ԶԵՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր ցուցանիշները, իրավապահ մարմինների մարզային կառույցների, մարզի դատախազության գործունեության արդյունքները. տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

 

Արձանագրվել է, որ 2020թ.-ի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է հանցագործությունների նվազում 2,9%-ով: Այն կապված է հատկապես ծանր հանցագործության դեպքերի՝ 21,6%-ով նվազման հետ: Մինչդեռ 3 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործության, եւ 8-ով կամ 2,3%-ով՝ միջին ծանրության հանցագործության դեպքերը։

2019թ. մարզի տարածքում սպանության 2 եւ սպանության փորձի 1 դեպքի դիմաց՝ 2020թ. արձանագրվել  է սպանության 5 եւ սպանության փորձի 3 դեպք: 4,8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 57-ով կամ 15%-ով, որից անձնական գույքի հափշտակության դեպքերը՝ շուրջ 26%-ով: Հատկանշական է, որ 2020թ. բնակարանային գողությունները նվազել են 37,8%-ով, ընդ որում՝ այս հանցատեսակով բացահայտումը էականորեն բարելավվել է՝ կազմելով 40,3%՝ 2019թ.-ի  13,8%-ի դիմաց:

Մարզի տարածքում եւս էականորեն՝ 25-ով կամ 35,7%-ով ավելացել են հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը. 2020թ. արձանագրվել է նման 95 դեպք, 2019թ. դրանք եղել են 70-ը: Այս հանցատեսակով դեպքերի աճին նպաստող հիմնական գործոնը եղել է արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Արցախից Հայաստանի տարածք մեծ քանակությամբ զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխումը: Այսուհանդերձ, հանգամանքը, որ նշված 96 դեպքից չի բացահայտվել միայն 4-ը (բացահայտումը՝ 95,8%՝ 2019թ.-ի 90,4%-ի դիմաց), վկայում է մարզի տարածքում հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման մասին:

ՃԵԿ-ի կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը նվազել են 7,1 %- ով, այդ թվում մահվան ելքով դեպքերը նվազել են 3,7%-ով։ Ընդհանուր առմամբ, ճանապարհային երթեւեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 127 դեպքի 62,2 %-ը բացահայտվել է:

Մարզում դրական արդյունքներ են արձանագրվել հատկապես առանձին հանցատեսակներով բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքներում:

Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում բացահայտումը կազմել է 53,8%՝ 2019թ. 37,5 %-ի դիմաց, ընդ որում՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 70%, իսկ սպանության փորձի դեպքում՝ 75%:

2020թ. տարբեր բնույթի հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 16 միջնորդագիր եւ հաղորդում, ինչը հնգապատիկ ավելի է եղել՝ 2019թ. համեմատ:

Մարզի դատախազության գործունեության մեջ 2020թ. էական կարեւորություն է տրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների իրականացմանը, այդ համատեքստում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին: Տարվա ընթացքում կատարվել է պետական շահերի պաշտպանությանն ուղղված 7 ուսումնասիրություն եւ ամփոփում, որոնք ընդգրկում են համայնքի ղեկավարների կողմից օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի տրամադրման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների գործընթացները: Արդյունքում հարուցվել է 18 քրեական գործ՝ հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հատկանիշներով:

Այդ գործերով հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկված  62.787.691 ՀՀ դրամ վնասից կամովին վերականգնվել է 30.285.157ՀՀ դրամը: 2020թ. մարզի տարածքում պարզված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 71 քրեական գործ: Դրանք առնչվում են կրթության, տեղական ինքնակառավարման, սոցիալական ապահովության պետական եւ բժշկասոցիալական ծառայության, առողջապահության, կադաստրային ոլորտներում, պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում արձանագրված առերեւույթ հանցավոր չարաշահումներին:

 

 

 

ԽԻՍՏ ՊԱՏԻԺ

«Այս օրինագծով Հայաստանում կսկսեն թերթերին դատի տալ, իսկ այդ ընթացքում ֆեյքերի ֆաբրիկան կշարունակի գործել»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ շատ ավելի հեշտ է հասնել ինչ-որ ջենթլմենական համաձայնության: «Օրինակ՝ գործող իշխանությունը խոստանում է, որ կանջատի ֆեյքերի իր ֆաբրիկան, իսկ նախկին իշխանությունը՝ իր ֆեյքերի ֆաբրիկան: Ես ենթադրում եմ, որ նման ֆաբրիկաներ ունեն միայն նրանք»,- ասել է Մարուքյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում դատարանները, որպես կանոն, վիրավորանքի կամ զրպարտության համար բավարարվում են 150 հազար դրամ տուգանք սահմանելով: «Ի՞նչ իմաստ ունի տուգանքի չափերի մեծացումը, եթե դատարանները, միեւնույնն է, շարունակելու են մարդուն բարոյական վնասի փոխհատուցման համար ավելի փոքր գումար սահմանել»,- ասել է Գ. Պետրոսյանը: Ավելին՝ պատգամավորը կարծում է, որ տուգանքի չափը չպետք է հիմնվի խախտողի ֆինանսական դրության վրա: «Եթե մարդն աղքատ է, բայց իրեն թույլ է տալիս որեւէ մեկին վիրավորել կամ զրպարտել, ապա պատիժը, միեւնույնն է, պետք է առավելագույն խիստ լինի»,- վստահ է Պետրոսյանը: Նա կարծում է, որ տուգանքի ձեւով պատիժը, անկախ դրա չափից, չափազանց մեղմ է նման չարամիտների համար, հատկապես երբ խոսքը նպատակադրված զրպարտության մասին է: Խորհրդարանականը սրա հետ կապված առաջարկեց տուգանքների փոխարեն անմիջապես քրեական գործ հարուցել եւ մեղավորին ուղարկել վանդակաճաղերի հետեւ: Պետրոսյանն, այսպիսով, ցանկանում է քրեականացնել այդ հոդվածը՝ դրանով ապահովելով քաղաքացիների բարոյաէթիկական պատասխանատվության ավելի բարձր մակարդակ:

 

 

 

ԿԱՆԽՎԵԼ Է

«Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են թմրամիջոց փոխանցելու հերթական փորձը: Փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տարածքում հերթական շրջայց կատարելիս ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում առկա են եղել 52,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթներ, որոնց արտանետումն իրականացնելու համար դրանց ամրակցված է եղել 50 գրամանոց կշռաքար: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

 

 

ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Նախագիծը մեծապես առնչվում է երեխաներին, քանի որ 16 տարեկանի շեմը իջեցնելով 14՝ մենք այս օրենքով հնարավորություն ենք ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա եւ ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնի, եւ հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը, եւ այդ ռիսկը, չգիտենք, ինչ հետեւանքներ կարող է ունենալ»,- Աժ-ում  իր ելույթում ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով քննարկվող ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Ըստ պատգամավորի՝ նախագիծը ներկայացնող առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը չկարողացավ փոփոխությունների տրամաբանությունը եւ նպատակը բացատրել: «Եթե այդքան խնդիր է դրված, որ անպայման այդ ճյուղը պետք է լինի գերակա, եւ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մասով մեր պայքարը պետք է լինի անզիջում, առնվազն տրամաբանական եւ ենթարդելի էր, որ ՄԻԱՎ կենտրոնը չպետք է տարրալուծվեր այլ ինֆեկցիոն հիվանդանոցների հետ»,- ասել է նա:

Թագուհի Թովմասյանը կրկին հնչեցրել է հարցը, որ այդպես էլ պատասխան չստացավ փոխնախարարից: «Դուք ինչո՞ւ եք հանել Քրեական օրենսգրքից ձեւակերպումը, որ պատիժ է սահմանվում դիտավորյալ մարդուն վարակելը, ես չեմ հասկանում: Անտրամաբանական է գնալ մեղմացնելու ուղղությամբ, եւ կոնկրետ ձեր իրական նպատակների բացահայտում եմ պահանջում»,- ասել է նա:

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նշենք, որ ներկայումս Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը կշարունակվի փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին։

 

 




Լրահոս