«ՈՐԵՎԷ ՄԵԿԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ». Կ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանին: Մենք հետաքրքրվել ենք այն հայտարարության մասին, թե հանրության շրջանում չկա արտահերթ ընտրությունների գնալու պահանջ:

 

-Աժ «Իմ քայլը» խմբակցության կողմից որոշում կայացվեց, որ այլեւս անհրաժեշտություն չկա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, քանի որ հանրության շրջանում պահանջը չկա: Դուք ինչպե՞ս եք կարողացել հասկանալ, որ հանրությունը չի ցանկանում իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դուք շրջե՞լ եք, խոսե՞լ եք բնակիչների հետ, նրանք ի՞նչ կարծիք  ունենք:

-Այո՛, ե՛ւ շրջել ենք, ե՛ւ խոսել ենք, նաեւ սոցկայքերի միջոցով ենք շփվել մարդկանց հետ: Նրանք ասում են՝ մենք ձեզ արդեն ընտրել ենք եւ տվել ենք այն մանդատը, որ դուք գործեք: Բացի դրանից, նաեւ ժողովուրդը որոշակի ռիսկ է տեսնում. նրանք ասում են, որ ընտրել են լեգիտիմ իշխանության, պետք չէ գնալ արտահերթ ընտրությունների: Բայց այնպես չէ, որ մենք լիարժեք ասել ենք, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Մենք ուղղակի ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններին առաջարկել ենք՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների. եթե դուք համաձայնություն եք տալիս գնալ արտահերթ ընտրությունների, հասկականք նաեւ՝ ինչ խանգարող մեխանիզմներ կան, հասկանանք եւ գնանք արտահերթ ընտրությունների, այս որոշակի լարված մթնոլորտը կարգավորենք: Բայց քանի որ երկու խմբակցությունների կողմից մերժվել է այդ մեր առաջարկությունը, հետեւաբար նաեւ հաշվի առնելով, որ հանրային պահանջ չկա՝ մենք որոշում ենք կայացրել այս պահին գնալ այն ճանապարհային քարտեզով, որը մենք առաջարկել էինք, եւ դրանից հետո նոր կփորձենք հասկանալ  ստեղծված իրավիճակը:

-Արտախորհրդարանական ուժերը դիրքորոշում են հայտնում, որ այն ուժերը, որոնք փողոցում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վախ են ներշնչում իշխանություններին: Նաեւ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, որ վերադառնում է մեծ քաղաքականություն: Վախենո՞ւմ եք:

-Ումի՞ց պետք է վախենանք՝ հանցագործների՞ց, մարդասպանների՞ց, թալանչիների՞ց: Այս իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված, հեղափոխության արդյունքում ձեռք բերված  իշխանություն է: Այս իշխանությունը որեւէ մեկից, այդ թվում նաեւ՝ Ձեր նշած մարդկանցից չի կարող վախենալ: Թող մասնակցեն, թող կռվեն: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց այն, որ մենք կրում ենք այն պատասխանատվությունը, որ անելու ենք ամեն ինչ, որ բոլոր դեպքերում այդ ընտրությունները լինեն առանց որեւէ խախտումների, միջադեպերի մենք դա ապահովելու ենք:   Ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ նպատակահարմար չէ հենց հիմա գնալ արտահերթ ընտրությունների: Բացի դրանից, քանի որ մեր առաջարկությունը երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն կիսում, հետեւաբար դա է խնդիրը, որ չենք գնում, թե չէ վախենալու մարդիկ չկան:

-Ըստ ընդդիմության՝ պարտված իշխանությունը, որը հանձնել է Արցախի մեծ հատվածը, պետք է հեռանա: Այսինքն՝ կապիտուլացիա ստորագրած ցանկացած ղեկավար հեռանում է: Դուք այդ կարծիքին չե՞ք:

-Թե՛ հեռանալու է, թե՛ մնալու է իշխանության,  դրա միակ որոշողը ժողովուրդն է: Դա հստակ ֆիքսված է մեր Սահմանադրությամբ, եւ ժողովուրդը քանի որ հիմա չի  ասում, որ պետք է հեռանանք, փաստացի մենք տեսնում ենք, որ այդ պահանջը չկա: Այդ պահանջը կա որոշ անհատների կողմից, որոնք մինչ այս պրոցեսներն էլ էին ասում այդ ամենը, ուղղակի մինչեւ այս մի փոքր մեղմ էին ասում, հիմա ավելի կոշտացրել են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲԵԼ

«Վազգեն Մանուկյանն առանձին չի գործում, կար հրատապ հավաքի անհրաժեշտություն, եւ քաղաքացիների հետ բաց զրույց իրականացվեց»,- «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկման ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

 

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իշխանափոխության հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Պահանջ կա, եւ այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա եւ կտեսնի: Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը համաժողովրդական ճնշման արդյունքում է լինելու, որեւէ մեկը թող չկասկածի: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա իր բնական իրավունքն է»,- ասել է նա եւ նշել, որ այդ ակցիաները լինելու են անհնազանդության, բողոքի հետեւողական քայլերի ձեւով:

«Քանի այս մարդը գտնվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, մեր երկրում չի լինելու կայունություն, խաղաղություն, գնալով մաշելու է: Կա հեռացման համաժողովրդական պահանջ, բայց այդ պահանջը այս պահին չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի»- ասել է նա եւ նշել, որ եթե համաժողովրդական պայքար լինի, ապա Նիկոլ Փաշինյանը կհեռանա:

Նա հարց է բարձրացրել, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետները, ԱԺ նախագահը պատերազմից երեք ամիս անց չեն գնում Արցախ: «Անտեր են թողել Արցախի ժողովրդին, Արցախը, վաղը անտեր են թողնելու Սյունիքը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այս իշխանությունները հասկացել են, որ ընտրության արդյունքում վերարտադրվելը մեծ խնդիր է լինելու իրենց համար:

 

 

 

ՉԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Դեռեւս հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը Հայաստանում երկրաձգել եւս կես տարով մինչեւ հուլիսի 11-ը: 4-ամսյա կարանտինը մինչեւ 2021թ. հունվարի 11-ն էր սահմանվել անցած սեպտեմբերին՝ մինչեւ այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Հիմա այն կտեւի մինչեւ հուլիսը: Կարանտինի երկարաձգմամբ պահանջ կա նաեւ, որ պետք է անպայման հանրային վայրերում քաղաքացիները դիմակ կրեն, ախտահանեն ձեռքերը եւ պահպանեն սոցիալական հեռավորություն: Չնայած այդ պահաջները սահմանել են հայրենի գործադիր մարմնում, բայց, արի ու տես, օրենսդիր մարմնի ղեկավար կազմն անգամ չի հետեւում այդ կանոններին: ArmLur.am-ի տեսախցիկը երեկ խորհրդարանի դահլիճում ֆիքսել է բոլոր այն պատգամավորներին, ովքեր խորհրդարանի դահլիճում դիմակ չեն կրում:

Ի դեպ, նշենք, որ տեւական ժամանակ է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը խորհրդարանի դահլիճ չէր մտնում այն բանի համար, որ վիջինիցս պահաջնում էին անպայման դիմակ կրել: Մայիսի 26-ին անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատողություն տվեց Գեւորգ Պետրոսյանին ու դահլիճից դուրս հրավիրեց: Պետրոսյանն այդպես էլ դիմակ չկրեց ու երեկ խորհրդարանի դահլիճում էր առանց դիմակի, քանի որ նույն Միրզոյանն ինքը չի պահպանում կանոնները: Նշենք նաեւ, որ փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 676 դեպք, որոնցից 160 670-ը` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ:

 

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաեւը երեկ տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը. հայտնում են կառավարությունից: Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է նեյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաեւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:

 

 

 




Լրահոս