Ես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ Կազանյան փաստաթուղթը: Երեկ իր ծավալուն հարցազրույցի ժամանակ հայտարարել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Իսկ ինչ էր ենթադրում Կազանյան փաստաթուղթը: Փաստաթուղթը 2011 թվականին ընդունվել էր Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից Կազանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում:
Այն ենթադրում էր քայլերի հետևյալ հաջորդականություն.
- Հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից (ավելի քան 4 հազ. քառ. կմ):
- Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաև Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, կստանան արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
- Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցկացվում է քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը:
- Լեռնային Ղարաբաղում անցկացվում է վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն:
Հավելենք, որ Կազանի փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը՝ ներկայացնելով մոտ մեկ տասնյակ փոփոխություններ:
Կազանի փաստաթուղթն իր փիլիսոփայությամբ շատ մոտ էր 1997թ. փուլային տարբերակին, որին, բազմաթիվ վերապահումներով, Հայաստանի առաջին նախագահը իր համաձայնությունն էր տվել, սակայն իշխանության ուժային թևը՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դեմ էին եւ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:
Մանրամասները՝ տեսանյութում