«Յանդեքս» տաքսիում կորած խոշոր գումարով դրամապանակը վարորդը վերադարձրել է տիրոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի կորած, բայց գտնված դրամապանակի պատմությունը հարյուրավոր հոգիներում հույս արթնացրեց, որ կորածը կարելի է գտնել: Մարթա Մելիքսեթյանի դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 200.000 դրամից ավելի գումար էր, կորել էր «Յանդեքս» տաքսիում:

«Ուրբաթ օրը «Յանդեքս» տաքսիով գնում էի բժշկի։ Վճարեցի, շնորհակալություն հայտնեցի։ Քիչ անց նկատեցի, որ դրամապանակս չկա»: Դրամապանակը, որի մեջ վիրավոր զինվորների համար արծաթապատ կատետրների և սոցիալապես անապահով մի քանի ընտանիքի կոմունալ վճարումների համար նախատեսված գումարն էր, Մարթա Մելիքսեթյանը գտավ ժամեր հետո: Այս մասին ոստիկանության կին սպան պատմում է իր ֆեյսբուքի էջում:

Հրապարակումը լայն տարածում է գտնում: Մեզ հետ զրույցում Մարթան բացում է մանրամասները: «Գնացի պոլիկլինիկա, դուրս եկա, կրկին «Յանդեքս» կանչեցի, ճանապարհին մտա դեղատուն ու միայն այդ ժամանակ նկատեցի, որ դրամապանակս չկա: Զանգեցի պոլիկլինիկա՝ այնտեղ չկար, բացեցի երթերիս պատմությունն ու զանգահարեցի նախորդ ուղևորությանս վարորդին: Դիմեցի «եղբայրս»-ով, բացատրեցի իրավիճակը, դրամապանակի միջի գումարի անհրաժեշտությունն ու նպատակը»:

Մարթան պատմում է՝ վարորդն անմիջապես ասել է, որ դրամապանակն իր մոտ է, դա իրեն է փոխանցել հաջորդ ուղևորը: Ինքը սպասում էր կորած դրամապանակի տիրոջ զանգին, հավելելով, որ նույնիսկ չի բացել դրամապանակն ու, իրարկե, ոչ մի կոպեկ չի վերցրել:

«Երբ անջատեցի հեռախոսը, հուզվել էի: Վարորդը տվեց դրամապանակը ամուսնուս՝ արտաքին տվյալները, անուն ազգանունը ճշտելուց հետո, որպեսզի հանկարծ սխալ մարդու չտա: Երբ վերցրի դրամապանակս, նայեցի՝ նույնիսկ փողը տեղաշարժած չէր: Այնքան ուրախ էի, որ զինվորների ու սոցիալապես անապահով երեխաների գումարը հետ վերադարձավ»,- պատմում է Մարթա Մելիքսեթյանը:

Դրամապանակի գումարը ուղղվելու էր հերթական բարեգործությանը, որը կազմակերպում է Մարթան: «Մենք ունենք զինվորներ, որոնց սովորական կատետր դնել չի կարելի՝ բորբոքման պատճառով, անհրաժեշտ է հատուկ արծաթապատ հակաինիֆեկցիոն կատետր, որի մեկ հատն արժե 29.000 դրամ: Դրանց գումարն էր: 5 երեխա ունեցող միայնակ մոր կոմունալների վարձն էր և այլն»,-ասաց Մարթա Մելիքսեթյանը:

Կին սպան պատերազմից առաջ և հետո աջակցում է բոլոր կարիքավորներին, զոհված զինվորների ընտանիքներին, սոցիալապես անապահովներին: Հիմա նրա բարեգործական նախաձեռնության շահառու են 60-ից ավելի ընտանիք: «Իմ աշխատավարձի զգալի մասն ամեն ամիս ծառայում է բարեգործությանը: Իմ, ընկերներիս և բոլոր պարաստակամ մարդկանց միջոցով արդեն մի քանի ամիս է հոգում ենք Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները՝ վճարում կոմունալները, վարձում տուն, լուծում հագուստի խնդիրը, դպրոցի, ամիսը մեկ տրամադրում պարենի ու տնտեսական իրերի մեծ փաթեթ»:

Սոցիալական խնդիրները հանցագործության կատարման հիմանական պատճառն են: Մարթան վստահ է, կարիքավորին աջակցելով՝ մենք նվազեցնում ենք հանցավորության քանակը:

Արդեն 16 տարի ոստիկանությունում ծառայող Մարթայի ձեռնարկած բարեգործական նախաձեռնության սահմանները Երևանով չեն ավարտվում:

«Սիսիանում, Մարալիկում կան վիրավոր զինվորի ընտանիքներ, ամեն հնարավոր միջոցներով նրանց ենք աջակցում, Գյումրիում կա 2 զոհված ոստիկանության ծառայողի ընտանիք, իմ կրտսեր գործընկերների ընտանիքներն են, ինչպե՞ս չաջակցեմ»:

Ամեն ինչ սկսվեց 2007 թվականին, երբ Մարթա Մելիքսեթյանն աշխատում էր Նոր Նորքի բաժնում՝ անչափահասների գործով տեսուչ: Պատմում է՝ բաժին բերեցին նորածին երեխայի հետ մուրացկանությամբ զբաղվող մոր:

«Երեխան նույնիսկ կարգին տակդիր չուներ: Ես էլ այդ ժամանակ հղի էի: Գնացի տնից իմ երեխայիս համար գնված սնունդը, տակդիրներն ու հագուստը բերեցի ու տվեցի այդ կնոջը»:

Բարեգործությունը ուժ է տալիս: Շատերն են համախմբվել հիմա այդ գաղափարի շուրջ՝ կորուստները վերականգնելու համար: «Յանդեքս» տաքսիի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, նշեց՝ իրեն բախտ չվիճակվեց պատերազմին մասնակցել: Հետպատերազմյան շրջանում հնարավորության չափով աջակցում է պատերազմին մասնակցած բոլոր ընկերներին, ծանոթներին ու հարազատներին: Մարթայի կատարած աշխատանքն էլ կենսական կարևոր է համարում:

«Մարթայի դրամապանակը ինձ փոխանցեց հաջորդ ուղևորը: Վերցրեցի այն ու սպասում էի տիրոջ զանգին: Որոշել էի, եթե մինչև օրվա վերջ չզանգեն «Յանդեքս»-ի գրասենյակ կտանեմ: «Յանդեքս»-ում աշխատում եմ հենց առաջին օրից, երբ ընկերությունը մուտք գործեց Հայաստան, այս ընթացքում առաջին դեպքն էր, որ մեքենայիս մեջ իր կորցրին»,- ասաց «Յանդեքս» տաքսիի վարորդ Արթուր Հակոբյանը:

Վարորդը պատմեց՝ թե պատերազմը, թե համաճարակը մեծ ազդեցություն թողեցին աշխատանքի, եկամտի վրա: «Կորոնավիրուսի պայմաններում աշխատելը դժվար է, բայց թե մենք՝ վարորդներս, թե հաճախորդները պահմանում ենք անվտանգության կանոնները»,- հավելեց վարորդը:

«Յանդեքս»-ից էլ տեղեկացնում են, որ վարորդը կստանա մեծ խրախուսում այդ լավ արարքի համար:

Աղբյուրը՝  https://www.shantnews.am/news/view/853451.html :




Լրահոս