Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների եւ 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228.000 հա, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155.000:
Պետական օժանդակության ծրագրերի շարքում 2020թ. մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա, գրեթե կրկնակի աճել է շահառուների թիվը: Շոշափելի աճ է արձանագրվել ինտենսիվ այգեգերծության ծրագրի շրջանակում՝ 2019թ. 53.2 հա համեմատ՝ 2020թ. ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա, շահառուների թիվը 17-ից հասել է 53-ի: Փոխնախարարի զեկուցմամբ՝ հաշվի առնելով ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ 2021թ. նախատեսվում է համակարգային մոտեցման ներդրում, որը կներառի կրթական բաղադրիչը եւս, եւ Ագրարային համալսարանում կիրականացվեն ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ: Գյուղապահովագրության ծրագիրը 2020թ. իրականացվել է 6 մարզում, ներառել է 2 մշակաբույս, 2021թ. նախատեսվում է ապահովագրման ենթակա մշակաբույսերի թիվը հասցնել 11-ի եւ ծրագիրն իրականացնել բոլոր մարզերում: Արդյունավետ ընթացք է արձանագրել տոհմային անասնաբուծության եւ անասնապահության ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, փետրվարի 15-ից այն հասանելի կլինի նաեւ Սյունիքի մարզում: Կատարվել են կենդանիների պատվաստման հակահամաճարակային միջոցառումներ եւ համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքներ:
Անդրադառնալով մթերման գործընթացին՝ փոխնախարարը նշել է, որ 2020թ. մթերվել է 98000տ պտուղ-բանջարեղեն, որը 11000տ ավելի է նախորդ տարվանից: Իրականացվել է խաղողի տնկարկների քարտեզագրում. այն կարեւոր նշանակություն ունի ռեեստրի ստեղծման համար եւ կշարունակվի նաեւ այս տարի՝ մարզերի աշխարհագրության ընդլայնմամբ: Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021թ. Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ եւ օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում: Վերամշակման եւ արտահանման ոլորտներին օժանդակելու նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան 3 սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու եւ դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով 2020-2021թթ. 57 վերամշակող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որոնց շրջանակում աջակցություն կտրամադրվի արտադրական կարողությունների վերազինմանը/սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը։
Ինչ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերին, ապա 2020թ., 2019թ. համեմատ, վարկերի քանակը աճել է ավելի քան 4 անգամ, վարկային պորտֆելի ծավալը՝ գրեթե 2 անգամ: Վարչապետին զեկուցվել է նաեւ արոտների կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման 2020թ. արդյունքների եւ առաջիկա աշխատանքների մասին:
Փոխնախարարը նշել է, որ 2021թ. համար նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շարունակականություն, եւ վերոնշյալ ծրագրերը արձանագրված ռիսկերի գույքագրումից եւ բարելավումից հետո շարունակում են իրականացվել: Առաջիկայում կներկայացվի նաեւ ՀՀ-ում գարնանացան հացահատիկային հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր:
Ն.Պ.
ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» Փակ բաժնետիրական ընկերությունից ArmLur.am-ին հայտնում են, որ ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ-Երեւան-Կրասնոյարսկ երթուղով չվերթներ կիրականացնի: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ յուրաքանչյուր ուրբաթ:
196 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, առողջացել է 236 քաղաքացի, մահացել՝ 4-ը: Մեկ օրում կատարվել է 2574 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 671 038-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 496 դեպք, որոնցից 160 405-ը` առողջացած, 3130-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4175 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 786 է:
ՓՈԽԱՆՑԵԼ Է 1 ԳԵՐԻ
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը: Կատարված աշխատանքների արդյունքում՝ Բաքու է տարվել 1 եւ Երեւան է վերադարձվել 5 գերի»,-նշել է Մուրադովը:
ՎԻՐՈՒՍՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հայաստանում 2021թ. գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, բոկավիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Այս մասին փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է եւ կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարեւորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում` սեզոնային գրիպի կանխարգելումը: Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, եւ ռիսկի խմբի բոլոր անձինք, որոնք դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա եւ պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաներ, 65-ից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք եւ սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար եւս պատվաստումը հասանելի է»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: