Ղա­րաբաղի հայության կարգա­վիճակը կարելի է լուծել Մոսկվա-Բաքու երկկողմանի երկխոսության մակարդակում. Տարասով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

«Հրապարակը» զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

Պարոն Տարասով, Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրությունների, թեպետ տեւական ժամանակ հանդես էր գալիս այդ մա­սին ուղերձներով:

Նրանից հետո, երբ պատերազմը տանուլ է տրված, միեւնույն է, նրան դժվար է լինելու մնալ իշխանության ղեկին: Սա՝ մեկ, եւ երկու՝ որքան շատ մնա այս ռեժիմը, այնքան Հայաստա­նի համար վատ է լինելու: Եվ եւս մի բան. կան արտաքին քաղաքական խաղացողներ, որոնք շահագրգռված են, որ նա մնա: Ինչու, որովհետեւ նա կապիտուլյացիայի փաստաթղթի տակ է ստորագրել: Եթե հիմա Փաշինյանին հեռացնեն, նրանք հայտարարում են, որ եթե Փաշինյանը պետք է հեռանա, ապա միայն՝ սահմանադրական ճա­նապարհով: Հեղաշրջումն անընդունե­լի կլինի, ոչ լեգիտիմ կճանաչվի: Դե, Փաշինյանն ու ընկերներն Էլ կռվում են իշխանության համար: Այսքան բան: Սա լա՞վ է հայերի համար՝ չեմ կարծում: Առանց այն էլ ամեն ինչ տանուլ են տվել, տանուլ կտան նաեւ այն, ինչ մնացել է: Եվ նաեւ մտածում եմ՜ սրան դրդեց նաեւ Քոչարյանի հայտարարու­թյունը: Նա ասաց, չէ՞, որ մասնակցելու է ընտրություններին: Երեւի սա էլ այդ հայտարարության արձագանքն էր:

Չկա՞ր նման հաշվարկ:

Գիտե՞ք, Մոսկվան այդքան ակտիվ չի միջամտում, քանի որ համարում ենք, որ սա ներքին հարց է: Գիտեք՝ այն բանից հետո, թե ինչ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, հիմա հարցը, թե ով է Երեւանում լի­նելու իշխանության ղեկին, արդեն հե­տագայի համար շատ բան չի փոխելու: Իհարկե, Քոչարյանն այն ֆիգուրներից է, որ Մոսկվայի հետ շատ լավ հարա­բերություններ ունի, բայց բանն այն է, որ հիմա նոր ֆորմատներ են ձեւավորվել: Կա Մոսկվա-Երեւան-Բաքու, կա Մոսկվա-Բաքու-Անկարա, շատ ֆորմատներ, ԵԱՀԿ ՄԽ-ն չի աշխա­տում, եւ ոչ ոք չգիտի՝ դա երբ կլինի: Եվ հետո, շատ բան տանուլ է տրված, եւ իրավաբանորեն՝ ռուսական խա­ղաղարար ուժերն Ադրբեջանի տարածքում են: Սա ԶՈՒ սահմանափակ կոնտինգենտ է: Եվ նորից պետք է ասեմ՝ Փաշինյանը չգնաց Արցախը ճանաչելուն: Շատ հարցեր, որոնց պա­տասխանները հայերն իրենք պետք է տան:

Ո՞ր շրջանակներում են արտա­քին քաղաքական խաղացողնե­րը, որոնց մասին ասում եք՝ շա­հագրգռված չեն Փաշինյանի հեռա­ցումով:

ԵԱՀԿ ՄԽ-ի տեսանկյունով, օրի­նակ, լիդերները՝ Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը: Մեկ-մեկ Բաքուն է Փաշինյանին հայհոյում, ու հստակ է, որ նրանց հիմա անհրաժեշտ է պահպանել Փաշինյանին: Անկարան էլ հետաքրքրված չէ Փաշինյանի հե­ռացումով: Եվ ասեմ նաեւ, որ բոլորը հասկանում են, որ սա թույլ ռեժիմ է, ու որ այն Հայաստանի համար աղետ է: Ամենալավ տարբերակն այն կլի­ներ, որ իշխանափոխությունը լիներ սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով: Քանի որ եթե հիմա հանկարծ նրան գա­հընկեց անեն, կսկսեն մեղադրել, որ Ռուսաստանն առնչություններ ունի հե­ղաշրջմանը մասնակցած ուժերի հետ: Ոչ ոք իր վրա նման մեղադրանքներ չի ուզում վերցնել: Այնպես որ, հայերը հիմա իրենք իրենց հայեցողությանն են թողնված եւ ստիպված են լինե­լու ըմպել այդ դառնության գավաթը մինչեւ վերջ: Ինքներդ:

Երեւի տեղյակ եք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ Անուշ Բեղլոյանի՝ «Շուշա» բառի ու հայտարա­րությունների մասին, թե կարեւոր չէ՝ ով սկսեց պատերազմը, ում էին պատկանում այդ տարածքները: Գիտեք նաեւ, որ Հայաստանում այս հայտարարությունը մեկնաբանվում է որպես եւս մեկ ապացույց, որ իշխա­նության ներսում թուրք-ադրբեջանական գործակալներ են:

Եթե օբյեկտիվորեն նայենք, Փա­շինյանը մինչ այս շատ է խոսել Ղարաբաղի մասին, իսկ երբ սկսվեց պա­տերազմը, նա շատ քիչ բան արեց այն պաշտպանելու համար: Տապալված դիվանագիտություն, եկավ հեղափո­խության դրոշներով, բայց Սարգսյանից շատ ավելի վատ դիվանագի­տություն տարավ: Տպավորություն էր, որ նա հանձնում էր Արցախը:




Լրահոս