ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հերքում է, Ավինյանը՝ հաստատում. ինչ է գրված գաղտնի փաստաթղթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն այդպես էլ ամբողջությամբ չհերքեցին, որ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարությունից բացի այլ փաստաթուղթ առկա չէ: Բանն այն է, որ  2020 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ չգտած բազմաթիվ գործողություններ (օրինակ՝ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը, որը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի համաձայնությամբ՝ խմբ.) իրականացվում են բանավոր պայմանավորվածությամբ: «Կան նաև որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում: Այս պահին որևէ կոնկրետ թուղթ չկա սեղանին դրված, բայց բանակցություններ պետք է տեղի ունենան, որտեղ բազմաթիվ անորոշություններ պետք է որոշակիացվեն»,- հայտարարեց Փաշինյանը:

Իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դրանից օրեր անց բացեիբաց հայտարարեց, թե, բացի հայտնի փաստաթղթից  որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։ «Բազմաթիվ անգամ ասվել է, որ բացի նոյեմբերի 9-ին հայտարարված փաստաթղթից, ոչ մի այլ փաստաթուղթ գոյություն չունի, չկա նաև բանավոր որևիցե պայմանավորվածություն», – նշել էր նա:

Սակայն համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու հակառակը, որ, բացի հայտնի  փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա։ Փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումները Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։ Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և ԱՀ-ն՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։

Եվ ի հակառակ այս հայտարարությունների, արդեն փետրվարի 10-ին՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փակագծեր բացեց, ըստ էության հաստատելով, որ այդպիսի փաստաթուղթ առկա է: «Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ընդհանուր օգտագործման, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, և դա՝ բացի Ձեր նշած երկու հայտարարություններից. միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի, մնացած բոլոր հարցերով, եթե ավելի դետալացված պատասխաններ եք ցանականում ստանալ, առաջարկում եմ դա անել հանձնաժողովների ֆորմատով կամ խմբակցության հետ հանդիպման ֆորմատով»,- հայտնեց փոխվարչապետ Ավինյանը:

Այսպիսով, հերթական անգամ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրարամերժ հայտարարություններ են անում եւ հանրության համար բացահայտվում են հանգամանքներ, որոնք անսպասելի են: Հավելենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանվում է. « «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս