ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանին: Մենք, մասնավորապես, հետաքրքրվել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այն հայտարարության մասին, թե հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների գնալու հանրային պահանջ: Մենք անկախ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննարկումներ ունեցել է հանրության հետ, եւ ինչ դիրքորոշում ունեն Սյունիքի մարզի բնակիչները՝ այդ հարցի հետ կապված: «Ես չգիտեմ՝ ինչու են այդպիսի որոշում կայացրել, բայց ակնհայտ է, որ կա հանրային մեծ դժոգություն, եւ մարդիկ փոփոխություն են ուզում: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, ապա ես իմ շփումներում կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, բայց նրանք եւս ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – նշեց նա:
-Տիկի՛ն Գրիգորյան, իշխանությունը պարզեց, որ այլեւս պետք չէ գնալ արտահերթ ընտրությունների, քանի որ հանրության լայն շրջանում, ըստ իրենց, դրա պահանջը չկա: Դուք, լինելով Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր, այս ժամանակահատվածում քննարկումներ, հանդիպումներ ունեցե՞լ եք հանրության հետ: Ի՞նչ մոտեցումներ ունեն ձեր մարզի բնակիչները:
-Ես չգիտեմ, թե ինչու է իշխանությունը որոշել, որ հանրային լայն շերտերում կոնսեսուս չկա արտահերթ խորհրդարանական ընտրություն իրականացնելու, որովհետեւ նրանք առհասարակ նաեւ չեն նշում, թե ինչ չափման միավոր են օգտագործել եւ ինչպիսի շփումների արդյունքում դա պարզել: Բայց ակնհայտ է, որ կա հանրային լայն դժգոհություն, մարդիկ փոփոխություն են ուզում: Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում թե արդյոք կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների կազմակերպելու օրակարգ, ես իմ շփումներում կարող եմ ասել, որ, իհարկե, կան նաեւ մարդիկ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին, սակայն իրենք էլ կուզեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի վերահաստատեին, նոր մանդատ տային իշխանություններին՝ ավելի համարձակ քայլեր անելու եւ այլն: Բայց ես վստահեցնում եմ, որ շատ լայն շերտ կա հանրության մեջ, որոնք մտածում եւ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունից պետք է հեռանա, եւ անցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
-Սյունիքի մասին ամենաշատն են խոսում, ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Մի հատվածը պնդում է՝ ճանապարհներին ադրբեջանցիների կարող ենք հանդիպել, մի հատվածը պնդում է, թե դրանք ռուս խաղաղապահներն են, ոմանք ասում են, որ այնտեղ ապրելն այլեւս անվտանգ չէ: Ի՞նչ է կատարվում Սյունիքում: Այցեցե՞լ եք Սյունիք, ի՞նչ իրավիճակ է այնտեղ հիմա:
-Ցավոք, դա ոչ թե պատմություն է, այլ իրականություն, որտեղ ապրում են սյունեցիներն ամեն օր՝ տեսնելով սահմանամերձ բնակավայրերը: Նրանք այնտեղ ապրում են՝ ամեն օր իրենց պատշգամբից տեսնելով ադրբեջանցի զինվորներին: Սա չի կարող մտահոգիչ չլինել սյունեցիների համար: Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս տեսնում ես զինված ադրբեջանցու, որը կանգնած է հենց ճանապարհի վրա: Իշխանության առանձին ներկայացուցիչներ խոսում են, թե Սյունիքն անվտանգ է, բայց չեն ասում, թե ինչպես է անվտանգ, եւ իրենք անվտանգության ինչպիսի երաշխիքներ են տալիս: Ես կարծում եմ, որ բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացնել այնտեղի անվտանգությունն իրականացնելու համար:
-Նախօրեին Հրանտ Բագրատյանը մի հայտարարությամբ հանդես եկավ, որ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել, ինչ-որ ռուս-թուրքական գաղտնի հարց են լուծել: Իշխանությունն էլ չցանկացավ բացահայտել, սակայն իր խոսքում հաստատեց, եւ արգելվեց լրագրողների մուտքը Սյունիքի մարզ առանց ԱԱԾ-ի թույլտվության: Սա ի՞նչ է նշանակում:
-Մինչեւ վերջերս մենք գիտեինք, որ կա նոյեմբերի 9-ին հայտարարություն, որում նշված էր , որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեին Զանգելանի եւ Կուբաթլուի տարածքներից: Բայց մենք տեսանք, որ բանավոր պայմանավորվածության արդյունքում մենք ստիպված ենք եղել զիջել մեր անվտանգության գոտին: Հ. Բագրատյանի հրապարակած փաստաթղթին ես վերջերս ծանոթացել եմ, այն խիստ մտահոգիչ է: Ստացվում է, որ մեզանից հերթական անգամ թաքուն ստորագրվել է հուշագիր, որտեղ նշված է, որ Գորիս-Կապան ճանապարհը, ինչպես նաեւ Կապան-Ճակատեն տանող ճանապարհը, ըստ էության, հսկվում է հայկական եւ ադրբեջանական ուժերի կողմից, կա նաեւ Ռուսաստանի միջնորդություն, ու նշված է՝ առնվազն 5 տարով, այսինքն՝ եթե 6 ամիս առաջ կողմերից մեկը չի դիմում չեղարկելու համար հուշագիրը, ապա չի չեղարկվում, եւ ավտոմատ կերպով հուշագիրը երկարաձգվում է: Մենք հասկանո՞ւմ ենք, որ մենք ունենք 5 տարի: Սա լրջագույն խնդիր է, եւ պետք է ավելի հստակ խոսել սրա մասին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՆԱԽԱՐԱՐԻՑ
ՀՅԴ հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազյանի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ:
«2020թ. փետրվարի 10-ին՝ Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը արել է հայտարարություններ, որոնք Հայ դատի կենտրոնական խորհրդի մոտ լուրջ մտահոգությունների տեղիք են տվել։
Մասնավորապես, նախարարը հայտարարել է. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, եւ, նախեւառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։ Ինչպես գիտեք, շրջափակումը եւ սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որեւէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը եւ մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։
Խիստ խնդրահարույց այս հայտարարությունից ուղղակիորեն կարող են բխել հետեւյալ հաստատումները.
ՀՀ կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետեւանքով ձեւավորված ստատուս քվոյի հետ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Այս դեպքում Հայաստանի կառավարությունը, ըստ էության, հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր պարտականություններից։
Հայաստանի կառավարությունը, փաստորեն, հավատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում, ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որեւէ այլ կնճռոտ հարց չկա։ Անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատկերացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, երբ ընդամենը ամիսներ առաջ Թուրքիայի լիակատար եւ անթաքույց աջակցությամբ մեր հայրենիքի մի հատվածի նկատմամբ կիրառվել է ագրեսիա՝ զուգորդված պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում, Հայաստանի կառավարության ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին խոսում է այն պարագայում, երբ Հայաստանի սահմանների մոտակայքում իրականացվում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնություններ արտահայտող հայտարարություններին։
Հիշեցնենք, որ երեկ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ազգային ժողովում հայտարարել էր, թե Թուրքիան այլեւս Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որեւէ պատճառ չունի։
ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ
Իջեւանցի տղամարդիկ փետրվարի 1-ին մեկնել էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սակայն երկու օր անցկացնելով Մոսկվայի օդանավակայաններից մեկում՝ արտաքսվել են Հայաստան: Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ այս տղամարդիկ սպասում են «Զվարթնոց» օդանավակայանու, ապրում են եւ սնվում այստեղ, գիշերում են նստարաններին: Ծնունդով իջեւանցի տղամարդիկ վրդովված են, ասում են՝ եթե պետք լինի, դատարան էլ կդիմեն: Տղամարդկանց պատմելով՝ խնդիրը կապված է եղել Covid-19-ի թեստի պատասխանի վրա դրված QR կոդի հետ, որը դրական պատասխանի դեպքում բջջային հավելվածում ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Իրենց դեպքում այն չի կանաչել:
Տեղեկեցանենք, որ փետրվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը գործելու է փորձնական ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղեւորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Ի դեպ, օրվա վերջին Մոսկվայից արտաքսված քաղաքացիներից Իգոր Բլբուլյանը զանգահարեց խմբագրություն եւ տեղեկացրեց, որ իրենց հետ կապված արգելքը հանվել է: Այժմ զբաղված են ավիաընկերության հետ ավիատոմսերի խնդիրը լուծելով:
ԳՆՈՐԴ ՉԿԱ
Հայաստանում անցյալ տարի ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 97 մլրդ 20 մլն դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` 2019 թվականի նկատմամբ՝ այն բավականին պակասել է՝ 33.5 տոկոսով։ Հայաստանի ավտոմեքենաների վաճառքով զբաղվող առեւտրականները լուրջ խնդրի առաջ են կանգնած. ավելի քան մեկ տարի է, ինչ առեւտուր չունեն: Առեւտուր չլինելու պատճառներից մեկն այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները` ղազախները, մեկ տարուց ավելի է, ինչ ավտոշուկա ոտք չեն դրել: Բացի այս, ավտոմեքենաների առեւտուր չլինելու մյուս պատճառը կորոնավիրուսն է։ Մյուս կողմից՝ Հայաստանում անցյալ տարի առեւտրի շրջանառությունը կազմել է 2 տրլ 858 մլրդ 57 մլն դրամ, ինչը, 2019-ի համեմատ, նվազել է 14 տոկոսով:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցյալ տարի մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 295 մլրդ 69 մլն դրամ` պակասելով 17.3 տոկոսով, իսկ մեծածախ առեւտրի շրջանառությունն անցյալ տարի կազմել է 1 տրլ 465 մլրդ 967 մլն դրամ: 2019 թվականի համեմատ` մեծածախ առեւտրի շրջանառությունը պակասել է 9 տոկոսով: Այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում 2020 թվականը լարված է եղել. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել առեւտրի եւ բիզնեսի վրա, ապա նաեւ պատերազմը։
Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը երկու նախագիծ են ներկայացրել եւ առաջարկում են փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Նրանք ցանկանում են ամրագրել, որ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները եւս կարող են նույն իրավունքները ունենալ. «Խմբակցությունից դուրս գալու կամ հեռացվելու դեպքում ՀՀ Ազգային Ժողովի խորհրդին ուղղված գրավոր դիմումով ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի պատվիրակությունների եւ Ազգային Ժողովի բարեկամական խմբերի կազմում»: Իսկ, ահա, մեկ այլ փոփոխությամբ էլ նրանք առաջարկում են հոդվածում կատարել լրացում, որով պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալու խմբակցությունից, այլեւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ: Նկատենք, որ այժմ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները իրավունք չունեն ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների կամ հանձնաժողովների կազմերում: