Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Մեկ հարց կա, պարո՛ն նախագահ, որին Դուք պետք է անձամբ պատասխանեք: Մենք հիմա պատերազմի մասին ենք խոսում, որը քիչ թե շատ դիվանագիտական գործընթաց է, և դրա տապալումը Ձեզ հետ քննարկեցինք: Պատերազմի ավարտից հետո , երբ Ալիևն այցելեց իրենց կողմից զավթված շրջաններ, խոսեց այն մասին, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին ու նրան, այլ Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին, և Ձեր ու Ռոբերտ Քոչարյանի բանակին է հաղթել, այսինքն՝ դուք պարտվե՞լ եք, ձեր ստեղծած բանա՞կն է պարտվել:

-Ալիևը, ես վստահ եմ, միշտ երազել է հաղթել մեզ, նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ, մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը պարտվել է ինձ, Ալիևը պարտվել է ինձ ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-ից 2018 թվականներին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել:

-Նա գիտի՞, որ սա վերջնական հաղթանակ չէ իր համար:

-Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին, կապիտուլյացիայի է ենթարկվել ո՛չ հայկական բանակը, ո՛չ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր թիմից գաղտնի: Ալիևը ինչ-որ առումով ճիշտ է, այո, հայկական բանակի ստեղծման գործում և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ ես, բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ, սպաներ մեծ դերակատարում են ունեցել, կապիտուլյանտն ի՞նչ դերակատարում է ունեցել, մեկ օր էլ հայկական բանակում չի ծառայել: Այդ առումով գուցե Ալիևը ճիշտ է, բայց եթե Ալիևի տեսակետից մոտենանք, դա նշանակում է, որ այս կապիտուլյանտին հաղթել է Էլչիբեյը, անտրամաբանական է նրա ասածը




Լրահոս