Արդյոք չեք պատրաստվում վերանայել կառավարության հնգամյա ծրագրի որոշ դրույթներ: Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այս հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով, թե ընթացքում անհրաժեշտությունից ելնելով կարճաժամկետ ծրագրեր են ներկայացվում:
Ընդգծենք՝ կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվել է 2019 թվականի փետրվարի 8-ին եւ ուսումնասիրելով այն, իսկապես հանդիպում ենք դրույթների, որոնց հակառակ երեւույթն է տեղի ունեցել: Օրինակ, արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը որդեգրել էր. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովում, Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում, հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ապահովում։ Արցախի կարգավիճակի եւ անվտանգության ապահովում»:
Այս դրույթներից ոչ մեկն էլ չի կատարվել: Սա միայն արտաքին քաղաքականության ոլորտն է, իսկ ահա պաշտպանական գերատեսչության ծրագրերում գրված է. «Իրականացնել ռազմական սպառնալիքների գնահատում, սահմանել ռազմավարական պլանավորման նկատառումները եւ Անվտանգության խորհրդի ուղղորդմամբ՝ պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները»:
Սակայն տեսնում ենք, որ սա էլ չի կատարվել եւ ավելին, պաշտպանության նախարարությանը 30 օր ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե երբ է Հայաստանը զորավարժություն անցկացնելու:
Մանրամասները՝ տեսանյութում