ԴԱՏԱԿԱՆ ՎԵՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհիներ Դիանա Տորեսի ու Տաթեւ Սարգսյանի դատական վեճը թեւակոխել է նոր փուլ: Դեռեւս նախորդ տարի  Տաթեւ Սարգսյանը դատի էր տվել Դիանա Տորեսին իրեն զրպարտելու համար եւ պահանջում  էր Դիանայից  հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ 3 մլն դրամ վճարել՝ որպես փոխհատուցում։

 

Ի դեպ, դերասանուհի Դիանա Տորեսն անձամբ դատական նիստերին ներկա չի գտնվում, դատական ընթացքին հետեւում է միայն վերջինիս փաստաբանը, որը ընդունել է Դիանային առաջադրված մեղադրանքը եւ փորձել է պայքարել միայն փոխատուցման գումարը նվազեցնելու համար:

Դատական ընթացքի եւ մեղադրանքը ընդունելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել դերասանուհի Դիանա Տորեսի հետ, որը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ դեռեւս ցանկություն չունի խոսելու, կխոսի այն դեպքում, երբ ամեն ինչ կավարտվի:

«Ես վստահել եմ ամեն ինչ իմ իրավապաշտպանին, ես անձամբ չեմ գնացել դատին, ընդամենը վստահել եմ նրան ու ոչ մի բանի մեջ չեմ խառնվում: Ամեն ինչի մասին  մանրամասնորեն կխոսեմ, երբ ավարտվի դատական գործընթացը»,-հավելեց նա:

Մեր այն հարցին՝ արդյոք ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ, դերասանուհին նշեց, որ այս պահին մեկնաբանություն  տալու ցանկություն չունի:

Իսկ, ահա, Տաթեւ Սարգսյանը դատական գործընթացի մասին իր հետեւորդների հետ կիսվել է «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում՝ հայտնելով. «Ի դեպ, ուզում եմ լավ նորություն պատմել, ինչը ինձ համար կարեւոր ու ոգեւորող է. այն անձը, ում դատի եմ տվել, այսօր ասել է. «Եթե հնարավորություն լիներ, ես երբեք այդ քայլին չէի գնա, նման բան չէի անի», եւ խնդրում է ներողամտությունս: Բայց ո՛չ: Ես չեմ պատրաստվում ներողամիտ լինել, ժամանակին պետք էր երկար մտածել եւ հետո նոր նման գարշելի քայլերի գնալ: Իսկ հիմա թող յուրաքանչյուրը պատասխան տա այն ամենի համար, ինչ ինքը գտել է այդ պահին նպատակահարմար ու արել է: Այնպես որ, այդ էյֆորիայի մեջ ընկնելը ժամանակավոր երեւույթ է: «Ինստագրամ»-ի հարթակում էյֆորիան անցավ, բախվեցինք իրականության հետ, որը, իհարկե, շատ ցավալի է, փաստորեն: Ամեն դեպքում, ես չեմ մոռանում, թե ես ինչ օրեր տարա այդ ամենի հետ, միայն աղջիկները կհասկանան ինձ, քանի որ յուրաքանչյուր աղջկա համար կարեւոր է իր անունը, իսկ հիմա խոսել, թե ունեմ-չունեմ մի մեքենա ունեմ, դատարանը վերցնելու է եւ վաճառի, քանի որ կա փոխհատուցում 3 մլն-ի: Մարդիկ հիմա անհանգստանում են իրենց գույքի համար, իսկ ես՝ իմ անվան համար: Իսկ ես ունեմ-չունեմ մի անուն ունեմ»:

Հիշեցնենք, որ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը  դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում: Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Սակայն այս նամակը, հայտնվելով Դիանա ձեռքի տակ,  զայրացրել է նրան, եւ վերջինս մի քանի հետաքրքիր եւ սկանդալային  «բացահայտում» է արել Տաթեւ Սարգսյանի  մասին: Մասնավորապես, դերասանուհին,  անդրադառնալով նրա բարոյականությանը, նշել էր, թե Տաթեւը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԱՐԳԵԼՎԵՑ ՀԱՅԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԴԱԴԻՎԱՆՔ

«Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի չարաբաստիկ համաձայնության հետեւանքով Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը տրվեց Ադրբեջանին։ Շրջանն ունի բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, եկեղեցիներ, մատուռներ, որոնց գլուխգործոցը Դադիվանքի վանական համալիրն է։

 

Դադիվանքը, որը հայտնի է նաեւ Առաքելոց, Առաքելադիր անուններով, քանի որ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադեւոսի հետեւորդ Դադեի կողմից 1-ին դարում, գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Միջնադարյան վանական համալիրը մատենագիտական աղբյուներում առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 1920թ. Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո համալիրը դադարեց գործել։ 1960-ական թթ. Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում հիմնեցին գյուղ, որի բնակիչները վնասեցին համալիրի շինությունները, որմնանկարը` այն դարձնելով գոմ։ Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ 1993թ. մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվեց եւ 1994թ. վերաբացվեց։

1997թ.-ից ի վեր վանական համալիրում պարբերաբար իրականցվեցին վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ։ Իրականացված պեղումների ընթացքում՝ 2007թ. հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Արցախի հոգեւոր թեմը տարիների ընթացքում կազմակերպել է Դադիվանքի վերականգնման աշխատանքները եւ այն որպես գոհար պահպանել։ Սակայն 2020թ. նոյեմբերի 25-ից հետո մեզ պարտադրվեց այլ իրողություն, եւ վանական համալիր այցելելու համար կարծես փակվեցին բոլոր ճանապարհները։

Տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի վերջից թույլատրվում էր հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Կիրակի օրերին ռուս խաղաղապահները ուղեկցում էին ուխտավորներին դեպի վանական համալիր, որտեղ էլ հավատավոր ժողովուրդը մասնակցում էր պատարագին, հաղորդություն ստանում։

Սակայն ադրբեջանցիները չեն համաձայնել բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ իրենք հրաման են ստացել արգելել ոչ միայն ուխտավորների, այլեւ հերթապահության եկած հոգեւորականների մուտքը սրբավայր։ Երկար քաշքշուկներից հետո խումբը երեկոյան ստիպված վերադարձել է  Ստեփանակերտ։

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻՆ

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարն անդրադարձել է իր կրկնվող վնասվածքներին: «Իմ բախտը բերել է, որ երբ ես վնասվածք եմ ստանում, մենակ չեմ մնում: Ընտանիքս ինձ օգնում է հաղթահարել դա: Դա աշխարհի վերջը չէ, քանի որ կարող եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու երեխաներիս հետ: Եթե մենակ լինեի, ծանր կլիներ ինձ համար: Վնասվածքների ընթացքում կարելի է շատ բան անել: Իհարկե, կարելի է մարզվել ավելի արագ վերականգնվելու համար, սակայն իմ ստացած վնասվածքները շատ ժամանակ են պահանջում ապաքինման համար: Ինձ միայն մնում է սպասել, ջանասիրաբար աշխատել ու առաջադիմել»,-ասել է  Ազարը: Հիշեցնենք, որ Էդեն Ազարին ձեռք բերելու համար «Ռեալը» 2019-ի ամռանը 100 միլիոն եվրո է վճարել Լոնդոնի «Չելսիին»: Վերջերս նա 10-րդ վնասվածքն էր ստացել Արքայական ակումբում:

 

 




Լրահոս