«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներսում եւս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ 17 ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» դե ֆակտո գոյություն չունի, ու ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են այլեւս այլ ֆորմատով որոշում կայացնել ու պլանավորել, թե ինչպես կարող են հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Հիմա այդ ֆորմատով հանդիպումներ են ունենում ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ինչպես նաեւ նրանց կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը: Բայց նույնիսկ այս լիդերները միմյանց չեն վստահում եւ մեկը մյուսի հավատարմությանը կասկածող մտքեր են հայտնում տարբեր շրջապատներում:
Լավատեղյակ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ լիդերները միմյանց նախ կասկածում են, որ հնարավոր է՝ կապեր ունենան Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ: Օրինակ՝ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կասկածում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող է իրենցից գաղտնի բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ: Նույնաբովանդակ կասկածներ կան նաեւ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի վերաբերյալ, քանի որ, շատերի կարծիքով, նա տարբեր թելերով կապված է ու, հնարավոր է, ինչ-որ պայմանավորվածությունների հանգի գործող իշխանության հետ: Իսկ բոլորը միասին կասկածում են Սերժ Սարգսյանին, որ Նիկոլ Փաշինյանը հենց նրա քաղաքական ծրագիրն է եղել, ու մինչ այժմ կապ կա երկուսի միջեւ, դրա համար Սերժ Սարգսյանը ընտրություններ չի ուզում: Միակ չկասկածվողը թվարկվածներից Ռոբերտ Քոչարյանն է, որն էլ հստակ խնդիր է դրել բոլորի առջեւ՝ ընտրություններին մասնակցել մեկ ճակատով եւ քաղաքական դաշտը դարձնել երկու բեւեռ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ եւ հակոտնյաներ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանշանակ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ դաշինքի չի միանալու, առանձին են գնալու ընտրություններին, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը նպատակ չունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցել, լեգիտիմացնել Փաշինյանին: Սերժ Սարգսյանը գուցե մտափոխվի, ինչպես մտափոխվեց եւ վարչապետ չդառնալու խոստում տալուց հետո դարձավ վարչապետ: ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ն էլ կառուցողական դաշտում են. պատրաստ միասին եւ առանձին գնալու տարբերակներին:
Երբ կորոշվեն հարցերը, կախված կլինի նաեւ ընտրությունների նշանակման ժամկետից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզեց, որ չնայած Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից արդեն Երեւան է վերադարձել, բայց լիդերները դեռ չեն հանդիպել: Միայն հայտնի է, որ որոշում կա փետրվարի 20-ին մեծ հանրահավաք իրականացնել եւ սկսել անհնազանդության տարբեր ակցիաներ: Եկող շաբաթը պետք է ընդդիմության համար վճռորոշ լինի, քանի որ որոշումներ պետք է կայացվեն: Դրանից առաջ, սակայն, նախ պետք է կասկածները միմյանց նկատմամբ փարատվեն, իսկ թե ինչպես, դժվար է ասել:
Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանը մեկ տարի ժամկետով գործուղվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հավելավճար է տրամադրվելու՝ բնակարանի վարձակալության համար: Մենք տեղեկացանք, որ նշյալ պաշտոնի համար անցկացված մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին: Նշենք, որ վերջինս մինչ այս հանդիսացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը եւ հայտարարված մրցույթում միակ թեկնածուն է եղել: Նշենք, որ հատկապես հետպատերազմյան շրջանում ավելի է կարեւորվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գրագետ աշխատանքը, քանի որ շատ են դիմումներ ներկայացվում թե՛ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ, թե՛ հակառակը: Ընդ որում, ՄԻԵԴ-ը հաճախ որոշումներ է կայացնում ընդդեմ Հայաստանի վճիռներով եւ կառավարությանը պարտադրում գումարներ վճարել դիմումատուներին: Հենց այսօր կառավարության նիստի օրակարգում առկա մեկ այլ որոշմամբ էլ կհաստատվի, որ այսուհետ պետական բյուջեում գործելու է առանձին բյուջետային կետ «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» անվամբ:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցության կտրամադրվի: Նշենք, որ Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում՝ ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ. այդ բնակարաններում թողել են իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որեւէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից: Այս խնդրի լուծման նպատակով ՀՀ ՊՆ-ն աջակցություն տրամադրելու կարգը եւ պայմանները հաստատող որոշման նախագիծ է ներկայացրել քննարկման: Ի դեպ, երեկ ՀՀ ԱԺ անկախ պատգամնավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրեն են դիմել մի շարք քաղաքացիներ եւ կազմակերպություններ, որոնց գույքը պատերազմի օրերին օգտագործվել է բանակի կողմից եւ հիմա վնասված վիճակում է կամ գոյություն չունի: Ապա կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր է մշակել նրանց գույքը փոխհատուցելու կամ նորով փոխարինելու համար: Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ նշեց, որ այդ հարցը ուսումնասիրվում է. «Մենք հիմա ստանում ենք համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետո կընդունվի որոշում կամ փոխհատուցում կլինի»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, մասնավորապես՝ նախաքննական մարմինները հայտնվել են խնդրի առջեւ: Շուրջ 10 հազարից ավելի անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` պատերազմի դաշտից փախչելու կամ մարտական դիրքը լքելու վերաբերյալ: Եվ դա է պատճառը, որ նախաքննական մարմինները պատերազմի ժամանակ դիրքը լքած կամ փախչած անձանց այս օրերին կանչում են հարցաքննության, իսկ մարդիկ էլ ցուցմունք են տալիս՝ նշելով. «Պատրաստակամ կերպով գնացել ենք կռիվ, բայց ի՞նչ անեինք, երբ օդից կրակ էր թափվում, ու մեր աչքի առջեւ մեր ընկերները մոխրանում էին, ու մեզ այլ ելք չէր մնում, ստիպված փախչում էինք, որ փրկվենք, ի՞նչ անեինք, մնայինք մեռնեի՞նք»: Քննիչները, լսելով նրանց ցուցմունքը, չգիտեն՝ ինչ անել, ինչ իրավական լուծում տալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործ հարուցված է 10 հազարից ավելի անձի վրա, եւ դեռեւս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացվի նրանց գործողությունների հետ կապված: Նկատենք՝ երեկ էլ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հետ կապված ավելի քան 10 հազար քրեական գործ է հարուցվել: