«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը երկու նախագիծ են ներկայացրել եւ առաջարկում են փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:
Նրանք ցանկանում են ամրագրել, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները եւս կարող են նույն իրավունքները ունենալ. «Խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային Ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմում»:
Իսկ, ահա, մեկ այլ փոփոխությամբ էլ նրանք առաջարկում են հոդվածում կատարել լրացում, որով պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալու խմբակցությունից, այլեւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ:
Նկատենք, որ այժմ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները իրավունք չունեն ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կամ հանձնաժողովների կազմերում:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։