ԱՆԳՈՐԾՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, թե չի բացառում իր վերադարձը մեծ քաղաքականություն: Դրա համար, սակայն, նա նշել է երեք գործոն. 1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը, եւ որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը, 2. hասարակության տարբեր շերտերի կողմից իր` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը, 3. իր ներքին համոզվածությունն առ այն, որ նա կարող է արմատական ձեւով բարելավել իրավիճակը: Այն, որ նշված երեք գործոններից առնվազն առաջինն առկա է, այսօր արդեն ակնհայտ է բոլորի, այդ թվում անգամ օրվա իշխանությունների համար, որոնց արդարացումները` կապված միջազգային տնտեսական ճգնաժամի հետ, վաղուց արդեն ժամանակավրեպ են:  Եւ այդ առումով նույնիսկ Քոչարյանի ամենաարմատական ընդդիմախոսների համար  դժվար է ժխտել, որ 5 տարի առաջ իրավիճակը տեսանելիորեն ավելի բարվոք էր: Սակայն երկրում  սոցիալական ծանր վիճակն ինքնին չի երաշխավորում Քոչարյանի նշած երկրորդ գործոնի` նրա վերադարձի հասարակական պահանջարկի առկայությունը: Ժողովրդի մոտ դեռեւս շատ թարմ են քոչարյանական ռեժիմի մասին «քաղցր հուշերը», որոնց գագաթնակետը 2008-ի մարտի 1-ի դեպքերն էին: Բացի այդ, ներկայումս ժողովրդի վիճակն այնքան վատ չէ, իսկ Քոչարյանի օրոք այնչափ լավ չէր, որ «հասարակության տարբեր շերտերը» նրան կարոտեն: Բայց ամեն դեպքում, եթե պետք լինի, դա էլ կստեղծվի:Ինչ վերաբերում է իրավիճակը փոխելու կարողության  մասին երրորդ գործոնին, ապա դա պարզապես քաղաքական սեթեւեթանք է, որը բոլորովին չի սազում իրեն «միակ տղամարդ» համարող նախկին նախագահին: Եթե նա համոզված չէ, որ կարող է իրավիճակը բարելավել, ի՞նչ իրավունքով է, ուրեմն, քննադատում ներկա իշխանություններին: Երեկվա հերթական «ինքնաբուխ» հարցազրույցում Քոչարյանն իրեն թույլ է տվել նաեւ զարմանալ, թե ինչու են իր վերադարձի հարցը կապում Պուտինի  հետ: Սա արդեն ավելին է, քան սեթեւեթանքը: Իրեն Պուտինի հետ կապելուց դժգոհում է մեկը, ով իրականում ամեն ինչ անում է` տարբեր լրատվական խողովակներով այդ եղած կամ չեղած կապն ի ցույց դնելու համար: Շարունակելով  նեղսրտել` Քոչարյանը նաեւ կշտամբում է. «Եւ դա տեղի է ունենում Հայաստանի անկախության 20-ամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞»: Հավանաբար  Քոչարյանը մոռացել է, որ Հայաստանը պաշտոնապես Ռուսաստանի ֆորպոստն անվանվեց ոչ թե 20-ամյակի տոնակատարություններից հետո, այլ  2004-ին` հենց իր խրոխտ պաշտոնավարման  շրջանում: Բայց Քոչարյանի հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը թերեւս հետեւյալ ձեւակերպումն է. «Այս երեք գործոնների առկայության պարագայում կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար»: Թե ինչ նկատի ունի Քոչարյանը` «տարբեր ճանապարհներ» ասելով, դժվար է կռահել: Առայժմ հստակ է մի բան. որքան շուտ Սերժ Սարգսյանը գնա արտահերթ ընտրությունների, այնքան լավ իր համար: Միայն իր:




Լրահոս