ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը:

 

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է բացահայտել եւ խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին, նրանց վարձատրությունն աստիճանաբար մոտեցնել երկրի միջին աշխատավարձին, ապահովել նոր, արդի պահանջներին համապատասխան ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ,  ուսուցիչների ատեստավորման գործընթացն աստիճանաբար փոխարինել կամավոր ատեստավորման սկզբունքներով, ինչպես նաեւ հիմք ստեղծել ուսուցիչների տարակարգերի շնորհման բարեփոխման համար՝ փոխկապակցելով դրանք ուսուցիչների մասնագիտական ստանդարտների հետ: Կամավոր ատեստավորումը կգործի պարտադիր ատեստավորմանը զուգահեռ եւ հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռի: Ատեստավորումն անցած ուսուցչին հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով: Դպրոցից դպրոց տեղափոխման արդյունքում հավելավճարը կպահպանվի:

Կամավոր ատեստավորման արդյունքում`

l 90 տոկոս եւ ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 50 տոկոսի չափով, որի պարագայում ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին,

l 80 տոկոս եւ ավելի արդյունավետություն ցուցաբերած ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, կստանան հավելավճար՝ 30 տոկոսի չափով, որի պարագայում ուսուցչի միջին աշխատավարձը կմոտենա երկրի միջին աշխատավարձին,

l 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած, աշխատավարձը կպահպանվի,

l 0-59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է պարտադիր վերաատեստավորման՝ մեկ տարի անց: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցած ուսուցչի դասավանդման իրավունքը կկասեցվի մինչեւ իր հայեցողությամբ հաջորդ վերապատրաստմանը մասնակցելը եւ վերաատեստավորման դրական արդյունք ունենալը:

Առաջին տարում ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Երկրորդ տարում այն կանցկացվի 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար եւ պարտադիր կդառնա համակարգ նոր մուտք գործող այն ուսուցիչների համար, որոնք դասավանդելու են 7-12-րդ դասարաններում: Երրորդ տարում ատեստավորումը կանցկացվի 1-4-րդ դասարաններում (5-12-րդ դասարաններում)  դասավանդող բոլոր ուսուցիչների, ինչպես նաեւ պարտադիր՝ 1-12-րդ դասարաններում դասավանդել ցանկացող, համակարգ նոր մուտք գործող ուսուցիչների համար:

Ըստ նախնական կանխատեսումների՝ ենթադրվում է, որ առաջին տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի ընդհանուր ուսուցիչների թվի 4.2 տոկոսը, որոնց 76.8 տոկոսը կստանա հավելավճար: Երկրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 13.9 տոկոս, որոնց 81,8 տոկոսը կստանա հավելավճար, երրորդ տարում ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը կկազմի 23.1 տոկոս, որոնց 88 տոկոսը կստանա հավելավճար: Այսպիսով, ըստ նախնական կանխատեսումների՝ 3 տարվա ընթացքում կամավոր ատեստավորմանը կմասնակցի դասավանդող ուսուցիչների ավելի քան 46 տոկոսը, հավելավճար կստանա ավելի քան 41 տոկոսը, իսկ ատեստավորումը չանցած ուսուցիչների թիվը կկազմի 15 տոկոս: Հիմնվելով վերը նշված կանխատեսումների վրա՝ 50 տոկոս հավելավճար ստանալու դեպքում ՀՀ պետբյուջեի ծախսի տարեկան ավելացումները 3 տարվա համար կկազմեն 10.031.250.0 դրամ:

 

 

 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ՝ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում լրացումներ կկատարվեն։ Որոշումը կառավարությունը պատրաստվում է գրավոր ընթացակարգով ընդունել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ կավելանան Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի եւս 39 համայնքներ։ «Ընդհանուր առմամբ, սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77»։ Ըստ նրա՝ համաձայն սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի՝ տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում եւ դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում։ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, թե ընդհանուր ռազմավարությունը պետք է լինի այնպիսին, որ անվտանգային այնպիսի միջավայր ձեւավորվի ՀՀ-ի շուրջ, որ սահմանամերձ համայնք լինելն ինքնին զարգացման խոչընդոտ չնշանակի։

«Այս փուլում, հաշվի առնելով մեր անվտանգային միջավայրը կամ հետպատերազմյան ոչ լիարժեք վիճակը, որոշում ենք ընդունում, բայց մեր ռազմավարությունն այն է, որ սահմանամերձ գյուղ լինելը անվտանգային առումով զարգացման խոչընդոտ չնշանակի, դա դառնա ոչ թե թերություն, այլ լինի առավելություն»,-ասել է  նա։

 

 

 

ԵՎՍ 4 ԱՃՅՈՒՆ

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են եւս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

 

 

 

180 ՆՈՐ ԴԵՊՔ

Փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 676 դեպք, որոնցից 160 670-ը` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 673 538 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2500 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 265 առողջացած եւ մահվան 5 դեպք:

 

 

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ

Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետեւանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները ավտոմեքենայի եւ մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաեւ   վարորդական իրավունք կորցնելու դեպքում մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ն  ազատվում են դրանք  վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից:  Այս մասին տեղեկացրել է Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը: «Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաեւ   պատերազմական գործողությունների հետեւանքով  ավտոմեքենայի վնասված  պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու  դեպքում,  եթե ավտոմեքենայի սեփականատերը ճանապարհային ոստիկանությանն  է ներկայացնում  վնասված պետհամարանիշը: Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա, եւ վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման»,- նշել է Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը:

 

 

 

ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՊԵՏՏՈՒՐՔԸ

2020-ին Հայաստանից պահածոների եւ հյութերի արտահանումն աճել է 30 եւ 38 տոկոսով: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց ունենք նաեւ վատ ցուցանիշ, որ խաղողի գինիների եւ կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 եւ 23 տոկոսներով: Պարզվեց, որ մեր շուկաներում այս ավանդական ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են, բայց արտահանումը նվազել է: Վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին: Մեր ընկերությունները օնլայն այդ հարթակներում պատշաճ ձեւով ներկայացված չեն, եւ այդ հարթակները բավարար չափով զարգացած չեն: Սա վկայում է նրա մասին, որ մենք ընդհանրապես «Աջակցության ծրագիր» անունը պետք է փոխարինենք «Զարգացման ծրագրով»»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը նաեւ հավելեց, որ այսօր որոշում է կայացվել կոնյակի սպիրտ արտահանողներին վերադարձնել պետական տուրքը: «Որպեսզի կարողանանք այս տարի խաղողի մթերում կազմակերպել, պետք է խթանենք, որպեսզի կոնյակի սպիրտը արտահանվի»:

 

 




Լրահոս