Արցախյան պատերազմում ժամկետային զինծառայողներ Վարդանյան եղբայրները հերոսաբար մարտնչել են թշնամու դեմ, սակայն Ջաբրայիլում թեժ մարտերից մեկի ժամանակ ավագ եղբայրը՝ Հարություն Վարդանյանը, զոհվել է, իսկ փոքրից՝ Նարեկ Վարդանյանից, մինչ օրս հարազատները լուր չունեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վարդանյան եղբայրների հերոսական կերպարի մասին պատմել է նրանց ազգականը՝ Հակոբ Ասատրյանը: «Երկու եղբայրները ժամկետային զինծառայողներ էին, ավագ եղբայրը՝ Հարություն Վարդանյանը, ծնվել է 2002 թվականին Ներքին Գետաշենում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում գերազանց, սակայն կյանքի բերումով կրթությունը կիսատ է թողել եւ ծնողների հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մշտական բնակության: Սակայն ծառայության պատճառով Հարութը վերադարձել է հայրենիք, ունենալով որոշ առողջական խնդիրներ՝ ենթարկվել է վիրահատության: Նա չպետք է ծառայեր, պետք է ծառայությունն անցկացներ թիկունքում, բայց նա իր կամքով մեկնել է սահման, որպեսզի լծվի հայրենիքի պաշտպանությանը: Մեկ տարի ծառայելուց հետո Հարութին է միանում նրա փոքր եղբայրը՝ Նարեկը: Երկու եղբայրներն էլ ծառայում էին Ջաբրայիլում: Հարութը դիրքի ավագ էր, նա մշտապես աչքի է ընկել գերազանց գիտելիքներով, մեծ պատասխանատվությամբ, դրա համար էլ արժանացել է դիրքի ավագի կոչման: Հարութը հունվար ամսին պետք է զորակոչվեր, բայց, ավա՜ղ, սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Ջաբրայիլը իրենց դիրքը միակ դիրքն է եղել, որ անսասան է մնացել թշնամու հարվածներին շատ երկար ժամանակ՝ մինչեւ ընկնելը: Հարութը մահացու վիրավորում էր ստացել մարտական ընկերոջը դիրքերից դուրս բերելու համար: Հարութի եւ ընկերների մարմինները դուրս են բերվել Ջաբրայիլից մեծ դժվարությամբ, եւ միայն օրերս մեր հերոսին կարողացանք հանձնել հողին»,-պատմում է մեր զրուցակիցը:
Վարդանյան եղբայրների հարազատները հույսով եւ հավատով սպասում են, որ գոնե Նարեկը ողջ կլինի, եւ շուտով կլսեն նրա վերադարձի մասին:
«Նարեկի հետ վերջին անգամ ծնողները զրուցել են սեպտեմբերի 30-ին, բայց ընկերոջ հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 3-ին եւ ալո, ալո ասելով՝ կապն ընդհատվել է. առայսօր լուր չունենք Նարեկից: Երբ իրենց հետ խոսում էին, հարցնում, թե ինչպես են մարտական տրամադրված, միշտ ասում էին, որ ամեն ինչ լավ է, ոգին մարտական է, կարեւորը՝ դուք ձեզ լավ նայեք, երբեք չեն տրտնջացել, բայց մենք շատ լավ հասկանում եւ գիտակցում էինք, որ դրությունը օրհասական է, տղաները միայնակ են պայքարում, օգնող ուժ չկա, իսկ մեղավորները, հուսով եմ, իրենց համապատասխան պատիժը կստանան, ես հիմա չեմ ուզում մարդկանց անուններ տալ: Շատ թեժ կետեր անուշադրության են մատնված եղել, հրամանատարական աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվել»,- հավելում է մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՆՈՐ ԳԻՐՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի հեղինակ Սամվել Գեւորգյանը փետրվարի 11-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «1 րոպե անց» գիրքը։
Գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները եւ մշտապես ձգտում են առաջ:
«1 րոպե անց»-ը նախապատրաստում է մարդուն կայացնել կարեւոր որոշումներ կյանքում, բիզնեսում եւ աշխատանքում: Այն ներկայացնում է, թե ինչպես կարելի է հասնել անգերազանցելի արդյունքի եւ երաշխավորված շարժվել միշտ առաջ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
«Գիրքը սկսել եմ գրել 2020 թվականի ապրիլին, երբ, համավարակով պայմանավորված, խիստ սահմանափակումներ էին, եւ ամեն ինչ կարծես կանգ էր առել: Միտք առաջացավ, որ Հայաստանում ապրող հիմնականում 18-30 տարեկանների մոտ որոշակի գաղափարական ճեղքվածք կա բիզնես աշխարհին պատրաստ լինելու տեսանկյունից: Այդ բացը լրացնելու համար էլ որոշեցի գրել «1 րոպե անց»-ը, որ ոչ միայն պարզապես ասում է՝ դու կարող ես, այլ քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես։ «1 րոպե անց»-ն այն գիրքն է, որը մոտիվացված մարդուն կպատրաստի կարեւոր որոշումների կայացմանը՝ ցույց տալով 12 տրամաբանական հաջորդականություն, 12 հիմնավոր քայլ»,- մանրամասնում է Սամվել Գեւորգյանը:
Շնորհանդեսին, գրքի ներկայացմանը եւ հեղինակի կողմից մակագրմանը զուգահեռ, կկազմակերպվեն խաղային հետաքրքիր անակնկալներ։
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
«Կայսարում» փորձաշրջան անցնող Գեղամ Կադիմյանը ղազախական ակումբի կազմում մասնակցել է ռուսական «Ֆակելի» դեմ ստուգողական հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հանդես է եկել մեկնարկային կազմում եւ փոխարինվել ընդմիջմանը: «Ֆակելը» հաղթել է 4:0 հաշվով՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսին: Հիշեցնենք, որ այս օրերին «Կայսարը» հավաք է անցկացնում Թուրքիայում: Ղազախստանի ավարտված առաջնությունում թիմը գրավել է 7-րդ տեղը: Գեղամ Կադիմյանի նախորդ ակումբն էր բելառուսական «Նեմանը»: Բելառուսի ավարտված առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 խաղի, դարձել 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: «Նեմանում» նա լավագույնն էր «գոլ+փոխանցում» հաշվարկով, իսկ Բելառուսի առաջնության ռմբարկուների ցուցակում գրավեց երրորդ տեղը:
ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ակումբային կարիերայում 500 եւ ավելի գոլ խփած ֆուտբոլիստներին: Ցուցակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն, որին հաջորդում է նրա լեգենդար հայրենակից Պելեն: Լավագույն եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին 5-րդն է:
ՀԱՂԹԵԼ Է
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 114:91 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 32 միավոր: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Ստեֆեն Կարիի անհավանական լեյ-ափը մեջքով:
ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ՀԵՏՈ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեվին Դե Բրյունեն սկսել է մարզվել վնասվածքից հետո: Այս մասին ասել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Բելգիացին դեռ մարզվում է անհատական ծրագրով: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դե Բրույնեն դարձել է 3 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: