«Մենք, 3 ամիս է, առաջարկում ենք փաստահավաք խումբ ստեղծել եւ քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքը, նախապատերազմյան շրջանում սպառազինությունը, բանակցությունների ընթացքը եւ համապատասխան զեկույցով հանդես գալ ժողովրդի առջեւ»,- երեկ՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա այդ նախագծի առնչությամբ հարց է ուղղել վարչապետ Ն. Փաշինյանին. «Վերջին հաշվով, մարդիկ ուզում են իմանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Ես առաջարկում էի ստեղծել փաստահավաք խումբ, անցել է 3 ամիս, որեւէ ձեւով կոնսենսուսի չենք եկել, «Իմ քայլը» դեմ է արտահայտվել։ Ես պատրաստել եմ օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ ստեղծել փաստահավաք խումբ։ Հազարավոր մեր եղբայրներն են զոհվել, հազարավոր կիլոմետրերով տարածք է հանձվել, Զինված ուժերի մեծ կորուստ ենք ունեցել եւ չե՞նք ուզում քննել եւ ճշմարտությունը ներկայացնել ժողովրդին»։
Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ, ըստ այդ նախագծի, պետք է ստեղծվեր պարիտետային հանձնաժողով, որն ինքն ուսումնասիրել եւ տեսել է, որ այդ նախագծով հանձնաժողովը 70 տոկոսով պիտի ձեւավորվի այն քաղաքական ուժերից, որոնք այդ հարցերի բոլոր պատասխաններն արդեն տվել են տարբեր ամբիոններից. «Այսինքն՝ եթե այդ ուժերի համար կա քննության կարիք, ինչու են նրանք արդեն հրապարակել եզրակացությունները։ Վերջին անգամ մենք փորձել ենք նաեւ Ձեզ հրավիրել այդ թեմայի վերաբերյալ քննարկման, սակայն Դուք հարկ չեք համարել, որպեսզի գաք, եւ այդ քննարկումը տեղի ունենա։ Դուք ասում եք՝ վրաերթ է լինում, քրեական գործ է հարուցվում։ Այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա քննվող, որոնք քննվում են։ Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, եւ այդ մեխանիզմը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձեւավորվել՝ օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն»։
Անդրադառնալով պատերազմի մասին ճշմարտության բացահայտմանը՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը, համենայնդեպս, բավականաչափ քննարկվել է, եւ ես Ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, որ մինչեւ վերջին դետալը պետք է պարզվի։ Այնպես չի, որ այդ քրեական գործերը տվել են անհրաժեշտ հարցերի պատասխանները, բայց պետք է ամեն ինչ անել, որ տան այդ հարցերի պատասխանները»։
Մարուքյանն էլ արձագանքել է, որ, օրինակ, Մարտի 1-ի դեպքերից հետո կար հարուցված քրեական գործ, բայց ստեղծվեց փաստահավաք խումբ, Ապրիլյան պատերազմից հետո կային հարուցված քրեական գործեր, բայց երկրում ստեղծվեց քննիչ հանձնաժողով։
«Քննիչ հանձնաժողով ստեղծելը հղի է նրանով, որ չի ունենալու այն վստահության մակարդակը, որովհետեւ մեծամասամբ ձեւավորված են լինելու իշխանությունից, հետեւաբար լեգիտիմությունը ցածր է լինելու։ Քրեական գործերով չի լինելու վստահություն։ Լինելու է հետեւյալը՝ որ Դուք հարուցել եք քրեական գործ, մեղքի բեռը Ձեր վրայից գցեք»,- նշել է Է. Մարուքյանը։
Վարչապետն էլ ասել է, որ Մարուքյանի այդ նախագծին դեռ չի ծանոթացել. «Եկեք ես այս պահին չշարունակեմ իմ պատասխանը, այդ տեքստին կծանոթանամ, կարձագանքեմ։ Իմ պատասխանը հիմնված էր Ձեր նախորդ տեքստի վրա»։
Էդմոն Մարուքյանն էլ Նիկոլ Փաշինյանին փոխանցել է նախագիծը, որ ծանոթանա։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որը նպատակ ունի աջակցություն տրամադրել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների ընտանիքներին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված նախագծի նպատակն Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին համապատասխան աջակցության տրամադրումն է։
Բանն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մի շարք համայնքներում գտնվող բնակարաններում (բնակելի տներում) թողնելով իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ անձնական օգտագործման ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որեւէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից: Եվ նշված հանգամանքը վերջիններիս շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաեւ բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության վրա` ստեղծելով նաեւ սոցիալական լարվածության օջախներ:
Նախագիծն ընդունվելու դեպքում նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։
ԳՈՂԱՑԵԼ ՈՒ ԲՌՆՎԵԼ Է
Փետրվարի 2-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Բաղրամյան փողոցի մի խանութից գողություն են արել։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խանութի դուռը, գողացել թանկարժեք խմիչք ու ծխախոտ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ հանցամիտը արծաթագույն «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով էր եղել։ Փետրվարի 7-ին՝ գիշերային շրջայցերից մեկի ժամանակ, Բաղրամյան փողոցում ոստիկանները նկատել էին կասկածելի արծաթագույն «Օպելը»: Վարորդը, ոստիկաններին տեսնելով, փորձել էր փախչել, սակայն իրավապահները հետապնդել էին, Վարդաբլուր գյուղում կանգնեցրել մեքենան եւ վարորդին, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Պարզվել է, որ 42-ամյա կասկածյալը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ է։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան բնակավայրի տարածքում տեղակայված գումարտակի պայմանագրային զինծառայողները դժգոհում են, որ արդեն երկու ամիս իրենց աշխատավարձը նախատեսվածից 60-70 հազար դրամ պակաս է տրվում։ Նրանք այդ կապակցությամբ բողոքել են «Ժողովուրդ» օրաթերթին։ Նրանց խոսքերով՝ հունվար ամսին իրենք, նախատեսված 190 հազար դրամի փոխարեն, ստացել են 130 հազար դրամ, իսկ փետրվարի 9-ին, նախատեսված 190-200 հազար դրամի փոխարեն, ստացել են 130 հազար դրամ։ Սահմանապահ զինծառայողները դիմել են իրենց հրամանատարությանը, սակայն ստացած պատասխանները պայմանագրային զինծառայողներին համոզիչ չեն թվացել։ Պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ իրենց շարքերում այդ կապակցությամբ լուրջ դժգոհություն է առաջացել, շատերն են ուզում լքել զինվորական վտանգավոր, սակայն քիչ վարձատրվող ծառայությունը։ Զանգահարեցի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի ֆինանսիստ Արթուր Գիշյանին։ Նա սկսեց բացատրել, որ պայմանագրայինների աշխատավարձը գոյանում է հիմնական աշխատավարձին գումարած մարտական դիրքերում ծառայելու հավելավճարները, դեկտեմբեր ամսին էլ 50 հազար դրամ կանխավճար է տրվել պայմանագրային զինծառայողների սոցիալական կարիքները բավարարելու համար։ Զորամասի ֆինանսիստը ներկայացրեց աշխատավարձի գոյացման բարդ թվաբանություն, որից դժվար էր գլուխ հանել: Նրան հայտնեցի, որ աշխատավարձի գոյացման այդ մեխանիզմը պարզ չէ, ֆինանսիստն ասաց, որ իր համար շատ դժվար է պայմանագրային զինծառայողներին աշխատավարձի գոյացման մեխանիզմը բացատրելը։ Զորամասի ֆինանսիստը հայտնեց, որ պայմանագրային զինծառայողներին աշխատավարձի գումարը պակաս չի վճարվել, ինքը դա կարող ապացուցել, որ այդ հարցով պայմանագրային զինծառայողները կարող են բողոքել ՊՆ «Թեժ գիծ», ոստիկանություն կամ ուր հարկն են համարում։ Եթե ընդունենք, որ Նոյեմբերյանի սահմանագոտու դիրքերը պաշտպանող պայմանագրային զինծառայղների աշխատավարձը պակաս չի վճարվել, ինչո՞ւ է աշխատավաձի հաշվարկման բարդ մեխանիզմ ներդրվել, որ հայրենիքի պաշտպանները ի վիճակի չեն ըմբռնելու, թե ինչպես է գոյանում իրենց աշխատավարձը։
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՓԱԿՎԵԼ Է
Դիլիջան քաղաքում գործող «Տավուշ» բժշկական կենտրոնի կորոնավիրուսի դեմ պայքարի բաժանմունքը, որը վերջերս վերաբացվել էր, կրկին փակվել է։ Դիլիջանի հիվանդանոցում գործող այդ բաժանմունքի ղեկավար Լեւոն Թորոսյանը հայտնեց, որ բաժանմունքի վերաբացվելուց հետո կորոնավիրուսով հիվանդներ կային, որոնք բուժում են ստացել, սակայն դրանից հետո բաժանմունք դիմող հիվանդներ չեն եղել, որն էլ պատճառ է դարձել բաժանմունքի փակման։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ