ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ԹԵՐԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Եվրոպական միությունն արդեն ծանուցել է Հայաստանին, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն արդեն ավարտվել է: Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից: Իսկ ի՞նչ է արվել ԵՄ- Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով այս տարիների ընթացքում: Նախ՝ նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, իսկ ԵՄ-ն Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: ԵՄ անդամ պետությունների կապիտալով գործող ընկերությունները ՀՀ խոշոր հարկատուների եւ գործատուների թվում են: Իրականացված աշխատանքների մասշտաբների մասին փորձել ենք զրուցել նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ, որը հանդիսանում է  միջգերատեսչական հանձնաժողովի անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում  պատգամավորը նշեց. «2017 թվականին ստորագրված պայմանագիրը, ինձ թվում է, որ ՀՀ այն ժամանակվա կարեւոր ձեռքբերումներից մեկն էր: Առաջիկայում նախատեսված է հատուկ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվի Հայաստամ-ԵՄ հարաբերությունները, մասնավորապես՝ ֆինանսավորման ոլորտում եւ այն ծրագրերի ոլորտում, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից: Որ մենք օգտվում ենք ամբողջովին համաձայնագրից, սխալ կլինի ասել. մենք ունենք ճանապարհային քարտեզ, որն արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել եւ պետք է իրականացվի, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: Վառ ապացույցներից մեկը պարեկային ծառայության ստեղծումն է, ոստիկանության բարեփոխումներն էին, դրանք շարունակվում էին, սակայն պետք է ավարտված լիներ դեռ անցյալ տարի»,- նշեց պատգամավորը: «Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին ուսումնասիրեց ճանապարհային քարտեզը՝ փորձելով առանձնացնել եւ հասկանալ, թե որ նախագծերի ժամկետն է ավարտվել, եւ որոնց իրականացման ժամկետներն են մոտենում: Օրինակ, ըստ ճանապարհային քարտեզի՝ մինչեւ այս տարվա 4-րդ եռամսյակը պետք է պատասխանատու հանդիսացող  ՀՀ արդարադատության կողմից ներկայացվի եւ ընդունվի ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Իսկ, ահա, վարորդական վկայականների տրամադրման կարգում համապատասխան փոփոխությունները պետք է արված լինեին մինչեւ 2019 թվականի հունիսը, այնինչ դրանք, կառավարության որոշմամբ, ուժի մեջ են մտել միայն 2020 թվականի սեպտեմբերից՝ գրեթե մեկ տարի ուշ: Ճանապարհային քարտեզով 2020 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված էր Անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, սակայն նկատենք, որ այն կստեղծվի միայն այս տարի, եւ արդյունքում կունենանք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) եւ Հակակոռուպցիոն կոմիտե:

 

 

 

 

Վերջին շրջանում խորհրդարանում հաճախ ընդունվում են նախագծեր միայն «Իմ քայլը» խմբակցության ձայներով: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եթե յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ընթացքում խորհրդարանն ավելի միասնական որոշումներ էր կայացնում, ապա հիմա մենիշխանությունն է, եւ իշխող խմբակցությունը միայնակ նախագծեր է անցկացնում, եւ ամենեւին էլ կապ չունի՝ ընդդիմությունը դեմ է, թե ձեռնպահ: Իսկ այժմ խոսենք փաստերով.  օրինակ՝ 2020 թվականի հունվարի 20-ից մինչեւ 24-ը գումարված հերթական նստաշրջանի ժամանակ պատգամավորները քվեարկել են 57 նախագիծ: Դրանցից 32-ը ընդունվել է միաձայն, եւ գրեթե մեկ պատգամավոր անգամ դեմ չի քվեարկել այդ նախագծերին: Փետրվարին գումարված նստաշրջանի ընթացքում քվեարկության է դրվել 27 հարց, որոնցից էլ 17 նախագիծ էր ընդունվել միաձայն:  Սրանք իսկապես լավ ցուցանիշներ են, եթե հաշվի առնենք, որ հետագայում ավելացան այնպիսի նախագծերը, որոնց կողմ էր քվեարկում եւ անցկացնում միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Իսկ այժմ դիտարկենք, օրինակ, նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած նիստերի վիճակագրությունը. նոյեմբերի 17-ին խորհրդարանում տեղի է ունեցել հերթական նիստ, որի ժամանակ ընդունվել է 15 նախագիծ, եւ ուշագրավ է, որ դրանք բոլորն էլ ընդունվել են միայն «Իմ քայլը» խմբակցության քվեարկության արդյունքում, եւ յուրաքանչյուր նախագիծ ստացել է 72-74 ձայն: Այսինքն՝ այդ օրը կարեւոր նախագծեր, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» օրենքն ընդունվել է միայն իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ: Նույնն էր նաեւ հաջորդ օրերին, եւ կրկին իշխող խմբակցությունը միայնակ է նախագծեր դակում:

 

 

 

 

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 100, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 959 հազար700: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը ավելացել է 4400-ով: Սակայն սրան մասնագետներն ունեն իրենց բացատրությունը. բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած եւ 2019-ին ՀՀ վերադարձած մեր քաղաքացիները 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել երկրից դուրս գալ, եւ այս պատճառով է, որ բնակչության թվաքանակը, պաշտոնական տվյալներով, ավելացել է: Բայց, չնայած սրան, 2019 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում բնակչության թվաքանակը, հակառակը, նվազել է 1200-ով: Ընդ որում՝ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կանայք թվով գերակշռել են տղամարդկանց. 2 մլն 964 հազար 100-ից 1 մլն 565 հազար 600-ը կին է, իսկ 1 մլն 398 հազար 500-ը տղամարդ: Բացի մշտական բնակչության թվաքանակի ավելանալուց, աճել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականին ծնվածների թիվը կազմել է 36574, ապա 2019-ին՝ 36041, 2020-ին՝ 36448, այսինքն՝ ծնվածները 407-ով ավելացել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով:

 




Լրահոս