ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանի աշխատակազմը ավագանու անդամներին զանգում համոզում է, որ գան աշխատանքի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեւանի ներկայիս կազմով ավագանին գործում է արդեն երկու տարուց ավելի. առաջին նիստը գումարվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին:

Եվ ուշագրավ է, որ այս երկու տարվա ընացքում չի եղել մեկ դեպք անգամ, երբ ավագանու բոլոր 65 անդամները ներկա լինեն: Ավելին, հենց առաջին նիստին մասնակցել է ավագանու 61 անդամ՝ 65-ի փոխարեն, արդեն երկրորդ նիստին մասնակցում էր 57 անդամ, եւ նիստից նիստ այդ թիվն այնքան է նվազել, մինչեւ վերջին՝ երեկ տեղի ունեցած արտահերթ ավագանու նիստին ներկա էր ընդամենը 34 անդամ:

Ընդ որում, քվորումն ապահովեցին մեծ դժվարությամբ՝ ավագանու ընդդիմադիր անդամների հաշվին: Եվ, նկատենք, ամեն անգամ բացակաները հենց իշխանական խմբակցության անդամներն են լինում, իսկ քաղաքապետարանի աշխատակազմ էլ մեծ դժվարությամբ է կարողանում ավագանու անդամներին բերել քաղաքապետարան:

Եվ նաեւ դա է պատճառը, որ, նախատեսված ժամի փոխարեն, նիստը մեկնարկում է 10-15 րոպե ուշացումով, քանի որ այդ ընթացքում աշխատակազմը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, զանգահարում է ավագանու անդամներին եւ նրանց հրավիրում, անգամ համոզում գալ եւ ներկայանալ նիստերին, ինչը, փաստորեն, ոչ միշտ է ստացվում:

Ստացվում է՝ հենց իշխանական խմբակցության ավագանու անդամների համար, այսպես ասած, էական չեն նիստերը, քանի որ նրանցից շատերը ոչ միայն մինչեւ վերջ չեն մնում նիստերին, այլ, փաստորեն, առհասարակ ներկա չեն լինում:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս