Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը փետրվարի 15-ին Երևանում կազմակերպել է հանդիպում-քննարկում սփյուռքյան կազմակերպությունների հետ՝ հետպատերազմյան Արցախի առջև ծագած մարտահրավերների և դրանց լուծման գործընթացների վերաբերյալ, որի բանախոսներն էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայրենիքում գործունեություն ծավալող սփյուռքյան կառույցների մի խումբ ներկայացուցիչներ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը:
«Հումանիտար կարիքներից առաջինը բնակարանայինն է, և արդեն բնակարանաշինության մի քանի խոշոր նախագծեր են մեկնարկել: Այնուհետև սոցիալական-կենցաղային կարիքներն են, որոնց մի մասն արդեն բավարարվել է: Վերականգնողական կարիքները ներառում են և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական վերականգնումը, որոնց բավարարման ուղղությամբ ծավալուն գործ կա անելու: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել նաև ընտանիքների զարգացման կարիքներին՝ իրագործելով երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Վերջին կարևոր ուղղությունը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է, որտեղ նշանակալի դերպետք է ունենա համահայկական մասնագիտական ներուժի արդյունավետ իրացումը՝ Արցախում երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացում ապահովելու համար»,- նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից աշխատանքներ են տարվում մարդասիրական ծրագրերի համակարգման ինստիտուցիոնալ արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, և ակնկալվում է բոլոր փորձառու կազմակերպությունների մասնակցությունն այդ բարեփոխման մեջ:
Մանե Թանդիլյանը ներկայացրել է սոցիալական առկա կարիքները, կատարված աշխատանքները և ԱՀ ու ՀՀ պետական ծրագրերն այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության կողմից արդեն մեկնարկել է կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի արդյունքները հիմք կդառնան պետական ու բարեգործական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման համար:
Սա նման ձևաչափով առաջին համատեղ քննարկումն էր, որը տվեց իր գործնական արդյունքները տարբեր պայմանավորվածությունների տեսքով:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում մասնակիցների միջև: