251 ՀԱՐՑ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 16-ին իր երկրորդ նիստը կգումարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ նոր կորոնավիրուսի (Covid 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան սպասվող նիստի օրակարգից: Նախ՝ այդ օրը հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը ներկայացնելու է հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումները: Բանն այն է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն կառավարություն է ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ դիահերձման, թե՛ թեստավորման, թե՛ ինքնամեկուսացման հետ կապված հարցերին: Բացի կառավարությունից հարցումներ են ուղարկվել նաեւ Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Կենտրոնական բանկ, Գլխավոր դատախազություն եւ ՄԻՊ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը նպատակ ունի լայն թափով աշխատել եւ նիստերին հրավիրել նաեւ պաշտոնյաների, եւ երկրորդ նիստի ժամանակ կքննարկվի նաեւ իրավասու պաշտոնատար եւ այլ անձանց հանձնաժողով հրավիրելու սկզբունքներն ու մոտեցումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 251 հարցերով քննիչ հանձնաժողովի անդամները ցանկությու ունեն պարզելու վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը: Օրինակ՝ հարց ուղղելով՝ հանձնաժողովը հետաքրքրվել է՝ ինչպես է ստացվել, որ Իտալիայից ժամանած քաղաքացիների մոտ կոնոնավիրուսի առկայությունը սահմանային կետում չի բացահայտվել, եւ հետագայում այդ մարդիկ դարձան համավարակի տարածման մեծ շղթայի աղբյուր (վարակվեց շուրջ 57 քաղաքացի), կոնկրետ երբ էին ժամանել Իտալիայից այդ քաղաքացիները։  Նրանք նաեւ հետաքրքրվել են, թե ՀՀ-ում քանի անձ է բուժվել հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակում, քանիսը ՝ վճարովի հիմունքներով, եւ քանիսն է բուժվել տանը՝ սեփական միջոցների հաշվին, կամ քանի դեպք է արձանագրվել, երբ անհետաձգելի առաջին բժշկական օգնություն չստանալը հանգեցրել է պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման կամ մահվան։

 

 

 

 

Երեւանի ավագանին գործում է արդեն երկու տարուց ավելի. առաջին նիստը գումարվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Եվ ուշագրավ է, որ այս երկու տարվա ընացքում չի եղել մեկ դեպք անգամ, երբ ավագանու բոլոր 65 անդամները ներկա լինեն: Ավելին, հենց առաջին նիստին մասնակցել է ավագանու 61 անդամ՝ 65-ի փոխարեն, արդեն երկրորդ նիստին մասնակցում էր 57 անդամ, եւ նիստից նիստ այդ թիվն այնքան է նվազել, մինչեւ վերջին՝ երեկ տեղի ունեցած արտահերթ ավագանու նիստին ներկա էր ընդամենը 34 անդամ: Ընդ որում, քվորումն ապահովեցին մեծ դժվարությամբ՝ ավագանու ընդդիմադիր անդամների հաշվին: Եվ, նկատենք, ամեն անգամ բացակաները հենց իշխանական խմբակցության անդամներն են լինում, իսկ քաղաքապետարանի աշխատակազմ էլ մեծ դժվարությամբ է կարողանում ավագանու անդամներին բերել քաղաքապետարան: Եվ նաեւ դա է պատճառը, որ, նախատեսված ժամի փոխարեն, նիստը մեկնարկում է 10-15 րոպե ուշացումով, քանի որ այդ ընթացքում աշխատակազմը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, զանգահարում է ավագանու անդամներին եւ նրանց հրավիրում, անգամ համոզում գալ եւ ներկայանալ նիստերին, ինչը, փաստորեն, ոչ միշտ է ստացվում: Ստացվում է՝ հենց իշխանական խմբակցության ավագանու անդամների համար, այսպես ասած, էական չեն նիստերը, քանի որ նրանցից շատերը ոչ միայն մինչեւ վերջ չեն մնում նիստերին, այլ, փաստորեն, առհասարակ ներկա չեն լինում:

 

 

 

Երեկ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, թե իրենց ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է եւ միանալու Մանկավարժական համալսարանին: Բողոքի մասնակիցները հայտարարել էին, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կասկածի տակ է դրել իրենց ինստիտուտի լիցենզիան եւ համարել, որ պետք է փոխել այն: Սակայն ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից փոխանցում են, որ կոնկրետ որեւէ բուհի վերաբերյալ որեւէ որոշում կայացված չէ։ Նկատենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում բուհերի խոշորացման մոտեցումն ամրագրված է, բայց կոնկրետ ժամկետներ, թե գործընթացն ինչպես պետք է կազմակերպվի, բուհերից որ մեկը որի հետ պետք է միավորվի, դեռեւս հստակ չէ։ «Նախագծում միայն ամրագրված է՝ բուհերը պետք է խոշորանան, որից հետո ուսումնասիրություն կկատարվի, եւ նոր միայն որոշում կկայացվի»,- «Ժողովուրդ»  օրաթերթին փոխանցեցին վարչությունից։  Հավելենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փետրվարի 10-ի ԱԺ նիստին հայտարարել էր, որ Հայաստանի բուհերի քանակը բավական մեծ է։  Եվ, ըստ նախարարության կողմից 2019 թվականին հրապարակված տվյալների, Հայաստանում գործում է 23 պետական համալսարան, չորս միջպետական համաձայնագրերով հիմնադրված համալսարան եւ 25 ոչ պետական (մասնավոր) բուհ:

 

 

 

«Թեղուտ» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները, մինչդեռ 2019 թվականին, 2018-ի համեմատ, հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ» -ը նահանջում էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը 2020-ին պետական բյուջե վճարել է 3 մլրդ 743 մլն 649 հազար դրամի հարկ ու տուրք, իսկ 2019-ին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 355 մլն դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ «Թեղուտ» -ը 2019 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 100-րդ, իսկ 2020-ին՝ 42-րդ տեղը: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թվականին դադարեցրել էր Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ, սակայն, ընկերությունը վերաբացվել է: Հայաստանի մյուս՝ խոշոր հանքարդյունահանող ընկերություն «Գեոպրոմայնինգ Գոլդ» -ը զգալի ավելացրել է հարկային վճարումները: Եթե 2019 թվականին ընկերությունը պետական բյուջե վճարել է 13 մլրդ 665 մլն 344 հազար դրամի հարկ ու տուրք, ապա 2020-ին այդ վճարումները կազմել են 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ:

 




Լրահոս