՞նչ անեինք, երբ օդից կրակ էր թափվում, ու մեր աչքի առջեւ մեր ընկերները մոխրանում էին, ու մեզ այլ ելք չէր մնում, ստիպված փախչում էինք, որ փրկվենք, ի՞նչ անեինք, մնայինք մեռնեի՞նք»:
Քննիչները, լսելով նրանց ցուցմունքը, չգիտեն՝ ինչ անել, ինչ իրավական լուծում տալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործ հարուցված է 10 հազարից ավելի անձի նկատմամբ, եւ դեռեւս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացվի նրանց գործողությունների հետ կապված:
Նկատենք՝ երեկ էլ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հետ կապված ավելի քան 10 հազար քրեական գործ է հարուցվել:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։