ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ 14%-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ եւ արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշում կայացրեց: Սահմանվել է, որ կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի ՀՀ դրամով 14%-ը:

 

Բացի այդ, մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, որի արդյունքում վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին կտրամադրվեն 0% տոկոսադրույքով:

2020թ. գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից մարտի 26-ին ընդունվեց N 356-Լ որոշումը, որով մասնավորապես պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկը եւ լիզինգը տնտեսավարողներին հասանելի դարձան 0 % տոկոսադրույքով, որի արդյունքում վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում ներդրումները շուրջ 2 անգամ գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը եւ  ընդհանուր առմամբ կազմեցին շուրջ 101,0 մլրդ դրամ։ Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում հատկացվել է 63,4 մլրդ դրամի վարկ, որը 1,8 անգամ գերազանցում է 2019 թվականին տրամադրված վարկերի գումարին։ ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 2,6 մլրդ դրամի լիզինգ եւ ձեռք է բերվել 573 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որոնք 2019թ. ցուցանիշներին գերազանցում են 1,6 անգամ, իսկ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ 377 միավոր, որի լիզինգի գումարը 2,4 անգամ գերազանցում է   նախորդ տարվա ցուցանիշին։

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում աճը կազմել է 2,3 անգամ եւ տրամադրվել է 22,3 մլրդ դրամի վարկ։ ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 12,4 անգամ ավել վարկ եւ հիմնվել է 494,4 հա այգի, որը 9,7 անգամ գերազանցում է 2019 թվականին հիմնված այգիների տարածքներին։ ՀՀ-ում 2019-2023թթ. ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացմանը պետական աջակցության ծրագրի շրջանակում ներդրումներն ավելացել են 2,9 անգամ, եւ ձեռք է բերվել 3,2 անգամ ավել մանր եղջերավոր կենդանի, իսկ ՀՀ-ում 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում՝ շուրջ 1,2 անգամ ավել խոշոր եղջերավոր կենդանի։

Վարկի եւ լիզինգի 0% տոկոսադրույքով հասանելիությունը իր դրական ազդեցությունն է ունեցել նաեւ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշի վրա։ Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2020 թվականին, 2019 թվականի նկատմամբ, գյուղատնտեսության  համախառն արտադրանքի աճը կազմել է 1,4%։ 2020 թվականին աճ է գրանցվել նաեւ պտուղբանջարեղենի եւ խաղողի մթերման ու արտահանման ծավալներում։

Սույն նախագծով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 14%-ը։ Միաժամանակ, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի վարկային կամ լիզինգային պայմանագրերով սահմանված տոկոսադրույքների չափով, այսինքն՝ այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը կամ լիզինգը տնտեսավարողներին հասանելի լինեն 0% տոկոսադրույքով։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին՝ մասնակցելու վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերին եւ ապահովելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շարունակականությունը, ինչպես նաեւ պետական աջակցության ծրագրերին մասնակից բոլոր տնտեսավարողների համար ապահովելու միանման արտոնյալ պայմաններ:

 

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԳԵԼՔ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Մարդու իրավունքների պաշտպանը մեդիա ոլորտի մասնագետների եւ մասնագիտացված ՀԿ ղեկավարների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելք նախատեսող օրենքների նախագծերը։ Այս մասին հայտնել են  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

 

«Ըստ քննարկման արդյունքների՝ նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու։ Հակառակը՝ նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով:

Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը, եւ ինչպես է այն լուծելու առկա խնդիրները:

Նախագիծը մասնագետների հետ պատշաճ չի քննարկվել, դա չի ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջակվող տուգանքներն անհամաչափ են, չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն, նախատեսված են տուգանքների ֆիքսված չափեր, որոնք կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության։ Քնարկման մասնակիցները միակարծիք եզրահանգել են, որ նախագծերում վիճելի կարգավորումները պետք է դուրս բերվեն շրջանառությունից՝ անընդունելի լինելու պատճառաբանությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքների համաձայն՝ Պաշտպանն իր պաշտոնական կարծիքը կամփոփի, դրանում հաշվի կառնվեն քննարկման արդյունքները, ու կներկայացնի Ազգային ժողով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՆՇՎԵՑ 20-ԱՄՅԱԿԸ

Նոյեմբերյանի համայնքի մաս կազմող, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղը 5  զոհ է ունեցել  2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում։  Բերդավանցի սպաներ Գարիկ Ղուշչյանը եւ Արտակ Ղազարյանը համարվում էին անհետ կորած։ Վերջերս պարզվեց, որ Արտակ Ղազարյանը զոհվել է, փետրվարի 7-ին Բերդավանում կայացավ նրա հուղարկավորությունը։ Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհվածների թվում է Գրիշա Ազատյանը, ով Բերդավանի միջնակարգ դպրոցն ավարտվելուց հետո ընդունվել է ԵՊՀ, ապա մեկնել է ժամկետային զինծառայություն։ Նա 2021թ. փետրվարի 10-ին պետք է տոներ իր 20-րդ տարեդարձը։ Այդ օրը՝ փետրվարի 10-ին, Բերդավանի գյուղապետարանի աշխատակիցները, Գրիշա Ազատյանի հարազատները, բերդավանցի երիտասարդները, գյուղի բնակիչներն  այցելեցին Բերդավանի գերեզմանատուն, ծաղիկներով խոնարհվեցին Գրիշա Ազատյանի գերեզմանին, խունկ վառեցին։

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը իր ելույթում ասաց, որ Գրիշա Ազատյանի եւ մյուս զոհվածների համար առաջնայինը եղել է մեր հայրենիքը, նրանք զոհվել են վասն հայրենյաց։ Այնուհետեւ  Բերդավանի մշակույթի տանը տեղի ունեցավ Գրիշա Ազատյանին եւ հանուն հայրենիքի զոհվածների  հիշատակին նվիրված  գրական-երաժշտական  միջոցառում։

 

 

ԵՐԿՈՒԱԿԱՆ

Մարզպետարանները՝ որպես կառավարության տարածքային ստորաբաժանումներ, մեծամասամբ կրկնում են կառավարության գործառնույթները, սակայն ունեն մեծաթիվ հաստիքներ։ Տավուշի մարզպետարանի հաստիքները շատ  ուռճացած են։  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ունի 2 տեղակալ, 2 խորհրդական։ Մարզպետն ուներ մեկ օգնական՝ Էմին Գեւորգյանը, այժմ ավելացան եւս մեկը։ Փետրվարի 8-ին  մարզպետ Հ. Չոբանյանը որոշում է ընդունել Սերգել Միքայելի Հարությունյանին նշանակել Տավուշի մարզպետի  օգնական։

 

 

 

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ  ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել  2021 թվականի պետական բյուջով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասարկարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետությունում զոհված 6 տավուշցիների հուղարկավորման ծախսերի փոխհատուցման նպատակով 264  հազար դրամ փոխանցել   «Եդեմ -1» ՍՊԸ-ին, 190  հազար դրամ՝  «Հայկ Սարդարյան»  ԱՁ-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս