ՀՀ կառավարության նիստում հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման եւ ուղղորդման կարգը, որը բխում է 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջից: Համաձայն կարգի` պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք չեն հաճախել դպրոց, որեւէ ուսումնական հաստատությունում երբեւէ հաշվառված չեն եղել, հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա մեջ ավելի քան 10 օր չհաճախած երեխաները, հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորած եւ տվյալ ուսումնական հաստատությունից դուրս մնացած մինչեւ 18 տարեկան երեխաները, ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի/նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա ուսումն անավարտ թողած երեխաները, տնային ուսուցման համակարգում հաշվառված երեխաները, եթե ՀՀ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնային ուսուցում փաստացի չի իրականացվում:
Նոր կարգավորմամբ՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ է կատարել դպրոցահասակ երեխաների հաշվառում եւ ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառների բացահայտում, ըստ անհրաժեշտության՝ երեխայի (ընտանիքի) համար սոցիալական աջակցության ծրագրի իրականացում, երեխայի կրթական կարիքների գնահատում եւ, ըստ անհրաժեշտության, անհատական ուսուցման պլանի մշակում, ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություն: Առնվազն երեք ամիսը մեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը» (ԿՏԱԿ), համեմատելով բնակչության պետական ռեգիստրի եւ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալներն իր համակարգի մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի տվյալների հետ, ներկայացնում է 6-18 տարեկան այն երեխաների ցուցակը, որոնք որեւէ հաստատությունում հաշվառված չեն: Բացահայտված երեխաների ցուցակները, ինչպես նաեւ էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազան հասանելի կլինի շահագրգիռ պատասխանատու կառույցներին, որոնք ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու հասանելիություն կունենան:
Կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալները հասանելի են լինելու նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններին, խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, հանրապետական եւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, ինչպես նաեւ ոստիկանությանը, տարածքային կառավարման մարմիններին, ուսումնական հաստատություններին (իրենց սովորողների մասով):
Սահմանվում են նշված կառույցների հետ իրավահարաբերությունները, ինչպես նաեւ հնարավոր դեպքերը երեխաների՝ կրթությունից դուրս մնալու, նրանց կրթության համակարգում ներառելու վերաբերյալ: Հստակեցված է նաեւ ծնողի դիմումի հետեւանքով ուսումը կիսատ թողնելու հանգամանք: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը, ծնողի դիմումի հիման վրա, երեխային հանում է հաշվառումից, եթե դիմումում հստակ նշված է տեղափոխման վայրը, առկա է համապատասխան ուսումնական հաստատությունից երեխային ընդունելու վերաբերյալ համաձայնություն:
Դիմումում նշված հաստատությունում չհաշվառվելու դեպքում ընդունող հաստատությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում բացում է նոր հայտ` սոցիալական դեպք վարելու եւ երեխայի՝ հաստատություն հաճախելն ապահովելու համար: Նշենք, որ «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:
154 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 154 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168 830 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 676 431, վերջին մեկ օրում` 2893 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4066 պացիենտ. մեկ օրում նվազել է 19-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 160 838 անձ, վերջին մեկ օրում՝ 168 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3138 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 788 է:
ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՊՂԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՎ
Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել-չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: «Համացանցում հրապարակումների հիման վրա՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստում»,- հայտնել են ՀՀ ոստիկանությունից: Վերջին ամիսներին սա հուշարձանի պղծման երկրորդ դեպքն է: Հիշեցնենք, որ «Ապրել- չմոռանալ» հուշարձանը նվիրված է Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑՆԵՐ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված եւ Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել եւս 5 գերի: Բաքվից Երեւան ժամանած ինքնաթիռը վայրէջք էր կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ նույն օրը Հայաստանից Ադրբեջան է վերադարձել 1 գերի: