2020 թվականին Հայաստանում գրանցվել է մաքսանենգություն դեպքերի աննախադեպ աճ՝ 426, ինչը 141 տոկոսով շատ է, քան 2018 թվականին գրանցված ցուցանիշը, եւ 112 տոկոսով շատ, քան 2019 թվականին գրանցված ցուցանիշը:
Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ պարզաբանելով, որ 2020 թվականին բացահայտման ցուցանիշներն ամենալավն են եղել վերջին 10 տարում:
Նա հավելել է, որ 296 դեպքերով քրեական գործ է հարուցվել, բացի այդ, 130 վարչական գործ է հարուցվել մաքսային ծառայությունների աշխատակիցներից ներկրվող ապրանքների թաքցման փաստով, այդ թվում՝ 121 բջջային հեռախոս, ավելի քան 1 կգ ոսկյա զարդեր, 72 կգ թմրանյութ եւ հոգեմետ նյութեր չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոպահեստամասեր եւ այլն:
«2020 թվականին երկու անգամ աճել են վարչական իրավախախտումները՝ կապված ավտոմեքենաների ներմուծման հետ՝ 55-ն ընդդեմ 22-ի 2019 թվականին»,-հավելել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ կտրուկ աճում է փոստով թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի ներմուծումը (բոլոր դեպքերի 82 տոկոսը), իսկ ցամաքային սահմանի միջով ներկրումը նվազել է, ինչը բացատրվում է Իրանի միջով տեղաշարժերի սահմանափակմամբ: «Թմրանյութերի 60 տոկոսն ուղարկվել է ԱՄՆ-ից (145 դեպք), 22 տոկոսը՝ Ֆրանսիայից (55 դեպք): Հայտնաբերվել է նաեւ 1000 բլոտեր ԼՍԴ-թմրանյութ՝ ուղարկված Մեքսիկայից: Այդ քանակությունն աննախադեպ է Հայաստանի համար: 2020 թվականին հայտնաբերվել եւ առգրավվել է 5,2 կգ ափիոն, 6,1 կգ մետամֆետամին, 2,9 կգ կետամին, 3,1 կգ մարիխուանա, 1,6 կգ հերոին, 82 էլեկտրոնային ծխախոտ եւ հաշիշային յուղով մունդշտուկ, թմրանյութ պարունակող 31,7 հազար դեղահաբ եւ դեղապատիճ»,-նշել է Վարդանյանը:
Ըստ պաշտոնյայի՝ անհրաժեշտ է տարանջատել դեպքերը, երբ Հայաստանը դարձել է տարանցիկ տարածք այն դեպքերից, երբ երկիրը դարձել է ուղարկման վերջնակետ: 2020 թվականին կանխվել է թմրանյութերի տարանցման 5 փորձ: Պաշտոնյան ուշադրությունը հրավիրեց այլ գերատեսչությունների հետ համագործակցության կարեւորությանը, որի արդյունքում այս տարի հայտնաբերվել է ադամանդների ապօրինի ներկրում, երբ ներմուծողը հայտարարագրում նվազեցրել է կարատների քանակը՝ նշելով 72 մլն դրամ գումար այն դեպքում, երբ իրական շուկայական գինը կազմել է ավելի քան 420 մլն դրամ: «2020 թվականի նոյեմբերին միջազգային համագործակցության շրջանակում ԱՄՆ-ից Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերել են 170 հազար դոլար արժողությամբ սարքավորում: Այս տարի համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությամբ նախատեսված է հայտնաբերման նոր համակարգերի ներդրում, ծրագրվում է լավացնել կադրերի վերապատրաստման հնարավորությունները, ինչպես նաեւ այլ կարեւոր բարեփոխումներ անցկացնել»,-եզրափակել է ՊԵԿ ներկայացուցիչը:
Ն.Հ.
ՆՈՐ ՕՐԵՆՔ
Ազգային ժողովը քննարկել է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանն ու Արման Աբովյանը: Օրենքի նախագծով՝ պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունը պետք է իրականացնի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Օրինագծի դրույթներից մեկով՝ պետական սահմանում ՀՀ շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում: Նախաձեռնության ընդունման արդյունքում կպահանջվեն լրացուցիչ ֆինանսական ծախսեր: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի հաշվարկներով՝ առաջին տարվա համար նախատեսվում է ծախսել մոտավորապես 98 մլն դրամ, որից 84 մլն-ը կկազմի աշխատակիցների վարձատրությունը: Գործառույթների համար կներգրավվի 28 նոր աշխատակից: 2.8 մլն դրամ կհատկացվի 4 նոր անցակետերի կառուցմանը, 4 մլն 800 հազար դրամ՝ տրանսպորտային ծախսերին, 4 մլն 348 հազար դրամ՝ տեխնիկական հագեցվածությանը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացրել են, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի փետրվարի 10-ից կվերաբացի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ամբողջական հասանելիությունը: Այն հայտարարատուները, որոնք համակարգի հասանելիության սահմանափակման հետեւանքով հնարավորություն չեն ունեցել օրենքով սահմանված ժամկետներում լրացնել եւ ներկայացնել հայտարարագրերը, կարող են համակարգի վերաբացումից հետո մեկամսյա ժամկետում լրացնել պաշտոնի ստանձնման կամ դադարի հայտարարագրերը։
2020 թվականի տարեկան հայտարարագրերի լրացման պարտավորություն ունեցող անձանց Հանձնաժողովը լրացուցիչ կծանուցի բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով։ Ծանուցումներն իրականացվելու են փուլ առ փուլ՝ ըստ համապատասխան գերատեսչությունների հայտարարատուների։ Ծանուցումները ստանալուց հետո հայտարարատուները կարող են իրենց տրամադրված անհատական օգտվողի անվամբ եւ գաղտնաբառով մուտք գործել համակարգ եւ լրացնել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրերի լրացման ընթացքում առաջացող հարցերին համակարգված պատասխանելու համար յուրաքանչյուր գերատեսչությունում նշանակված են տվյալ գերատեսչությունում հայտարարագրման գործընթացը համակարգող պատասխանատուներ, որոնց հայտարարատուները կարող են դիմել հայտարարագիրը լրացնելու ժամանակ առաջացող հարցերի դեպքում։ Հիշեցնում ենք նաեւ, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է։
ԱՐՑԱԽ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: «Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ: Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։ Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը ստանում են Երեւանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, համապատասխան աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։ Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրերի ընթացքում. իհարկե, երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տեւել, որի մասին դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացին կտեղեկացվի։ Մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում։ Վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետություն նշված ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»։
ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը: Այն խորհրդարանի նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ, որպես քրեական դատավարության սկզբունք, ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը»,- ասել է նա: Ըստ արդարադատության նախարարի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարությունը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաեւ քրեական գործի հարուցման ձեւական փուլը: