2021 թվականի փետրվարի 10-ին տարածված և ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելուն վերաբերող իրազեկման վերաբերյալ պարզաբանում ենք, որ վերջինս չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից թույլտվություն հայցելու նպատակ և բնականաբար հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ:
Հիշյալ իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ անգամ տվյալ իրազեկման հրապարակմանը նախորդող ժամանակահատվածում առանց նախնական տեղեկացման Սյունիքի մարզում գտնվող յուրաքանչյուր լրագրողի, շաբաթվա ցանկացած օրվա և ցանկացած ժամի դրությամբ, ՀՀ ազգային անտվանգության ծառայության կողմից ցուցաբերվել է պատշաճ աջակցություն՝ ապահովելով նաև ուղեկցություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից:
Վստահաբար ընդգծելով, որ համապատասխան աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես բխում է նաև լրագրողական գործունեության արդյունավետության և անվտանգության տեսանկյունից՝ հարկ ենք համարում հորդորել զերծ մնալ անհարկի շահարկումներից:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ։
Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը: