Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքից մանկահասակ երեխայի մահվան գործով մեղադրանքներ են առաջադրվել երեխայի մորը, խորթ հորը եւ խորթ տատին. հայտնում է Քննչական կոմիտեն: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործին միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խորթ հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով, երեխայի մորը եւ խորթ տատին մեղադրանք է առաջադրվել՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:
Փոքրիկի մոր եւ խորթ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ խորթ տատի նկատմամբ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս» ԲԿ է տեղափոխվել մանկահասակ, 01.08.2019թ. ծնված տղա երեխա, որի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի շրջանում. դատաբժշկի եզրակացության համաձայն՝ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային փակ տրավման:
Ինչպես փոխանցել էին Քննչական կոմիտեից, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարմնական վնասվածքները պատճառվել են երեխայի ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր եւ խորթ տատի կողմից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են երեխայի մահվան մի շարք հանգամանքներ:
«Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մանկահասակ երեխան հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, որի ընթացքում խորթ հայրը, չհամակերպվելով եւ չհանդուրժելով երեխայի անդադար լացի ձայնը, կնոջ եւ մոր հետ երեխային ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար, միմյանց հաջորդելով եւ փոխլրացնելով, օրեր շարունակ՝ օրվա տարբեր ժամերին, ձեռքերով հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, որին զուգահեռ հայրը, երեխայի նկատմամբ ակնհայտ հակակրանք դրսեւորելով, նաեւ հայհոյել է, իսկ փոքրիկի մայրը եւ տատը, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով նրան խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ՝ երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով», – հայտնում է ՔԿ-ն:
2021թ. փետրվարի 6-ին խորթ հայրը, ըստ իրավապահ կառույցի, վերջնականապես չհամակերպվելով եւ չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը՝ վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ժամը 20:00-ի սահմաններում հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետեւանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետեւ բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի եւ մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով՝ երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին, մահացել է:
ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ
2021թ. փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիս քաղաքի տներից մեկում գտնվում է նույն տան 1991թ. ծնված բնակչի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի վայր են մեկնել վերոնշյալ քննչական բաժնի քննիչները եւ իրականացրել զննություն: Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 12-ին Գորիսի 30-ամյա բնակիչը իր տան ննջասենյակում ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված հրազեն հանդիսացող «ԸԽ» տեսակի ինքնաձիգից ծնոտի ուղղությամբ կրակոց արձակելու եղանակով ինքնասպան է եղել: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «ԸԽ» տեսակի ինքնաձիգը` ապահովիչը մենահատ կրակի դիրքում, փամփշտանոցում՝ 1 փամփուշտ: Վերցվել են կրակոցի արգասիքներ, հագուստներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները եւ աշակերտները՝ տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։ Մասնավորապես, նրանք նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնում նշանակելու մասին որոշման կայացման գործընթացում հաշվի չի առնվել իրենց կարծիքը։ Բարձրացված բողոքներով դիմումատուները նշել են, որ տնօրենի թափուր պաշտոնի նշանակման գործընթացում չեն պահպանվել օրենքով սահմանված պահանջները, այդ թվում՝ ժամկետները, իսկ հավակնորդների հետ անցկացված հարցազրույցը չի ունեցել իրավական հիմք։ Դրանից բացի, մի շարք ուսուցիչներ եւ աշակերտների ծնողներ ահազանգեր են փոխանցել իրենց նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։ Հաշվի առնելով, որ տեղի ունեցած վարչական ընթացակարգերը բացասական են ազդել հատկապես երեխաների իրավունքների վրա, դպրոցում խաթարված է ուսումնական գործընթացները, առկա է լարվածություն՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման վարույթ։ Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ Շիրակի մարզպետին ու ՀՀ փոխվարչապետին։
ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում մեկնարկեց 2021թ. ձմեռային զորակոչը: Համայնքի բնակիչները, զինակոչիկների հարազատները ջերմ ու երկարատեւ ծափողջույններով դիմավորեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնողներին։ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության՝ Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, զորակոչիկներին անփորձանք ծառայություն մաղթելով, հավելեց, որ զորակոչիկներին ուղարկում են հայող բանակը հզորացնելու, եւ մեր հայրենիքի որ անկյունում էլ նրանք ծառայեն, այն բոլորիս տունն է։ Բերդ քաղաքի եւ Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը բարեմաղթանքներով, օրհնությամբ եւ Տերունական աղոթքով ճանապարհեց զորակոչիկներին՝ ասելով. «Խնդրում եմ, գնացե՛ք եւ հզորացրե՛ք հայոց բանակը: Գնացե՛ք եւ փրկե՛ք մեր պատիվն ու արժանապատվությունը: Միայն ուժեղ բանակ ունենալու դեպքում մենք կկարողանանք ապրել խաղաղ երկնքի ներքո: Թող Աստծո օրհնությունը ձեզ հետ լինի, ծառայե՛ք խաղաղությամբ»:
ՀԻՄՆԱԴՐԱՄ ՝ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բերդավան գյուղը շուրջ 3500 բնակիչ ունի։ Համացանցում իրազեկում է կատարվում «Բերդավան» հիմնադրամի ձեւավորման մասին։ Այդ հիմնադրամի ֆինանսներով նախատեսվում է Բերդավան գյուղում իրականացնել բազմաթիվ ծրագրեր եւ լուծել հրատապ խնդիրներ։ Բարեգործական հիմնադրամի ստեղծման նախաձեռնության հեղինակները Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մի խումբ բերդավանցիներ են, որոնց շնորհիվ արդեն որոշակի աշխատանքներ են արվել։ Բերդավանից դուրս ապրող բերդավանցիները ծանոթ են հիմնադրամի ստեղծմանը եւ այդ գործին մասնակցություն են ցուցաբերում։ Հիմնադրամին անդամագրվելու համար Հայաստանում բնակվողները հիմնադրամի հաշվեհամարին ամեն ամիս կվճարեն 2000 դրամ, Ռուսաստանում բնակվողները՝ 500 ռուբլի, արտերկրում բնակվողները՝ 5 եվրո կամ 5 դոլար։ Հիմնադրամի կազմակերպիչներն ասում են, որ ներկա փուլում իրենց նպատակը մեծ գումարներ հավաքելը չէ, այլ հիմնադրամի օգնությամբ բերդավանցիներին համախմբելն է մեկ գաղափարի շուրջ, այն է՝ նեցուկ եւ աջակից լինել այն մարդկանց, որոնք բնակվում են սահմանապահ գյուղում եւ մտադիր են հիմնադրամի աջակցությամբ շենացնել հայրենի գյուղը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ