
Փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։
«Զորավարժությունների նպատակը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է», – IRNA գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Իրանի Զինված ուժերի փոխհրամանատար Հաբիբոլա Սայարին։ Զորավարժությունների հստակ ժամկետները երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները առայժմ չեն հստակեցնում։
Վերջին անգամ Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում Իրանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ էին կազմակերպել 2019 թվականի դեկտեմբերին։ Այդ զորավարժություններին մասնակցում էին նաև Չինաստանի ռազմածովային ուժերը։