Երգչուհի Լիդուշիկը օրերս իր երկրպագուների դատին է ներկայացրել նոր տեսահոլովակ: Երգը կոչվում է «Լիքը սեր»: ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է տեսահոլովակի մանրամասների եւ առաջիկա անելիքների մասին:
Նշենք, որ երգի երաժշտության, խոսքերի եւ գործիքավորման հեղինակն Արտեմ Վալտերն է, իսկ երգի տեսահոլովակի ռեժիսորը՝ Արտյոմ Հարությունյանը:
«Երգն արդեն մեկ տարի է, ինչ ստեղծվել է, այն ստեղծվել է շատ պատահական: Մենք Արտեմի հետ վաղուցվանից պլաններ ունեիքն միասին աշխատելու, բայց անընդհատ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հետաձգվում էր, այդ ընթացքում մեկ-երկու ստեղծագործություն արդեն պատրաստել էի եւ, անկեղծ ասած, որոշում էի, թե որ մեկն առաջինը ներկայացնեմ հանրությանը, բայց այնպես ստացվեց, որ գիշերը Արտեմը մի քանի տարբերակ ուղարկեց երգերի, ասաց, որ մի քանի տարբերակներ կան, կարող եմ ընտրել եւ հենց այդ ստեղծագործության վրա էլ աշխատել: Ես ընտրեցի հենց «Լիքը սեր» երգը, որը հենց իր բառերով միանգամից արդեն պատրաստի գործ էր, իսկ մյուսներինը դեռ միայն երաժշտություններ էր պատրաստ, ու դեռ պետք է բառեր գրվեին, գործիքավորում արվեր, բայց «Լիքը սեր»-ը գրավեց ինձ թե՛ բառերով, թե՛ երաժշտությամբ: Իրականում այդ երգը եկավ ամենավերջում, բայց ծնվեց ամենասկզբում: Երբ երգն արդեն պատրաստ էր, ցավոք, սկսվեց կորոնավիրուս համավարակը, ամեն ինչ փակվեց, ու մեր պլանները, որ պետք է նկարահանեինք տեսահոլովակ, չստացվեց, հետո մի կերպ երբ փորձեցինք դուրս գալ այս կարանտինային իրավիճակից, նկարահանեցինք տեսահոլովակը, եւ երբ արդեն պետք է տեղի ունենար տեսահոլովակի պրեմիերան, սկսվեց աղետալի պատերազմը: Ես անձամբ մոռացա ամեն ինչ, կտրվեցի իրական աշխարհից եւ միայն մտածում էի մեր բանակի, տղաների մասին»,- նշեց երգչուհին:
Լիդուշիկի խոսքով՝ պատերազմից հետո նա հոգեպես պատրաստ չէր նման վառ տեսահոլովակի, մտավախություն ավելի շատ կար, որ հանրության կողմից այն կարժանանա քննադատության. «Հետո հասկացա, որ Սուրբ Սարգսին ընդառաջ այն շատ համահունչ կլինի, քանի որ հենց երգը սիրո մասին է: Չնայած իմ անհանգստությանը՝ շատ դրական եւ ջերմ արձագանքներ եղան տեսահոլովակի հետ կապված, ինչը ինձ մեծ ոգեւորություն եւ ուրախություն պարգեւեց»:
Երգչուհին առաջիկայում հանդիսատեսի դատին կներկայացնի եւս երկու աշխատանք:
«Չեմ ուզում շատ չակերտները բացել, բայց կան շատ պլաններ, շատ երգեր, որոնք, հույսով եմ, առաջիկայում կներկայացնեմ իմ հանդիստատեսին»,- հավելեց Լիդուշիկը:
Մեր այն հարցին, թե հեռուստասերիալներում կամ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ կան, թե չէ, երգչուհին ավելացրեց, որ առաջիկայում նման առաջարկներ չունի:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՕՊԵՐԱՅԻՆ ԱՍՏՂԵՐԸ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանրաճանաչ օպերային երգիչներ Լիանա Ալեքսանյանի, Նինա Մինասյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Դավիթ Բաբայանցի հետ «Սեր» համերգային ծրագրով կշնորհավորի սիրահարների տոնը: Նվագախումբը կղեկավարի Գերմանիայից հյուրախաղերի ժամանած դիրիժոր Օլիվեր Վիդերը:
Երեկոները տեղի կունենան փետրվարի 13-14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Երկու անգամ աշխատել եմ ձեր շքեղ նվագախմբի հետ: Սիրով եմ համաձայնել եւս մեկ անգամ գալ Հայաստան: Նվագախումբը հանդես է գալու մեներգիչների ֆանտաստիկ կազմով: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել նման արտիստների, որոնց հետ կատարելու ենք օպերաներից, օպերետներից հրաշալի հատվածներ, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Միշել Լեգրանի սիրված հիթերը»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Օլիվեր Վիդերը:
Նա շեշտեց, որ ծրագիրը բազմազան է եւ կարող է դուր գալ տարբեր սերունդների ներկայացուցիչների: Անդրադառնալով «Սեր» խորագրին՝ Վիդերն ասաց, որ սեր են փնտրում եւ՛ երիտասարդները, եւ՛ հասուն մարդիկ: «Սերը եւ մահը մեծ դեր են կատարում երաժշտության մեջ: Բազմաթիվ ստեղծագործություններ պատմում են, խոսում են հենց սիրո մասին»,- նշեց Օլիվեր Վիդերը:
Գերմանաբնակ օպերային երգչուհի Լիանա Ալեքսանյանի համոզմամբ՝ հայերի համար հատկապես այսօր շատ կարեւոր է սերը: «Երբ տեսա, թե ինչ է կատարվում մեր երկրում, հասկացա, որ ժողովուրդը բաժանվել է խմբերի, եւ մենք մոռացել ենք սիրել միմյանց: Անհրաժեշտ է սիրել ու հիշել, որ առանց սիրո գուցե սխալ ճանապարհով գնանք»,- ընդգծեց երգչուհին:
Ռուսաստանից Հայաստան ժամանած սոպրանո Նինա Մինասյանը, որն առաջին անգամ է հանդես գալիս հայրենիքում, նշեց, որ համավարակից, պատերազմից հետո կյանքը շարունակվում է, եւ մենք պետք է փորձենք գտնել լույսը, գնալ նրա ետեւից, շարունակել ապրել: Համերգը դեպի լույս տանող ճանապարհներից մեկն է:
Նրանք հրաշալի են համարում այն փաստը, որ Հայաստանում են ու կարող են համատեղ համերգներով սեր նվիրել հանդիսատեսին: