ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ ՀԵՐՔԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն այդպես էլ ամբողջությամբ չհերքեցին, որ, նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարությունից բացի, այլ փաստաթուղթ առկա չէ: Բանն այն է, որ  2020 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ չգտած բազմաթիվ գործողություններ (օրինակ՝ Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումը, որը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի համաձայնությամբ-խմբ.) իրականացվում են բանավոր պայմանավորվածությամբ: «Կան նաեւ որոշակի անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն բանակցային գործընթացում: Այս պահին որեւէ կոնկրետ թուղթ չկա՝ սեղանին դրված, բայց բանակցություններ պետք է տեղի ունենան, որտեղ բազմաթիվ անորոշություններ պետք է որոշակիացվեն»,- ասաց նա:

 

Իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դրանից օրեր անց բացեիբաց հայտարարեց, թե, բացի հայտնի փաստաթղթից,  որեւէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։ «Բազմաթիվ անգամ ասվել է, որ, բացի նոյեմբերի 9-ին հայտարարված փաստաթղթից, ոչ մի այլ փաստաթուղթ գոյություն չունի, չկա նաեւ բանավոր որեւիցե պայմանավորվածություն»:

Սակայն համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու, որ, բացի հայտնի  փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ եւս կա։ Փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է.«Հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումները Ադրբեջանի Զանգելան եւ Կուբաթլու շրջաններից»։ Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն եւ ԱՀ-ն համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։

Եվ, ի հակառակ այս հայտարարությունների, արդեն փետրվարի 10-ին՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փակագծեր բացեց՝ ըստ էության հաստատելով, որ այդպիսի փաստաթուղթ առկա է: «Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, եւ փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ընդհանուր օգտագործման ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, եւ դա, բացի Ձեր նշած երկու հայտարարություններից, միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի, մնացած բոլոր հարցերով, եթե ավելի դետալացված պատասխաններ եք ցանականում ստանալ, առաջարկում եմ դա անել հանձնաժողովների ֆորմատով կամ խմբակցության հետ հանդիպման ֆորմատով»,- հայտնեց փոխվարչապետ Ավինյանը:

Այսպիսով, հերթական անգամ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրարամերժ հայտարարություններ են անում, եւ հանրության համար բացահայտվում են հանգամանքներ, որոնք անսպասելի են: Հավելենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանվում է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ՝ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։

Ն.Հ.

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՇՈՇ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով: Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել է, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ բնակիչներին համայնք վերադառնալու ուղղությամբ, գյուղում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, վերադարձել է բնակչության կեսից ավելին: Պատերազմական գործողությունների հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Համայնքի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում տարվում են իրազեկման միջոցառումներ՝ կյանքին եւ առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ:

 

 

 

ՀՈՒՆԻՍԻՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսին: Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ եթե իշխանությունն իսկապես ունի այն վարկանիշը, որի մասին հայտարարում է, ապա նրանք պարտավոր էին ընտրություններ անցկացնել, եւ այդ ժամանակ ամեն ինչ վերջնական պարզ կդառնա: «Արտահերթ ընտրությունները հետաձգվեցին, եւ ես կարծում եմ, որ դրանք հունիսին կանցկացվեն: Հենց հունիսին կտեսնենք այդ վարկանիշը: Մի բան պարզ է. իշխանությունը հանգիստ փողոցով քայլելու հնարավորություն չունի: Դա տեռոր չէ, սակայն նրանց կայացրած որոշումների պատճառով նրանք երես չունեն: Դա՞ է ձեր վարկանիշը»,- ասել է Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները դեռ չեն գիտակցում իրենց դրության ողջ բարդությունը:

 

 

 

ԱՐՁԱԿԵԼ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Շվեդիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին արագացնել հայ ռազմագերիների վերադարձը: Ըստ Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության՝ խորհրդարանական խմբի անդամներ Արին Կարապետը, Բյորն Սյոդերը եւ Ֆրեդրիկ Մալմը մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման առնչությամբ: Նրանք ընդգծել են, որ այդ երկիրը քաղաքականացնում է մարդասիրական հարցը՝ միեւնույն ժամանակ փորձելով արգելել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչի հետեւանքով խոչընդոտվում է ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու հնարավորությունը:  Ռազմագերիների՝ առանց նախապայմանների եւ անհապաղ վերադարձը կլինի առաջին քայլերից Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ վստահության վրա հիմնված մթնոլորտի վերականգնման ճանապարհին:

 

 

ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում 2020-ին՝ համավարակի եւ պատերազմի տարում, նվազել են բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները, զուգահեռ Երեւանում ավելացել են դրանց միջին գները: 2020-ին եղել է բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման 17 հազար 99 գործարք՝ 2019-ի 24 հազար 131 գործարքի համեմատ: Ընդ որում, 2020-ին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի 12 հազար 635 գործարք՝ 2019-ի 17 հազար 452-ի համեմատ:

Երեւանում բոլոր վարչական շրջաններում 1 քմ մակերեսի հաշվարկով բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ավելի բարձր են եղել, քան 2019-ին: Օրինակ, Կենտրոնում 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 644 հազար 800 դրամ՝ 2019-ի 607 հազար 400-ի նկատմամբ, Դավթաշենում 2020-ին եղել է 313 հազար 600՝ 2019-ի 286 հազար 100-ի նկատմամբ: Նվազել է նաեւ բնակելի տների օտարման գործարքների թիվը: 2020-ին բնակելի տների օտարման 10 հազար 895 գործարք է գրանցվել՝ 2019-ի 12 հազար 782 գործարքի դիմաց: Ընդ որում, բնակելի տների առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 7133, իսկ 2019-ին՝ 7 815:  Անշարժ գույքի առուվաճառքի գործարքները 2020-ին եղել են 46 հազար 159, իսկ 2019-ին՝ 51 հազար 508:

 

 

 

ԳՆԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Արցախի սպառողական շուկայում այս տարվա հունվարին, 2020 թվականի  դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 2 տոկոս գնաճ: Ըստ Արցախի ազգային վիճակագրական ծառայության՝ սպառողական շուկայի գների այս ցուցանիշը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5,5 տոկոս գնաճով: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն աճել են 5,1 տոկոսով,  ոչ պարենային ապրանքների գները՝ 0,8 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները նվազել են 1,6 տոկոսով: Ըստ դիտարկվող քաղաքների՝  սպառողական գների ինդեքսը 2021 թվականի հունվարին, 2020թ. դեկտեմբերի համեմատ, կազմել է  Ստեփանակերտում 2,4 տոկոս, Ասկերանում` 1,6 տոկոս, Մարտակերտում՝ 1.5 տոկոս, Մարտունիում՝ 1 տոկոս:

Այս տարվա հունվարին, 2020 թվականի հունվարի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 2,9 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը)՝  5,2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,6 տոկոս, իսկ ծառայությունների սակագներինը՝ 0,4 տոկոս:

 

 




Լրահոս