
Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը։ Սա Արա Այվազյանի հերթական աշխատանքային այցն է Ռուսաստան, որի շրջանակում էլ կայանալու է հանդիպումը:
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով առավելապես հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա:
Նկատենք, որ Լավրովն ու Այվազյանը վաղը կխոսեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով սպասվող աշխատանքների մասին: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն պաշտոնական Բաքվի և Անկարայի, չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է։ Ավելին` Ռուսաստանի փոխարտգործնախարարն անցած շաբաթ շեշտել էր, թե համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը նորից օրակարգում է, և որ այդ խնդրով պետք է զբաղվի Մինսկի խումբը։
Նշենք, որ Այվազյանը Մոսկվա այցի նախօրեին՝ փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ։ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարները շեշտել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր են փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.