Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. Բագրատունյանց փողոցում բախվել են Mercedes եւ Opel մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով տուժածներ չկան։ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, կոտրել հետիոտնի համար նախատեսված, մայթին տեղադրված ցուցանակը եւ բախվել երկաթե էլեկտրասյանը:
Լուսանկարը՝ shamhsyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Մրցութային հավասար միավորների դեպքում ո՞ր դիմորդներին է տրվում առավելություն:
Անի Օհանյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,
2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,
3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի:
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Հաշմանդամություն ունեցող անձինք ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել:
Տիգրանուհի Մելքոնյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ կարող են օգտվել սահմանված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու արտոնություններից: Նրանք ընդգրկված են անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում։ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք, իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ՝ համապատասխան վերականգնողական անհատական ծրագրին, պետական հավաստագրի հիման վրա։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ: