Հայաստանում անցյալ տարի ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 97 մլրդ 20 մլն դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` 2019 թվականի նկատմամբ այն բավականին պակասել է՝ 33.5 տոկոսով։ Հայաստանի ավտոմեքենաների վաճառքով զբաղվող առեւտրականները լուրջ խնդրի առաջ են կանգնած՝ ավելի քան մեկ տարի է՝ ինչ առեւտուր չունեն:
Առեւտուր չլինելու պատճառներից մեկն այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները` ղազախները մեկ տարուց ավելի է, ինչ ավտոշուկա ոտք չեն դրել: Բացի այս, ավտոմեքենաների առեւտուր չլինելու մյուս պատճառը կորոնավիրուսն է։ Մյուս կողմից, Հայաստանում անցյալ տարի առեւտրի շրջանառությունը կազմել է 2 տրլ 858 մլրդ 57 մլն դրամ, ինչը 2019-ի համեմատ նվազել է 14 տոկոսով:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցյալ տարի մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 295 մլրդ 69 մլն դրամ` պակասելով 17.3 տոկոսով: Իսկ մեծածախ առեւտրի շրջանառությունն անցյալ տարի կազմել է 1 տրլ 465 մլրդ 967 մլն դրամ: 2019 թվականի համեմատ` մեծածախ առեւտրի շրջանառությունը պակասել է 9 տոկոսով: Այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում 2020 թվականը լարված է եղել. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել առեւտրի եւ բիզնեսի վրա։ Ապա նաեւ՝ պատերազմը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.