ՄԱՐԴԻԿ ԱՐՏԱՀԵՐԹԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը  ArmLur.am-ի հետ զրույցում հարց է բարձրացրել, թե ինչպես է իշխանությունը պարզել, որ չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ հանրային պահանջ: «Մարդկանց լռությունն իրենք ընկալում են որպես վստահություն, բայց դա վստահություն չէ: Մարդիկ շատ են հարցնում՝ լինելու են արտահերթ ընտրություններ, թե ոչ: Եվ ես կարծում եմ, որ այս հարցից ելնելով՝ նշանակում է, որ մարդիկ նման ցանկություն ունեն»,- նշել է նա:

 

-Տիկի՛ն Սամսոնյան, իշխանությունը պարզել է, որ հանրության լայն շերտերը չեն ցանկանում, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, եւ որոշել են օրակարգում այլեւս այդ հարցը չքննարկել: Նրանք մեղադրում եմ ընդդիմությանը: Ինչո՞ւ իշխանությունը գնաց նման քայլի:

-Նախ՝ ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպես է իշխանությունը պարզել լայն շրջանակների այդ տրամադրությունների մասին, քանի որ իրենց պատգամավորները խնդիր ունեն փողոց դուրս գալու, մարդկանց հետ շփվելու: Ո՞նց կարելի է չափել մարդկանց տրամադրությունները: Պարզապես ես կարծում եմ, որ մարդկանց լռությունը,  պասիվությունը իրենք ընկալում են որպես իրենց վստահություն, բայց դա վստահություն չէ: Շատ են հարցնում՝ լինելու են արտահերթ ընտրություններ, թե ոչ, եւ ես այդ հարցից հասկանում եմ, որ մարդիկ գոնե մտածում են, որ արտահերթ ընտրություններով կլինեն փոփոխություններ, կգա այլ մարդը, եւ այս վտանգավոր իրավիճակից դուրս կգանք: Շատ մարդիկ կան, որոնք ուզում են ներդրումներ, ճամպրուկներով պատրաստ կանգնած են. լինեն ընտրություններ, կփոխվի իշխանությունը՝ կմնան, չի փոխվի՝  պատրաստվում են հեռանալ: Այսինքն՝ խնդիրը կա: Իշխանությունը պետք է կողմնորոշվի ու հստակ հայտարարի՝ անում են արտահերթ ընտրություններ, թե ոչ: Ըստ իս՝ այս վարքագիծն ունի երկու նպատակ՝ այն, որ դատարկ  թեման անընդհատ պտտել, եւ մյուսը՝ որպեսզի մի օր անակնկալ ձեւով, թողնելով մարդկանց անորոշության մեջ, հանկարծակի հայտարարի, որ գնում է արտահերթ ընտրությունների, եւ հնարավորություն չտա մյուս քաղաքական ուժերին հավասար մրցակցային պայմաններ ստեղծել: Սա անազնիվ վարքագիծ է, որն այս իշխանության պարագայում ես նորմալ եմ համարում:

-Իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը որեւէ ձեւով չի համաձայնել գնալ արտահերթ ընտրությունների: Ընդամենը պահանջ կա վարչապետի հրաժարականի, որն էլ իրենց համար ընդունելի տարբերակ չէ: Արդյոք ընդդիմության պատճառո՞վ մերժում եղավ:

-Այստեղ եւս մարդկանց փորձում են խաբել՝ ասելով, թե ընդդիմությունը չի համաձայնում, որովհետեւ մենք երբեք չենք դրել  հստակ պահանջ, որ չեք անում եւ վերջ: Մենք ասել ենք՝ ուզում ենք անենք, մենք ունենք այլ օրակարգ. դա ձեր հրաժարականն է ժամանակավոր իշխանության ստեղծումն է: եթե դուք ձեր օրակարգն ուզում եք իրականացնել, կյանքի  կոչեք, մեզանից ի՞նչ եք ուզում, որտե՞ղ են ձեր վախերը: Իրականում բոլոր քննարկումներում իշխանությունը ցուցաբերում է իր վախերը: Եթե վախ չունեն, թող հանգիստ գնան ընտրությունների: Եթե վախեր ունեն, դա իրենց խնդիրն է, մենք այդ հարցում իրենց չենք կարող օգնել:

-Ումի՞ց են վախենում՝ խորհրդարանակա՞ն, թե՞ արտախորհրդարանական ուժերից:

-Բոլորից, նաեւ հանրությունից: Հանրության լռությունը պետք չէ խառնել վստահության հետ: Այսօր փոփոխությունների կարիք կա, եւ այդ փոփոխությունները սպառված իշխանությունն այլեւս չի կարող իրականացնել: Այս անորոշությանը պետք է վերջ տրվի, կա՛մ թող հրաժարական տա, մեր օրակարագի համաձայն՝ գանք համաձայնության, հեռանա, անցումային կառավարություն ստեղծենք, կա՛մ, եթե կարող ե, թող անեն իրենց արտահերթ ընտրությունները: Մեր առջեւ որեւէ նախապայման դնելը միայն վախերի ցուցադրություն է:

-Սա չի՞ սրելու իրավիճակը, քանի որ արտախորհրդարանական ուժերը հանրահավաքների են պատրաստվում, իսկ խորհրդարանական ընդդիմությունն էլ ճնշման է ենթարկում ու ասում, որ ցանկացած օրակարգ կեղծ է: Ըստ Ձեզ՝ սա կսրի՞ իրավիճակը:

-Այս քաղաքական իրավիճակը չի կարող ապահովել հարմարավետ դաշտ Հայաստանի առջեւ ծառացած իրական խնդիրների լուծման համար: Փոփոխություններ անպայման պետք է լինեն, եւ դա իշխանության պատասխանատվությունն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, նրանք կարեւոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

 

Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Սա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների՝ Ադրբեջան վերադարձին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թվական) որոշումներով դրված է Մինսկի խմբի համանախագահության վրա: Եռյակը միջազգային ուժեղ աջակցություն ունի եւ կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց զգուշավոր, առանց շտապելու, երբ ժամանակը գա:

Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ նրա համանախագահները կարող են ակտիվություն դրսեւորել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկելու գործում: Երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանակներում կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը եւ քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը»,- նշել է Ռուդենկոն:

Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանը չի զգուշանում Թուրքիայի ներկայությունից Անդրկովկասում՝ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվան ելնում է այն փաստից, որ «տարածաշրջանում ռազմական գծով Անկարայի հետ ռուսական կողմի փոխգործակցությունը կառուցվում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում, որը հունվարի 30-ից գործում է Աղդամում»:

 

 

 

 

ՀՐԱՀԱՆԳ ՉԿԱ

Նախօրեին Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ մանկապարտեզներում երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի, եւ նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը եւ պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ, 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն, ծնողներից մեկը մահացած է: Սակայն ArmLur.am-ը ահազանգեր է ստանում ծնողներից, որ վերոհիշյալ հայտատարությունից հետո անգամ ծնողներն այցելել են մանկապարտեզներ` պարզելու համար, թե արդյոք տեղյակ են քաղաքապետարանի հայտարարությունից, եւ երբվանից է այն գործելու, որպեսզի երեխաները, որոնք համապատասխանում են չափորոշիչներին, դուրս չմնան ընդունելությունից: Սակայն, ի հիասթափություն ծնողների, մանկապարեզում վերջիններիս տեղեկացրել են, որ հայտարարության մասին տեղեկացել են լրահոսից, երբ պաշտոնական հրահանգ լինի, իրենք կտեղեկացնեն:

Այսպիսով, ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանը ծնողների դժգոհությունը եւ բողոքի ակցիաները կանխելու համար պարզապես տարածեց մի հայտարարություն, որը դեռեւս գրված է թղթի վրա է, իսկ իրականությունից դեռեւս շատ հեռու է:

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ՉԵՆ ՍՏԱՆԱ

2021 թվականի առաջին կիսամյակի համար Ազգային Ժողովի պատգամավորները պարգեւավճար չեն ստանա: Նման կարգադրությունն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի՝ առաջին կիսամյակի համար հատկացված դրամական միջոցները բաշխվելու են միայն Ազգային Ժողովի  աշխատակազմի աշխատողների միջեւ՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Ազգային ժողովի բյուջեի պարգեւատրման ֆոնդը հաստատված է դեռեւս 2018 թվականից՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքով եւ կառավարության համապատասխան որոշումներով:

 

 

 




Լրահոս