Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով, ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն, 2020-2021 ուստարում Երեւանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել: Միաժամանակ սահմանափակված է նաեւ խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է եւ մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը: Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը եւ պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը՝
- զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ,
- 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն,
- ծնողներից մեկը մահացած է:
Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար: Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, այն կտեւի մինչեւ ս.թ. մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական եւ գիտական, առողջապահական եւ մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝
- նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն եւ հումք,
- առաջարկում են նորարարական լուծումներ,
- միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է «ԱԿԲԱ» բանկի, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խմբի, «Կրեդիտ Ագրիկոլ» ազգային ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
123 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի, մահացել՝ 3-ը: Մեկ օրում կատարվել է 2269 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 668 464-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 300 դեպք, որոնցից 160 169-ը` առողջացած, 3126-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 784 է:
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով եւ փոխադրողի միջոցով: 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Օգոստոսից մինչեւ տարեվերջ այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Միայն 2021թ. հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել: Նախկինում դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ տեղափոխել միայն ուղեկցող ուղեբեռով: Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանի գնահատմամբ` նոր հնարավորությունը մի քանի խնդիր լուծեց. «Փոփոխությունը ճիշտ ժամանակին կատարվեց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ճանապարհները փակ էին, եւ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան այլընտրանքային ճանապարհով ստանալու դեղորայք` սահմանված չափաքանակներով։ Բացի այդ, հնարավոր դարձավ ձեռք բերել Հայաստանում դեռ չգրանցված դեղերը»: Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծել մինչեւ 5 անվանում դեղ, յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ: Արտոնությունից կրկին օգտվելու համար կամ սահմանված քանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն:
Քաղաքացու եւ ներմուծված դեղորայքի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել անձնական օգտագործման փոխարեն առեւտրային նպատակով դեղերի ներմուծումը։ Քաղաքացին նաեւ ծանուցում է ստանում, որ տվյալ օրացուցային տարվա ընթացքում այլեւս չի կարող օգտվել արտոնությունից։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ փոստային առաքանիով հոգեմետ նյութեր պարունակող դեղեր ներմուծելն արգելված է: Նախորդ տարի օրենքի պահանջը խախտելու եւ փոստային առաքանիներով Հայաստան թմրամիջոց ու հոգեմետ նյութ տեղափոխելու 240 դեպք է բացահայտվել, ինչը թմրամիջոցների տեղափոխման ընդհանուր դեպքերի 82%-ն է:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՐՑԱԽ
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 41 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 351 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: