Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը, նաեւ շահագրգիռ մարդկանց հրավիրել հանրային քննարկման, որը տեղի կունենա փետրվարի 24-ին:
Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.4%։ Իսկ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 82,703,901.2 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 73,297,611.5 հազար դրամ՝ 88.6% կատարողական:
Երևան քաղաքի 2020 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 27,020,249.6 հազար դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 24,528,951.8 հազար դրամ կամ 90.8%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը պակաս է 2019 թվականի համապատասխան ցուցանիշից 473,963.7 հազար դրամով։
Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 64,300,825.6 հազար դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 63.5%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև COVID-19 համավարակի հետ արտակարգ և ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ:
2020 թվականի բյուջեի ծրագրված (ճշտված) 16,366,857.1 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 9,063,520.6 հազար դրամ հավելուրդով։
Իսկ այժմ ներկայացնենք բյուջեի կատարողականը ոլորտ առ ոլորտ. օրինակ 2020 թվականին կայանատեղիների կառուցում եւ վերակառուցում ծրագրով ծախս չի կատարվել: Այսինքն, ոչ մի կայանատեղի չի կառուցվել կամ վերակառուցվել: Որեւէ ծախս չի կատարվել նաեւ աջակցություն համայնքային կազմակերպություններին հուղարկավորությունների հետ կապված անվճար ծառայությունների մատուցման և գերեզմանատների պահպանման համար: Թերեւս հանրության համար մեծ նշանակություն ունի թափառող կենդանիների վնասազերծում ծրագիրը: Բյուջեի կատարողականից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստացի ծախսը կազմել է 183,693.2 հազար դրամ՝ նախատեսված 234,500.0 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 78.3%, որի շրջանակներում վնասազերծվել է շուրջ 3,700 կենդանի, որից ստերջացվել է մոտ 3100, քնեցվել շուրջ 345 և որդեգրվել 85 կենդանի։ Եվ չնայած այս թվերին, թափառող կենդանիները շարունակում են մեծ վտանգ ներկայացնել:
Քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների պահպանման և նորոգման, գույքի, համակարգչային տեխնիկայի և շահագործվող այլ սարքավորումների ընթացիկ բորոգման եւ պահպանման համար կատարողականը կազմել է 180,930.1 հազար դրամ՝ նախատեսված 203,458.2 հազար դրամի դիմաց կամ կատարողականը կազմել է 88.9%։ Գույքի և սարքավորումների վարձակալության գծով ծախսերը կազմել են 37,445.4 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 87.9%, որը պակաս է 2019 թվականի փաստացի ցուցանիշից 12,658.3 հազար դրամով։ Այս գումարի շրջանակներում տարեսկզբից ապահովվել է քաղաքապետարանի թվով 10 ծառայողական ավտոմեքենաների վարձակալությունը, որը ներառում է նաև այդ ավտոմեքենաների ընթացիկ նորոգումը, վառելիքի ծախսը և այլն։
Ներքին գործուղումների գծով ծախսը կազմել է 506.6 հազար դրամ՝ ճշտված 1,300.0 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 39.0 %: Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերը կազմել են 645.2 հազար դրամ՝ նախատեսված 19,430.7 հազար դրամի դիմաց, կատարողականը կազմել է 3.3 %, կամ խնայողությունը կազմել է 18,785.5 հազար դրամ, որը պայմանավորված է ամբողջ աշխարհում COVID-19 համաճարակով։ Գործուղումները կազմակերպվել են դեպի Թբիլիսի, Ստեփանակերտ և բոլոր ծախսերը հաշվարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով։