Ավելի քան 9 օր Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դադարեցված են դասերը։ Աշակերտներն ու ուսուցչական կազմը դպրոց չի գալիս։ Դասերի դադարեցման պատճառ է հանդիսացել նոր տնօրենի ընտրությունը։
Ըստ դպրոցի ուսուցիչների և ծնողների՝ խնդիրն այն է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սխալ նշանակում է արել՝ տնօրեն նշանակելով մեկին, ով մրցույթում քիչ բալեր է հավաքել, ում հետ դպրոցը, մեղմ ասած, պատրաստ չէ աշխատելու։ Պատճառը նաեւ այն է, որ մարզային իշխանությունները՝ մարզպետով եւ կրթության ոլորտը ղեկավարող վարչությունով ու բաժնով հանդերձ, չի ունեցել բավարար համարձակություն ասելու համար, որ չի կարելի նման կամայականություն եւ պետք է նաեւ հաշվի առնել դպրոցի հանրույթի եւ ծնողների կարծիքը։ Արդյունքում տուժում է դասապրոցեսը, տուժում են երեխաները, տուժում է ապագա սերնդի կրթության որակը։ Նման մթնոլորտն էլ սխալ է եւ երեխայի հոգեբանության վրա վատ անդրադարձ ունեցող։ Այս մասին այսօր ArmLur.am-ի Շիրակի մարզային թղթակցի հետ զրույցում պատմել են ծնողները։
Ի վերջո եթե երկու կողմն էլ համառ են, իսկ կենտրոնական իշխանությունը որպես հենց կենտրոնական իշխանություն պետք է գոնե այս հարցում լայնախոհություն ցուցաբերեն եւ «զոռբայություն» չանեն, արդյունքում ունենալու ենք մի դպրոց, որտեղ չկա հաշտ միջավայր, որտեղ նույնիսկ քաղաքականությունն է արդեն ներթափանցել։
Չպետք է մոռանալ, որ դպրոցը դպրոց է այնքան ժամանակ, քանի դեռ ունի աշակերտություն, իսկ այս կերպ շարունակվելու դեպքում հնարավոր է շատ ծնողներ պարզապես որոշեն իրենց երեխաների կրթության հարցը այլ դպրոցի վստահել։ Չի կարելի հանուն նեղ շահերի ավերակների վերածել տասնամյակների ավանդույթը եւ բարի անուն ունեցող դպրոցը։
Գյումրու թիվ 25 դպրոցում կարելի է ասել՝ արտակարգ դրություն է։ Քաղաքի երբեմնի առաջավոր կրթօջախներից մեկում նոր տնօրենի ընտրությունը դարձել է «Գորդյան հանգույց»,֊ նշեցին նրանք։
Նույն դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտներից մեկի ծնող Հասմիկ Սահրադյանը ArmLur.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ փաստեց, որ այսօր դարձյալ հանդիպեցինք Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի ղեկավարների հետ՝ քննարկելու, թե մինչև երբ պետք է շարունակվի այս դասադուլը, որը ինքնաբուխ է կազմակերպվել գրեթե բոլոր ծնողների կողմից, քանի որ ոչ մի աշակերտ չի հաճախում դպրոց:
«Մեզ պետք է հարցի վերջնական լուծում, որը մենք ոչ մի կառույցից չենք կարողանում ստանալ, պետական բոլոր կառույցներին դիմել ենք անգամ փոխվարչապետին, մեր հարցն անգամ քննարկվել է ԱԺ֊ում, որ դպրոցի հանրույթն ու ծնողները դեմ են դպրոցի տնօրենի ընտրություններում հաղթող ճանաչված Իրինա Բաղդասարյանին տնօրեն նշանակվելուն։ Մենք չենք ցանկանում, որ նա լինի, մենք ունենք մեզ համար ընդունելի թեկնածու, պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը։ Այսօրվա հանդիպման ժամանակ մենք մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչների հետ որոշում կայացրինք, որ դասարանական ծնողական խորհուրդները, դասղեկների հետ ծնողական ժողով անցկացնեն և այդ ժողովների վերջում արձանագրություն կազմվի թե, որ ծնողն է կողմ, որ Իրինա Բաղդասարյանը տնօրեն լինի մեր դպրոցում և որ ծնողն է դեմ։
Անգամ շշուկներ կան, որ իբր այս ամենը կազմակերպվում է մի քանի ծնողների կողմից, բայց դա այդպես չէ, ամբողջ դպրոցը դասապրոցեսի չի մասնակցում, ավելի քան 750 աշակերտ (այդքան է դպրոցի աշակերտական թիվը), չի գալիս դպրոց, եթե լիներ այդպես գոնե փոքր թվով երեխաներ դպրոց կգային, դա այդպես չէ։ Առաջիկա կկազմակերպվի ծնողների հետ հանդիպում և կունենանք վերջնական արձանագրություն և կտեսնենք ովքեր են կողմ ովքեր դեմ,֊ ասաց նա։ Հասմիկ Սահրադյանը այս հարցի վերաբերյալ ևս ուներ մտավախություն, որ սա նույնպես հարցի լուծում չի կարող լինել, քանի որ իրենք մինչ այս ևս մեկ ստորագրահավաք էին կազմակերպել և ուղարկել էին պատկան մարմիններին»։
Նշենք, որ դպրոցի հանրույցի բողոքը վարույթ էր ընդունել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Հիշեցնենք, 2020թ սեպտեմբերի 15-ին կայացել էր Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ։ Այն կայացել էր երկու թեկնածուների միջև։
Մրցույթի արդյունքներով, դպրոցի կառավարման խորհրդի ձայները բաշխվել էին 4-2 հարաբերակցությամբ։ Սակայն վերջնարդյունքում ստացվել է հետևյալը՝ փոխվարչապետի հետ երկու թեկնածուների հեռավար հարցազրույցից հետո առաջարկվել է տնօրենի թեկնածու նշանակել 2 միավոր ստացած թեկնածուին, այլ ոչ կրկնակի միավոր ստացած, նույն դպրոցի երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին։