Տարոն Զաքարյանը պատերազմի առաջին իսկ օրից կամավոր մեկնել է առաջնագիծ, մասնակցել է Մարտունու պաշտպանության համար մղվող ծանր մարտերին, եւ հերթական մարտերից մեկի ժամանակ նրա մարտական ընկերը՝ 18 տարեկան Սամվելը, ստացել է ծանր հրազենային վնասվածք՝ գլորվելով ձորը։
«Տարոնը կյանքս փրկեց, եթե մարդ չլիներ, հաստատ այնտեղ էի մնալու, ու շատ վատ էր լինելու»,- ընդգծում է ծանր վիրավոր Սամվել Գեւորգյանը, ում խոսքով՝ Տարոնն իրեն երկրորդ կյանք է պարգեւել:
ArmLur.am-ի հետ զրույցում Տարոնը պատմում է, թե ինչպես է մեծ դժվարությամբ թշնամու կրակի տակ թաքցնելով զինվորին՝ կարողացել դուրս բերել շրջափակումից եւ հասցնել հոսպիտալ։
«Մենակ չեմ եղել, Սամվելին կարողացել ենք դուրս հանել, կյանքը փրկել մեր մարտական ընկեր Սարգիսի հետ, ում հետ, ցավոք սրտի, պատերազմից հետո կապը կորել է, բայց հուսով ենք՝ նորից իրար կհանդիպենք: Սամվելը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել հակառակորդի դիպուկահարի կրակից, մոտ մեկ ժամից ավելի նրան ուշադրություն չենք դարձրել, ապա նկատելուց հետո, խրամատում առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո մի կերպ կարողացել ենք հրետանում արկերի տակից դուրս բերել նրան անվտանգ գոտի, ապա ընկել ենք շրջափակման մեջ եւ մոտավորապես մեկ-երկու ժամ մնացել ենք ճահիճների մեջ, հետո Սամվելին պահել ենք խոտերի տակ, որպեսզի թշնամու կողմից չնկատվի, որից հետո փորձել ենք մի կերպ կապ հաստատել հրամանատարական կետ, տեղեկացնել Սամվելի մասին, ապա թիկունքից երեք հոգի մոտեցել են մեզ եւ զինվորին հասցրել են հոսպիտալ: Սամվելը 24 օր մնացել է կոմայի մեջ, երբ կոմայից դուրս է եկել, առաջին օրը եկել եմ իրեն տեսակցության: Ամբողջ 24 օրերի ընթացքում աղոթել եմ Սամվելի առողջության համար, որպեսզի շուտ վերականգնվի»,- նշում է մեր զրուցակիցը:
Տարոնի խոսքով՝ երբ լսել է Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման մասին, անմիջապես կամավորագրվել է եւ մեկնել առաջնագիծ: Տարոնը շուրջ 35 օր մասնակցել է Մարտունու համար մղվող ծանր մարտերին. «Իրենք շատ ուժեղ զինված էին, միակ խնդիրն այն էր, որ մենք թվաքանակով իրենցից ավելի քիչ ենք եղել. չնայած մեր սակավությանը՝ մինչեւ վերջ կռվել ենք: Թշնամին անդադար արկակոծել է, երբեմն է եղել դադարը, այն էլ մի քանի ժամով՝ գիշերվա ուշ ժամերին: Առավոտյան նորից նույն ձեւով սկսել են ռմբակոծությունը: Չգիտեմ, հիշողությունները շատ-շատ են, այն, ինչ տեղի ունեցավ, ոչ մի բանի հետ չես կարող համեմատել»:
Պատերազմից հետո մարտական ընկերները գտել են իրար, մեկը մյուսին է պարտական իր կյանքի համար, իսկ ոգին մարտական է, լիահույս են, որ շատ մոտ ապագայում մեր կորցրած հայրենիքը կվերականգնեն:
«Հավատում եմ, որ մի օր անպայման հետ ենք բերելու մեր կորցրածը: Մեղավորներ փնտրել չեմ ուզում, բոլորս ենք մեղավոր եւ պատասխանատու այն ամեն ինչի համար, ինչ կատարվեց Արցախում: Միայն կհավելեմ, որ մեր փրկությունը մեր բանակի հզորության մեջ է»,- ավելացնում է մեր հերոսը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ՝ ՀԱՄԵՐԳԻՆ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայացած համերգ-շնորհանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվել են Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ ռոյալ, գոսեր, մեծ եւ փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Շնորհանդես-համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, եւ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգային ծրագրում՝ «Յ. Ս. Բախ. Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր», «Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ»» լարային նվագախմբի եւ հարվածայինների համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը: Համերգային ծրագրի մեկնարկից առաջ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան նշել է, որ Հայաստանն իր բնույթով ամենաերաժշտական ազգերի շարքին է պատկանում, եւ չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։
«Ճապոնիայի համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում երաժշտական կյանքի զարգացմանը։ YAMAHA բրենդը մարմնավորում է ճապոնական մոտեցումն առ կատարելությունն ու մշտական նորարարությունը, եւ մենք ըստ արժանվույն ենք գնահատում այդ ապրանքանիշի հիանալի ապրանքները։ Հուսանք, որ լիարժեք եւ բուռն երաժշտական կյանքի վերսկսմանը զուգահեռ Հայաստանը վստահորեն առաջ կշարժվի՝ հաղթահարելով նախորդ տարվա բոլոր դժվարությունները։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին մեծ վերականգնման եւ նոր ձգտումների այս ժամանակաշրջանում»,- ընդգծել է դեսպանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այն, ինչ այսօր ձեռք է բերել Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, երաժշտասեր հանրության եւ մասնագիտական համայնքի նվաճումն է։ «Երաժշտական բարձրակարգ գործիքների առկայությունը գույքային ձեռքբերում չէ, այլ մասնագիտական աճի, գեղարվեստական որակի ապահովման եւ միջազգային հարաբերությունների ընդլայնման գրավական։ Լայն իմաստով՝ երաժշտական գործիքների անհրաժեշտություն կա երաժշտական արվեստի տարածման եւ պահպանման բոլոր կառույցներում, ուստի յուրաքանչյուր աջակցություն այս խնդրի կարգավորման ուղղությամբ պահանջված է եւ մեծապես գնահատելի»,- նշել է Արա Խզմալյանը եւ նման նշանակալի մշակութային իրադարձության ու գործադրվող ջանքերի հետեւողականության համար իր երախտագիտությունը հայտնել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային եւ ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանին:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
Երեւանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվող Բրանկո Միհայլովիչի հետ. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն: Նա հանդես է եկել նաեւ սերբական «Տելեոպտիկ», «Ռադ» եւ «Չուկարիչկի», Չեռնոգորիայի «Լովչեն», Հունգարիայի «Դիոշդյորի» ակումբներում, ներկայացրել է Սերբիայի Մ-19 հավաքականը: Միհայլովիչը 4 տարի անցկացրել է Իսրայելում` խաղալով «Հապոել» ակումբներում (Քֆար Սաբա, Պետահ Տիկվա եւ Ակրե) եւ խփելով ավելի քան 40 գոլ: Նրա նախորդ ակումբը Սերբիայի սուպերլիգան ներկայացնող «Մաչվան» էր:
ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
«Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն Շվեյցարիայում հեծանվային մարզման ժամանակ դարձել է պատահարի մասնակից: Լուգանո քաղաքի մոտ նրան հարվածել է մեքենա: 39-ամյա մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց: Նա չի կորցրել գիտակցությունը, սակայն բժիշկներն ունեն կոտրվածքների մտավախություն: Նոր մրցաշրջանում իսպանացի արշավորդը պետք է հանդես գար «Ռենո» թիմի կազմում, սակայն այդ միջադեպից հետո նրա վերադարձը կարող է հետաձգվել: 2018-ին Ֆերնանդո Ալոնսոն հեռացել էր «Ֆորմուլա-1»-ից «Մաքլարենում» անցկացրած 4 մրցաշրջաններից հետո: Նախկինում նա հանդես է եկել նաեւ «Ռենոյում» ու «Ֆերարիում»:
ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ
Australian Open-ի կազմակերպիչները պաշտոնական հայտարարություն են տարածել այն մասին, որը մրցաշարը կշարունակվի առանց հանդիսականների: Պատճառը 5-օրյա լոքդաունն է: Ավելի վաղ Վիկտորիա նահանգի ղեկավարությունը, որի կազմում է մտնում Մելբուրնը, հայտարարեցին 5-օրյա մեկուսացման մասին՝ սկսած փետրվարի 12-ից: Ավստրալիայի բաց առաջնության հանդիպումները շարունակվում են՝ անվտանգության կանոնների պահպանմամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ այն երկրպագուները, որոնք արդեն իսկ ձեռք էին բերել փետրվարի 13-ից փետրվարի 18-ի սեանսների տոմսերը, կստանան ֆինանսների ամողջական վերադարձ:
ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ
Ճապոնիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հեռացել է պորտուգալական «Պորտիմոնենսիից», որի կազմը համալրել էր մեկ շաբաթ առաջ: Փետրվարի 4-ին 34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ակումբի հետ, որը խնդիրներ է ունեցել նրան գրանցելու հարցում, դրա պատճառով Հոնդան խզել է պայմանագիրը եւ հեռացել: Կեյսուկե Հոնդայի նախորդ ակումբը բրազիլական «Բոտաֆոգոն» էր, որի կազմում նա խաղացել է 2020-ին: