Երեւանի ավագանին երեկ արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում երեք հարց է, որոնցից երկուսը՝ համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։ Առաջին հարցը Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին է։ Ավագանին հաստատեց «Երեւան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
Արդյունքում Երեւան քաղաքի՝ 2021թ. բյուջեի ծախսերը ավելացան 15,693,410.1 հազար դրամով, դեֆիցիտը ավելացավ 15,693,410 հազար դրամով։ Երեւան քաղաքի՝ 2021թ. բյուջեի եկամուտների մասում վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների մուտքերը նվազեց 2,072,329.4 հազ. դրամով, որի արդյունքում 2021թ. բյուջեի եկամտային մասը մնաց անփոփոխ: Երեւան քաղաքի՝ 2021թ. բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն փաստացի կազմել է 23,633,410.1 հազ. դրամ: Հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները՝ սույն որոշման նախագծով ճշգրտվեց տարեսկզբի ազատ մնացորդի գումարը 15,693,410.1 հազ. դրամով, որից 14,086.7 հազ. դրամը ուղղվեց նախորդ բյուջետային տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով՝ առկա պարտավորությունների մարման, իսկ ճշտման ենթակա տարեսկզբի ազատ մնացորդի տարբերության գումարը բաշխվեց հետեւյալ կերպ. «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրին հատկացվող գումարն ավելացավ 111.1 հազ. դրամ՝ մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման մասով որպես պարտքի մարում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասով: «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպում» ծրագրին ավելացավ 4.2 հազ. դրամ՝ հեռախոսային կապի պարտավորության մարմանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մասով:
«Նախագծային աշխատանքներ» ծրագրի համար ավելացավ 765.0 հազ. դրամ՝ նախագծահետազոտական աշխատանքների մասով, առկա պարտավորության մարման նպատակով:
«Քաղաքացիական պաշտպանությանն աջակցություն» ծրագրին ավելացվեց 15,000.0 հազ. դրամ Երեւան քաղաքի փրկարար ծառայությանը աջակցելու նպատակով:
«Ոռոգման ցանցի կառուցում եւ վերանորոգում» ծրագրով նախատեսված գումարը ավելացավ 20,100.0 հազ. դրամով, որից 12,100.0 հազ. դրամը նախատեսվում է ուղղել 16-րդ թաղամասում պոմպակայանի կառուցմանը, իսկ 8,000.0 հազ. դրամը՝ Երեւան քաղաքի՝ 2020թ. մեկնարկած Արտեմ Միկոյանի փողոցում խորքային հորի կառուցման աշխատանքների շարունակմանը: «Եվրոպական միությունը Երեւանի արեւային համայնքի համար» դրամաշնորհային ծրագրին 2020թ. ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորության մարման նպատակով նախատեսվեց 8,200.0 հազար դրամ:
528,374.3 հազ. դրամով ավելացվեց «Մայրուղիների եւ փողոցների վերակառուցում եւ հիմնանորոգում» ծրագրին, որից 12,000.0 հազ. դրամը, նախահաշվային արժեքների ճշտումից ելնելով, ավելացվեց Երեւան քաղաքի՝ 2021թ. բյուջեով հաստատված մայթերի վերանորոգմանը, 70,0 հազ. դրամը՝ 2020թ. բյուջեով՝ մայթերի վերանորոգման շրջանակներում տեխնիկական հսկողության պայմանագրային պարտավորությունները ավարտին հասցնելու նպատակով, իսկ 516,304.3 հազ. դրամը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020թ. դեկտեմբերի 24-ի հ. 2143-Ն որոշմամբ Երեւան քաղաքի Մամիկոնյանց եւ Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների հանրության գերակա շահի ճանաչումը, նախատեսել Երեւան քաղաքի Մամիկոնյանց եւ Արամ Խաչատրյան փողոցների միացնող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների ձեռք բերման եւ գոյություն ունեցող գույքերի փոխհատուցման նպատակով։ «Բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգում» ծրագրով նախատեսվեց 3,600.0 հազ. դրամ 2020թ. մեկնարկած Դավթաշեն վարչական շրջանում հարթ տանիքների վերանորոգման գծով աշխատանքների շարունակության ապահովման նպատակով։
«Բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգում» ծրագրով նախատեսվեց 50,500.0 հազ. դրամ, որից 37,200.0 հազ. դրամ ուղղվեց Նազարբեկյան թաղամասի հ. 48 շենքի տանիքի հիմնանորոգմանը, իսկ 13,300.0 հազ. դրամ գումարը՝ Ռայնիսի 1 շենքի տանիքի հիմնանորոգմանը:
«Բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում ու պահպանում» ծրագրով՝ «Ակտիվ Քաղաքացի» ծրագրի շրջանակներում հատկացվեց 18,812.0 հազ. դրամ, որից 8,812.0 հազ. դրամը՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան 54 բակային տարածքի հիմնանորոգման, իսկ 10,000.0 հազ. դրամը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 127 դպրոցի հարակից տարածքում խաղային եւ բակային տարածքի կառուցման աշխատանքների շարունակման նպատակով:
«Երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանություն» ծրագրով՝ սոցիալապես անապահով երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հավասար հնարավորությունների ապահովման նպատակով նախատեսվեց 5,000,0 հազ. դրամ:
«Ընտանիքում երեխայի ապրելու իրավունքի ապահովում» ծրագրով՝ մանկալքության դեպքերի կանխարգելման եւ տրամադրվող համալիր աջակցության միջոցով երեխայի ապրելու իրավունքի ապահովման նպատակով նախատեսվեց 7,900,0 հազ. դրամ:
«Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրով նախատեսել 50,000,0 հազ. դրամ:
Ն. Պ.
ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՎԵԼ ԵՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն եւ 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում մեղմացվել են դպրոցներում եւ մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությթունից:
Այսպես, սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։
Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։
Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում եւ վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։
Սննդի կազմակերպման տարածք սովորողների մուտքի արգելքը չի տարածվի մասնագիտացված եւ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա, որտեղ սննդի կետերում պարտադիր է ապահովել առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 6-րդ հավելվածի պահանջները:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելություն կատարելու սահմանափակումը եւս մեղմացվել է։ Սահմանվել է, որ մանկապարտեզները ձեռնպահ են մնում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց՝ բացառությամբ այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք եւ ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար, կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանվել է 20՝ 18-ի փոխարեն։ Սոցիալական տարածությունը 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր։
ՑԵՑ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Ռուսաստանի Դաշնության անասնապահական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր»)՝ Մոսկվայի եւ Տուլսկի մարզերի գծով վարչությունը համավամերիկյան ցեց է հայտնաբերել Ադրբեջանից Մերձմոսկվա ժամանած լոլիկի խմբաքանակում: Այս մասին հայտնում է քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը: «Բուսասանիտարական վերահսկման անցակետում ստուգման ժամանակ Ադրբեջանից ներկրված 17.1 տոննա կշռող լոլիկի խմբաքանակի մեջ վնասատու օրգանիզմ է հայտնաբերվել, որը կարանտինային է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Խոսքը հարավամերիկյան ցեցի մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կարանտինային օրգանիզմի կենսունակ վիճակում առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ: «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչությունը ծանուցել է բեռի տիրոջը կարանտինային արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Սեփականատերը որոշում է կայացրել ախտահանում իրականացնել:
Գերատեսչությունից հայտնել են, որ թարմ լոլիկների վարակված խմբաքանակն ախտահանվել է:
ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի պետական մարմիններին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու տուժած շրջաններում բնակվող բնակիչների նորմալ կենսագործունեության ապահովման համար պայմաններ ստեղծելու հարցում։ Տեղեկացվում է, որ ադրբեջանական կողմի զինվորականների խնդրանքով՝ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղով Ադրբեջանի Հանրապետության երկու շարասյուն ավտոմոբիլային տեխնիկայի անվտանգ տեղաշարժը։ Ավելի քան 60 բեռնատար մեքենա շինանյութ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխել է Շուշի։
ՌԴ պաշտպանության նախարարությունից նշում են, որ ռուս խաղաղապահները հետագայում եւս կնպաստեն եռակողմ հայտարարության անխախտ կատարմանն ու տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը։